Հասարակություն

2016-ին մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը

lenabadeyan
Այսօր մեկնարկած Աժ-ի արտահերթ նիստում պատգամավորներն առաջինը քննարկեցին «Նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցի քննարկումը կիսատ էր մնացել վերջին քառօրյայից հետո: Նախագծով կարելի է ասել հավասարեցվում են աշխատող եւ չաշխատող մայրերի իրավունքները. խոսքը՝ չաշխատող մայրերի համար ծննդյան միանվագ նպաստի մասին է, որի չափը բարձրացվում է: Սա կարեւոր քայլ է համարում Օրինաց Երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Թե՛ Հեղինե Բիշարյանը, թե՛ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարեւորում են այս փոփոխությունը: Նա տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն միանշանակ կողմ է քվեարկելու նախագծին, բայց զգուշացրել, որ խմբակցությունը կրկին շրջանառության մեջ է դնելու արդեն մեկ անգամ մերժված նախագիծը, որը ենթադրում է չաշխատող մայրերին վճարել նաեւ երեխայի խնամքի համար նախատեսված 18 հազար դրամը, որն այժմ վճարվում է միայն աշխատող մայրերին: Կառավարության ներկայացուցիչներին պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ չեն մոռացել նախորդ չարաշահումների մասին, որը կապված էր ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ հետ:

Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի համար համատարած հավասարեցման սկզբունքն ընդունելի չէ: Պատգամավորը խորհուրդ տվեց կառավարությանը մինչեւ երկրորդ ընթերցում ուսումնասիրել այս հարցի հետ կապված միջազգային փորձը: Իսկ թե մայրության հարցի հետ կապված սոցապ ոլորտում ինչ ենք ունենալու 2016-ի հունվարի 1-ից ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը:

«2016-ից ունենում ենք ներդրված նպաստների համակարգ դեռեւս չծնված երեխայի համար կամ նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդի համար: Եթե մինչեւ հիմա դա գործում էր միայն աշխատող մայրերի համար, ապա 2016-ից դրանից կօգտվեն նաեւ չաշխատող ապագա մայրերի համար: Այս համակարգի ներդրմամաբ մենք լուծում ենք ամենակարեւոր խնդիրը. այն է՝ժամանակին հաշվառման կանգնելն է, հսկողության տակ գտնվելը, որը մեծապես կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը»:

Գործելու է նաեւ ծննդյան միանվագ նպաստը, որի դեպքում նույնպես չկա տարբերակում աշխատող եւ չաշխատող մայրերի միջեւ: Խոսքը առաջին եւ երկրորդ երեխայի համար վճարվող 50 հազար, երրորդ, չորրորդ երեխայի համար 1 միլիոն, իսկ 5 եւ ավելի երեխաների համար 1.5 միլիոն դրամի մասին է: Մյուս նպաստը երեխայի խնամքի նպաստ է, որը դեռեւս գործում է միայն աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի արձակուրդ ձեւակերպելու դեպքում:

 

Կարդացեք նաև

Back to top button