Հասարակություն

Հայաստանում արդարադատություն կա, բայց այն շատ խնդիրներ ունի. Արփինե Հովհաննիսյան

karenghazaryan
Հայաստանում արդարադատություն կա, բայց այն շատ խնդիրներ ունի եւ դրա կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե՛ դուք, թե՛ ես. միայն արդարադատության նախարարը չէ երկրում արդարության մթնոլորտի կերտման համար պատասխանատու, այլ ձեզնից յուրաքանչյուրն իր լիրավասությունների շրջանակում: Այս մասին այսօր հայտարարել է պաշտոնավարման 100-րդ օրվա, ինչպես նաեւ տարին ամփոփելու առիթով լրագրողների հետ հանդիպած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նախարարը ներկայացրել է ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես կարեւորելով, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ լուծվել է դատապարտյալների գերբնակեցման խնդիրը, ինչի մասին հաճախ շեշտել են նաեւ միջազգային կառույցները: Ըստ նախարարի` էական քայլ է նաեւ կատարվել պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ: Ակնկալվում է, որ Հայաստանում արդեն այդ ինստիտուտը կգործի հաջորդ տարի:

 

 

Բավականին բարդ է գլխավորել մի ոլորտ, որտեղ, ինչպես բոլորն են ասում, արդարության հետ կապված տաբեր ընկալումներ կան՝ ոլորտում կատարված աշխատանքները բավականին մանրամասն ներկայացնելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցադրումներին, խոստովանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Արդարության հետ կապված ընկալումների համար միայն ես չեմ պատասխանատու: Կան խնդիրներ: Դրանք օբյեկտիվ են: Դատական, քրեակատարողական, հարկադիր կատարման ոլորտներում կան խնդիրներ: Բոլոր տեղերում էլ կան խնդիրներ, որովհետև եթե համակարգը աշխատում է, թերություններ ու խնդիրներ նաեւ չեն կարող չլինեն, բայց կան համակարգային խնդիրներ, որոնց ուղղությամբ մենք անելիքներ ունենք ու Սահմանադրական փոփոխություններով մի շարք հայեցակարգային մոտեցումներ են փոխվել, որոնք, կարծում եմ, իրենց արդյունքը կտան»:

Արձագանքելով ցմահ դատապարտվածների հետ կապված խնդրին վերաբերող հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ գերատեսչությունը պատասխանատու է պատժի կրման պայմանների համար: Երբ հացադուլավորները կամ նրանց հարազատները արդարադատության նախարարից պահանջում են քրեական գործերի վերաբացման հետ կապված որեւէ միջամտություն՝ արդարադատության նախարարությունն այդտեղ որեւէ լիազորություն չունի՝ պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը:

«Հրաշալի հասկանում եմ այն խնդիրները, որոնք նրանք բարձրացնում են եւ որոնք իրականում ոլորտում կան, բայց այդ խնդիրները պիտի քայլերի հաջորդականությամբ լուծվի: Միայն տեսակցությունների հարցը շատ արագ օրինագծի տեսքով ներկայացվել է, բայց դա դեռեւս հարցի լուծում չէ կամ ամբողջական լուծում չէ: Բավականին խնդիրներ կան օրենսդրական ոլորտում եւ, ես կարծում եմ, որ այդ առումով մենք անելիքներ ունենք»:

Նախարարի կարծիքով՝ օրենսդրական բացեր կան նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված եւ այդ ուղղությամբ աշխատում է անկախ միջգերատեսչական հանձնաժողով, որի նկատմամբ նույնպես արդարադատության նախարարը լիազորություն չունի:

Անդրադառնալով ԱՆ ԴԱՀԿ-ի նկատմամբ հասարակության շրջանում գոյություն ունեցող դժգոհություններին՝ նախարարը նշեց, որ ԴԱՀԿ-ն շատ յուրահատուկ կարգավիճակում է գտնվում, քանի որ օրինական հարկադրանք կատարող մարմին է եւ աշխարհի ոչ մի երկրում այդ մարմնից մարդիկ գոհ չեն լինում:

«Մենք համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային ենք դարձրել, որպեսզի ԴԱՀԿ որևէ աշխատող սուբյեկտիվ ձևով չկարողանա միջամտել հարցերին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացնում ու տարածված խնդիր էր, կրկնակի արգելանքի խնդիրն էր, որ մարդիկ վճարում էին, բայց համակարգը ցույց չէր տալիս. նման խնդիր այլևս չունենք: 2016-ից այլեւս որեւէ նման դեպք չի արձանագրվի»:

Համընդհանուր խնդիրներից մեկն էլ բանկային հաշիվների արգելանքն էր: Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ այս հարցը ևս լուծվեց և այսուհետև արգելանք է դրվելու միայն մեկ հաշվի վրա՝ այնքան գումարի չափով, որքան պարտավոր է քաղաքացին վճարել: Նախարարը վստահեցրեց, որ սուբյեկտիվիզմ նման խնդրում չկա ու չի լինելու:

Կարդացեք նաև

Back to top button