Տնտեսական

Հայ ներդրողների հայացքը դեպի Հայաստան. Փարիզում կբացվի Հայկական գործարար գործակալություն

lusinevasilyan

Հայ-ֆրանսիական համախմբման անդամները ապրիլին Փարիզում հայկական միջազգային գործարար համաժողով են նախաձեռնում: Կազմակերպիչներն ակնկալում են հարյուրից ավելի հայ գործարարների մասնակցություն ավելի քան 20 երկրից, իսկ համաժողովի ավարտից հետո նախատեսում են ստեղծել մշտական գործող կառույց՝ Հայկական գործարար գործակալություն: Ո՞րն է հիմնական նպատակը, ի՞նչ է  ակնկալվում, ինչպե՞ս է նախապատրաստվում  համաժողովը. այս հարցերի մասին «Ռադիոլուրը» զրուցել է նախաձեռնության հեղինակներից Վարդան Գաբրիելյանի հետ:

 

Ապրիլի 18-ին Փարիզում նախատեսվում է Հայկական միջազգային գործարար համաժողով հրավիրել: Նախաձեռնության հեղինակները հայ-ֆրանսիական համախմբման անդամներն են: Նրանք հավակնոտ ու կարևոր նպատակ ունեն՝ մեկ կառույցի շրջանակներում համախմբել աշխարհի հայ գործարարներին ու  նրանց կապող ցանց ստեղծել:

Փարիզում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչն Վարդան Գաբրիելյանը, որը նաեւ հայ-ֆրանսիական համախմբման անդամներից մեկն է, ասում է՝ նախաձեռնությունը միանգամից չի ծնվել, հասունացել է տարիների ընթացքում՝ որպես գործարարների ցանկության արձագանք:

«Առևտրա-արդյունաբերական պալատի գործունեությունը, տարբեր խորհրդաժողովների արդյունքները, նաև ցանկությունը՝ ներդրումներ ուղղել Հայաստան, մեզ բերեցին այն գաղափարին, որ հայ գործարար կապերի ստեղծումը միայն հայրենասիրական հարթության վրա չի կարելի պահել, պետք է գործարարի հետ խոսել բիզնեսի լեզվով»,- ասում է։

Գործարարի հետ բիզնեսի լեզվով խոսելու համար էլ մտածում են ստեղծել մի կառույց. որն իր շուրջը կհամախմբի աշխարհի տարբեր կետերում աշխատող, բայց ընդհանուր  հետաքրքրություններ  ունեցող հայ գործարարներին:

Կազմակերպիչները նախատեսում են հաջողված փորձով, պատմությամբ ավելի քան 100 գործարարների ապրիլին համախմբել Փարիզում, նրանց հետ քննարկել այն ծրագիրը, որը նպատակ ունի ստեղծել համագործակցության ցանց հայ գործարարների, հայկական  ընկերությունների միջև, քննարկել կոնկրետ բիզնես ծրագրեր ու մշակել քայլեր, որոնք կնպաստեն դրանց իրագործմանը, «որոնց կարելի է ասել՝ եթե   ցանկանում եք Կիպրոսից  դեպի Ղազախստան, Հոնկոնգից  դեպի Ֆրանսիա գործեր կատարեք, իմացեք, որ կա այսպիսի մի կառույց»:

Քանի որ սկսել են նախապատրաստվել, արդեն կան նաև առաջին

տպավորությունները: Վարդան Գաբրիելյանն ասում է՝ առաջին արձագանքները 95 տոկոսով դրական են, իսկ մասնակիցների աշխարհագրությունը ՝ բավական մեծ: «Մասնակիցները, որոնք արդեն գրանցվել են Ռուսաստանից են, Հունաստանից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, իհարկե նաև Հայաստանից:  Այսինքն, սա Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների մակարդակով չէ, այլ այն տեսլականով, որ աշխարհի հայերի համար է: Այդ պատճառով է, որ դիմում ենք բոլորին, սակայն շատ հստակ խնդիր ունենք: Մեզ հետ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր իրենք են համոզված, որ սա իրենց համար է, որ իսկապես օգտակար միջավայր կարող ստեղծվել ՝ շարունակական և ապագայի  տեսլականով»:

Համաժողովի հաջորդ իսկ օրվանից կսկսի գործել գործակալությունը, որը պետք է դառնա նախանշված  ծրագրերի իրագործողը: Մշտապես գործող կառույցի ստեղծումով  փորձում են փոխել մոտեցումը, երբ  տնտեսական խնդիրների, համագործակցության մասին խոսվում է  համաժողովից համաժողով:

Գրասենյակի հիմնական անելիքը համարում են աշխարհում գործող հայկական ընկերությունների և հայ  գործարարների տվյալների բազայի ստեղծումը: «Սա առաջին փորձն է: Խոսքը համաժողովների, կոնֆերանսների մասին չէ, դրանք շատ են եղել: Խոսքը համախմբող  մի կառույցի մասին է: Ստեղծելու ենք տվյալների բազա, որում  տեղ են գտնելու յուրաքանչյուր գործարարի «տվյալները»:

Գործարար գրասենյակը կունենա մշտական աշխատողներ, որոնք կվարեն տվյալների բազան, կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը, կգտնեն դրանց իրագործման լավագույն ուղիները: Նպատակ ունեն ստեղծել  նաև ներդրումային հիմնադրամ: Վարդան Գաբրիելյանը նշում է, որ ներդրումները դեպի Հայաստան ուղղելը ոչ թե գրասենյակի ուղիղ առաքելությունն են համարում, այլ կարծում են, որ դա կլինի բիզնես գրասենյակի աշխատանքի արդյունքը:

«Այնպիսի պրոպագանդա չենք անում, որ պետք է Հայաստանում ներդրումներ անել: Ներդրումներ պետք է անենք դեպի կոնկրետ ծրագիր: Եթե ծրագիրը հաջողված է, ուրեմն պետք է մտածել ՝ որտեղ իրագործել: Բայց անկեղծ լինելու համար ասեմ, որ բոլորիս աչքերն ուղված են դեպի Հայաստան»:

Կարդացեք նաև

Back to top button