
տեղադրված է ժամը 13։00- ին
լրացվել է ժամը 17։20- ին


Ձայների 79 կողմ, 11 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ առաջարկող օրինագիծը: Կառավարությունը փորձում է կարգավորել օբսիդիանի հանքավայրերի շահագործման պայմանները՝ նվազեցնելով սահմանված պետական տուրքի դրույքաչափը: «Տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի փաստաթղթավորված ձեռք բերման հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան»,- երեկ քննարկման ժամանակ ասել էր էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Ըստ նախագծի ՝ այսուհետ օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման համար կսահմանվի տարեկան 100 հազար դրամ տուրք: Նախագծի վերաբերյալ երեկ իր մասնագիտական վերապահումներն էր ներկայացրել Հրանտ Բագրատյանը. նա այսօր էլ դրանք հիշեցրել է քվեարկությունից առաջ, ինչին տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է արձագանքել:
Բագրատյանը հայտարարել է, որ նախագիծը տուրքի մասին չէ. «Եթե միայն քվերակելով է, բերեք քվեարկենք, Մուշն ու Վանն էլ միացնեք Հայաստանին, պրծնի գնա»: Օրենքը պետական տուրքի մասին է և վերաբերում է տուրքին՝ հակադարձել է Վարդան Այվազյանը ու նշել, որ երեկ քննարկված առաջարկներն օրենսդրական այլ կարգավորումներով լուծվելիք խնդիրներ են:




