
Հանրապետության նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցություններին չմասնակցելը «Ժառանգություն» կուսակցության որոշումն էր, իսկ բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ խորհրդարանական հանդիպման առաջարկը չմերժելը ՝ խմբակցության որոշումը, այսօր ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա չի ներկայացրել քննարկման մանրամասները, նշել է, որ աշխատանքային հանդիպում էր, որի ժամանակ կողմերն իրենց դիրքորոշումներն են արտահայտել:
Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում անցկացվելիք լսումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ խմբակցությունը վերջնական որոշում դեռևս չունի: Հարցը, ըստ Թևան Պողոսյանի, քննարկելու են վաղը: Ընդհանուր որոշման չհանգելու դեպքում ՝ «Ժառանգության» պատգամավորներից յուրաքանչյուրն ազատ է լինելու իր որոշման մեջ: Ինչ վերաբերում է նախագծին կողմ կամ դեմ լինելուն, ապա Թևան Պողոսյանը կարծում է, որ գործընթացն այլ ուղով պետք է ընթանար:
«Մինչև չձևավորենք վստահություն ընտրական գործընթացի, համակարգի նկատմամբ, տեքստի լավ կամ վատ լիենլը երկրորդական հարց է: Ի°նչ է փոխվելու մեր կյանքում, եթե ունենանք աշխարհի ամենալավ Սահմանադրությունը և այն ինստիտուտները, որոնք այսօր են գործում ու չեն կարողանում կայնքի կոչել գործող օրենքները»,- ասում է պատգամավորը։





