
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին, հայտնում է Ermanihaber- ը:
Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին և ասորիներին (նրանց ովքեր դեռ ողջ են) և նրանց սերունդներին (մինչև 4-րդ սերունդ):
Համաձայն օրինագծի` Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը տրամադրվելու է կոտորածների ու բռնագաղթի ժամանակ Թուրքիայի տարածքում բնակված քաղաքացիներին:
Օրինագիծը տարածվում է նաև 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակեպված կոտորածներից տուժած հայերի, հույների ու հրեաների, ինչպես նաև նրանց սերունդների վրա:
Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, ըստ օրինագծի, պետք է ներկայացվի տվյալ ժամանակվա անձնագիրը, եկեղեցական արձանագրությունները, փոքրամասնությունների հիմնադրամների արձանագրությունները, Օսմանյան կայսրության փաստաթղթերը, ընդունող երկրների համապատասխան մարմիններից Թուրքիայից արտագաղթած լինելու մասին փաստաթուղթերը:
Նշենք, որ 2014 թվականի փետրվարին նմանատիպ օրինագիծ էր ներկայացրել նաև քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը, որը, սակայն, չէր ընդունվել։




