

Ընտրական օրենսգրքի նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում. Քիչ առաջ նախագիծը տեղադրվել է կառավարության կայքում: 200 էջանոց փաստաթուղթը, ըստ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի, ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, լրամշակված է և որոշակիորեն տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ուղարկված տարբերակից: Նախագծի բովանդակային քննարկումները կսկսվեն վաղը ՝ գործադիրի նիստից հետո: Նոր օրենսգրքի ընդունման վերջնաժամկետը, ըստ փոփոխված Սահմանադրության անցումային դրույթների, հիշեցնենք, հունիսի 1-ն է: Մինչ ԱԺ նիստերի դահլիճ հասնելը` նախագիծը խորհրդարանական լսումների, հանրային լայն քննարկումների առարկա կդառնա՝ վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները՝ այս կերպ պատասխանելով ընդդիմության այն մեղադրանքին, թե ընտրական օրենսգրքի մշակման գործընթացն ուղեկցվել է «գաղտնիության» շղարշով:
Մեղադրանքը, թե Ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներն ընթանում են դռնփակ, առանց քաղաքական ուժերի ու քաղհասրակության ներկայացուցիչների մասնակցության, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հիմնավոր չեն համարում: Առաջարկներ ներկայացելու փուլը դեռ առջևում է, ասում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Այն աղմուկը, որ փորձում են բարձրացնել, մեղմ ասած, տեղին չէ։ Կարծում եմ՝ նաև ազնիվ չէ։ Երբ նախագիծը հասնի Ազգային ժողով, բոլոր առաջարկները կարող են ներկայացվել»:
Հիմա պետաիրավական հանձնաժողովը մշակում է այն ժամանակացույցը, որով նախատեսում են կազմակերպել քննարկումները: Մինչև նիստերի դահլիճ հասնելը նախագիծը խորհրդարանական լսումների, հանրային լայն քննարկման առարկա կդառնա, բոլոր առաջարկները կքննարկվեն, վստահեցնում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Այդ վստահեցումները , միևնույն է, համոզիչ չեն ընդդդմադիրների համար: Մտահոգության առարկա հարցերի թվում է այն, թե ինչու է նախագիծը մինչև հրապարակվելն ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը համոզված է, որ իշխանությունը պետք է հակառակն աներ: «Պետք է բանակցեր սեփական հանրության հետ, փորձեր գալ նախնական մի նախագծի և հետո այն ուղարկեր Վենետիկի հանձնաժողով»:
Զուրաբյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի հավանությունից հետո սկզբունքային փոփոխությունների մասին խոսելն այլեւս ավելորդ կլինի:
Հանձանժողովի կարծիքը մեզ համար ոչ թե օրենք, այլ ուղեցույց է. այսպես է արձագանքում մտահոգությանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը: «Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագիծը և..և-երով, կամ..կամ-երով նախագիծ է: Այսինքն նույն հարցի մասին մի քանի տարբերակներ են ուղարկվել: Հանձնաժողովի կարծիքը մեզ միայն կարող է ուղղություն տալ, ուղղորդել և ոչ թե պարտադիր լինել»:
Ըստ Բաղդասարյանի՝ այն հիմնարար մոտեցումները, որոնք ներդրվելու են Ընտրական օրենսգրքի հիմքում, մանրակրկիտ և բազմակողմանի քննարկումներ են պահանջում։ Թե կոնկրետ որ մեխանիզմների մասին է խոսքը, փակագծերն առայժմ չեն բացվում՝ դիտարկմամբ, թե բոլոր հարցերի պատասխանը կտա նախագիծը հրապարակվելուց հետո:
Մինչ այդ` քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ընդդիմադիր ուժերը փորձում են համատեղել իրենց դիրքորոշումները և հանդես գալ առաջարկների միասնական փաթեթով: Այս միտքը հնչեց օրերս կազմակերպված հանրային քննարկման ժամանակ՝ պետք է առնվազն առանցաքային 3-4 հարցերի շուրջ միասնական, կոնսոլիդացված պահանջ ձևակերպել և պնդել դրանց ընդունումը:
Առաջարկը կարծես ընդունելի է ընդդիմադիր ուժերից շատերի համար, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում մի փաստի վրա: «Եթե ուշադրություն դարձրել եք, այս երկու ամիսների ընթացքում բոլորն ասում են՝ մենք առաջարկում ենք, որ ընդդիմությունը համախմբվի միասնական սկզբունքների շուրջ, բայց որևէ մեկը չի ասում՝ ես միանում եմ այդ առաջարկներին: Մեր քաղաքական դաշտի հերն անիծել է հենց այդ մոտեցումը ՝ իմ շուրջը պետք է համախմբվեք, իմ առաջարկներն են ճիշտ»:
Կկարողանա՞ն հաղթահարել այս մոտեցումն ընդդիմադիրները, թե ոչ , պարզ կդառնա առաջիկայում։




