Հասարակություն

ՄԻԵԴ- ը Սաֆարովի հանձնման գործով պատասխանող է ճանաչել Հունգարիային եւ Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և վաղաժամ ազատ արձակելու գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին և պահանջել պաշտոնապես պատասխանել հայցադիմումին, հայտնում է «Արմենպրեսը»։

Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝  ՄԻԵԴ համապատասխան դիմում էին ներկայացրել Գուրգեն Մարգարյանի հարազատները, որոնց դատարանում ներկայացնում են ՄԻ եվրոպական փաստաբանական կենտրոնը, հայկական հասարակական Legal Guide կազմակերպությունը և Նազելի Վարդանյանը:

2004թ. փետրվարի 19-­ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31­ին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ Ալիեւն անմիջապես ներում էր շնորհել, զինվորական բարձր կոչում տվել եւ միանվագ վճարել 8 տարվա աշխատավարձը:

Նույն օրը պաշտոնական Երեւանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Կարդացեք նաև

Back to top button