

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո առ այսօր անօթեւան մնացած 4000 ընտանիքի կենցաղային ծանր պայմանները վերջին շրջանում ստացել են, կարելի է ասել, միջազգային հնչեղություն: Հարցն արդեն օտարեկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, ինչպիսիք են Al Jazeera-ն, որը ուղիղ եթերում 40 րոպե է տրամադրել խնդիրը ներկայացնելու համար, ապրիլին այստեղ է գալու նաեւ BBC-ի նկարահանող խումբը, դե իսկ մինչ այդ՝ մարտի 19-ին տեղի է ունենալու բարեգործական աճուրդ, որին աջակցում են մշակույթի եւ սպորտի աշխարահռչակ գործիչներ: Այս բոլորին միավորել է ակտիվ երիտասարդների մի խումբ, որը նախաձեռնեց «SOS Գյումրի» շարժումը: Այսօր «Ռադիոլուր»-ը փորձել է միջանկյալ հաշվետվություն ստանալ, թե ինչ փուլում է բարեգործական նախաձեռնությունը:
Գյումրիի անօթեւաններից խիստ ծայրահեղ պայմաններում գտնվող 13 ընտանիքի խնդիր այս օրերին կարողացավ միավորել բազմաթիվ մարդկանց՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Աշխարհահռչակ մշակույթի գործիչներ եւ երաժիշտներ Շառլ Ազնավուրից, Սերժ Թանկյանից, Տիգրան Համասյանից մինչեւ մարզաշխարհի լեգենդներ, գործարարներ ու նույնիսկ միջազգային լրատվամիջոցներ:
Al Jazeera-ն արդեն իր ուղիղ եթերի 40 րոպեն հատկացրել է խնդրին, իսկ BBC-ին ապրիլին է նախատեսում գալ եւ դեռ տեսնել: «SOS Գյումրի» շարժումը մեկնարկեց որպես ակցիա 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո առ այսօր անօթեւան մնացածների խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու համար, բայց արդեն վերածվեց ավելի գլոբալ ծրագրի, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց շարժման ակտիվիստ եւ նախաձեռնող, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը: Այսօր ստացված նոր տեղեկությունը Հայկ Բարսեղյանն առաջինը փոխանցեց «Ռադիոլուր»-ին, նախ հստակեցնելով, որ դրամահավաքի սկզբնական պայմանները փոխվում են:
Նախկին պայմանով ժամկետ կար՝ մինչեւ մարտի 20-ը անհրաժեշտ գումարը չհավաքվելու դեպքում փոխանցումները հետ էին վերադարձվելու: «Եթե մենք շարունակեինք առաջին օրվա նման աշխատել, այսինքն՝ ամբողջ գումարները հավաքեինք այդ կայքում, ամեն ինչ այդպես կլիներ: Բայց քանի որ մենք ուղղությունը փոխել ենք, մեր հաշվեհամարներն ենք տրամադրել, որոնց վրա գումարներ են հավաքվել, մարդիկ մեզ կանխիկ գումար են տվել։ Բացի դրանից՝ մարդիկ կան, ովքեր տուն են գնելու, այդ դեպքում այստեղ հետ վերադարձնելու խոսք չկա: Մեր հավաքած գումարով ունենք երեք տուն գնելու գումար, Գագիկ Ծառուկյանը երկու տուն էր խոստացել բազմազավակ ընտանիքների համար եւ երկու տուն այսօր առավոտ են մեզ խոստացել: Այսինքն՝ այդ 7 տունը հաստատ կա, իսկ այն չորս խոստացված տունը հավանաբար կլինի, բայց դեռ չենք հրապարակում»:
Բայց սա դեռ ամենը չէ: Մարտի 19-ին նախատեսվում է բարեգործական աճուրդ: Նախնական տվյալներով՝ Երեւանում, Կասկադի հարեւանությամբ գտնվող Սարգիս Մուրադյանի պատկերասրահում: Արդեն հայտնի է, որ վաճառքի են դրվելու էքսլյուզիվ լոտեր, ուստի հնարավոր է աճուրդն ընթանա փակ պայմաններում՝ հնարավոր է լինեն հյուրեր, որ չցանկանան փաստը հրապարակվի:
Ուշագրավ լոտերի թվում են լինելու «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ, որի վրա նաեւ կոչ է գրված՝ «Օգնել Գյումրու անօթեւաններին», ձեռք է բերվել լոտ «Բարսելոնայից» ՝ դրոշ Մեսսիի եւ 10 աստղերի ստորագրությամբ: Կան նաեւ Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, «Արարատ-73»- ի լեգենդների ստորագրությամբ գնդակ եւ այլն:
Հայկ Բարսեղյանի ներկայացմամբ՝ ընտանիքները դեռ չեն ընտրվել: Կա որոշակի ցանկ, բայց «SOS Գյումրի» աշխատանքային խումբը սահմանել է հստակ մի քանի չափանիշ ու նաեւ ընտրության դեպքում խորհրդակցելու է տեղի իշխանությունների հետ: «Պայման համար մեկ՝ ունենանք Գյումրու իշխանությունը ներկայացնող մարդ, որից պետք է անպայման ճշտել ընտանիքների սուտ խոսելու գործոնը։ Գումարած դրան, այն տունը, որ նրանց կտրվի՝ պետք է արգելք դրվի վաճառքի մաքսիմում ժամկետով: Երեկ ենք որոշել, որպեսզի ոչ միայն ռիսկերը նվազեցնենք, այլեւ եղած գներն էլ գցենք, բնակարանների համար շուտով հայտարարվելու բաց մրցույթ, որի ժամանակ մարդիկ կներկայացնեն իրենց բնակարանի տվյալները՝ վիճակ, քառակուսի մետր, տեղ եւ գին: Կընտրվեն ամենալավ բնակարանները եւ ամենաքիչ գին առաջարկողի տունը կգնենք»:
Այս կերպ «SOS Գյումրի»- ն անուղղակիորեն պայքարում է նաեւ տնակների դեմ: Պայմաններից մեկն էլ հենց դա է՝ տուն ստացած ընտանիքի տնակը անպայման պետք է քանդվի: Տնակներից ազատվելու այլ տարբերակ չկա, քանի որ հայտնի են դեպքեր, երբ տուն ստանալուց հետո ընտանիքը շարունակում է ապրել տնակում:




