Հասարակություն

Նախագահական նստավայրում ամանորյա հյուրերը երեխաներն են

alisagevorgyan

ՀՀ նախագահի նստավայրում այսօր մեկնարկել են  Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների  կապակցությամբ անցկացվող  ամենամյա տոնական միջոցառումները: Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվել են  հանրակրթական դպրոցների   բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներ: Առաջիկա օրերին Բաղրամյան 26-ի հյուրերը կլինեն նաև  Հայաստանում  ապաստան գտած   սիրիահայ,  սահմանամերձ բնակավայրերում ապրող, զինծառայողների և զոհված  ազատամարտիկների  երեխաներն  ու թոռնիկները: 6-12 տարեկան ավելի քան 1000 երեխաների համար նախագահական նստավայրում Ամանորի տոնը կդարձնեն անմոռանալի:

 

Շքեղ տոնածառ, հեքիաթների ծանոթ ու սիրելի հերոսներ, հյուրասիրություն, Ձմեռ պապ, նվերներ և, իհարկե, տոնական բարձր տրամադրություն. Բաղարամյան 26 հասցեում այսօր արվել էր առավելագույնը օրվա հերոսների տոնն անմոռանալի դարձնելու համար:  Իսկ հերոսները հանրակրթական դպրոցների   բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներն էին:

Սեղանների շուրջ նրանք արդեն միմյանց շնորհավորել են, խոզուկի ու նապաստակի հետ լավ պարել, իսկ այժմ՝ կիսվում են տպավորություններով և  տոնական մաղթանքներով,

ԱՅԲ դպրոցի սան Մարիա Սարգսյանը Ձմեռ պապից խնդրում է, որպեսզի հայ զինվորը տուն վերադառնա, մեր սահմանը լինի խաղաղ ու ապահով: Փոքրիկների տոնական մաղթանքները փոքր ինչ տխրեցնում են, որովհետև իրականությունը նրանց էլ պարտադրել է գիտակցել մեզ այնքան դժվարությանբ տրվող խաղաղության գինը: Բայց փոքրիկների շուրթերով նաև հույսն ու լավատեսությունն է փոխանցվում։

Տոնական միջոցառումն այսօր եզրափակեց Ձմեռ պապը, որը խոստացավ երեխաներին կատարել նրանց բոլոր ցանկությունները: Եթե Ձմեռ պապն անկեղծ էր, ուրեմն մեզ խաղաղ ու երջանիկ տարի է սպասվում:

Հիշեցնեմ, որ Բաղրամյան 26-ում առաջիկա երկու օրերին ևս իշխանությունը կլինի մանուկների ձեռքերում։

Կարդացեք նաև

Back to top button