Հասարակություն

Բաղրամյան 26-ի հյուրերն այսօր զինծառայողների երեխաներն ու թոռներն էին

alisagevorgyan
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում երեկ մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները: Տոնական միջոցառումներին ամեն տարի մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա մայրաքաղաքից, մարզերից, Արցախից: Բաղրամյան 26-ի հյուրերն այսօր ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև  ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներն էին ու  թոռնիկները:

 

«Թող սահմանին չլինեն կրակոցներ, բոլոր զինվորները տուն վերադառնան». Ամանորյա մաղթանք, որ կրկնում են Բաղրամյան 26-ում հյուրընկալված գրեթե բոլոր երեխաները: Կան նաև ինքնատիպ մաղթանքներ, օրինակ՝ թող թուրքերը ջնջվեն, որ հայերը հանգիտ ու համերաշխ ապրեն, կամ՝ թող վատ մարդիկ փոխոցները չկեղտոտեն, իսկ ծխող մարդիկ երեխաների օդը չթունավորեն: Երեկ մեկնարկած ամանորի տոնական միջոցառումները երեխաների համար  այսօր շարունակվեցին նույն ոգևորությամբ: Հինգ տարեկան Ռաֆայելը ժամանել է Ալավերդիից ՝  Երևանի, ինչպես ինքն է ասում՝  նախագահի տանը ձմեռ պապիկի հետ հանդիպելու և նրանից իր նվերները ստանալու ակնակալիքով: Ռաֆայելն,  ի դեպ, նախապատրաստվել է՝ գիտակցելով, որ  կյանքում ոչ մի բան հենց այնպես չի տրվում:

 

Շատերն այսօր առաջին անգամ են նախագահական նստավայրում, որտեղ  արվել է առավելագույնը օրվա հերոսների տոնն անմոռանալի դարձնելու համար: Շքեղ տոնածառ, հեքիաթների հերոսներ, հյուրասիրություն, Ձմեռ պապ, նվերներ, կենդանի կապիկ ու  հսկայական օձ, որի հետ երեխաները շփվում են զարմանալի համարձակությամբ: Նրանք համարձակ են նաև իրենց երազանքներում, համարձակ, ազնիվ ու լուսավոր:

Նախագահականում հյուրընկալված զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների, Երկրապահ կամավորական միության անդամների, զինծառայողների,  ուժային այլ կառույցների ներկայացուցիչների թոռների ու զավակների թվում է նաև Վահան Զատիկայն կրտեսերը, հայտնի Վահան Զատիկյանի թոռը:

Տոնական միջոցառումն այսօր եզրափակեց ձմեռ պապը, որը խոստացավ երեխաներին կատարել նրանց բոլոր ցանկությունները: Եթե ձմեռ պապն անկեղծ էր, ուրեմն մեզ խաղաղ ու երջանիկ տարի է սպասվում: Հիշեցնեմ, որ Բաղրամյան 26-ում վաղը ևս իշխանությունը կլինի մանուկների ձեռքերում: Դեկտեմբերի 24-ին հյուրերի թվում կլինեն նաև սահմանամերձ համայնքների երեխաները, որոնք մայրաքաղաք կժամանեն մեկ օր առաջ և նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի նրանց համար կկազմակերպվի մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի  թանգարան, նաև ավտուբուսով կշրջեն գիշերային տոնական Երևանով:

Կարդացեք նաև

Back to top button