ԿարևորՔաղաքական

Պերմյակովի գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել. Գլխավոր դատախազը Գյումրիում է

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շիրակի մարզի դատախազություն։ Հանրապետության գլխավոր դատախազը ասուլիս է հրավիրել Գյումրիում սպանդ իրականացրած ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի գործի առնչությամբ:

Գյումրիում 6 հոգու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը՝ մեղավորը, մեղավորները, ցանկացած անձ, ով դրա հետ առնչություն է ունեցել, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և թե՛ միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, քրեական պատասխանատվության կենթարկվեն, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Շատ լավ է, որ մեր հասարակության իրավագիտակցության մակարդակն այնքան է բարձրացել, որ յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում մեկնաբանություններ անել թե՛ մեր օրենսդրության, թե՛ մեր իրավունքի, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից: Սա ողջունելի է»,- ասաց Գորգ Կոստանյանը:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ Գյումրիում կատարված հանցագործության պարագայում պետք է ամեն ինչ դիտարկել միջազգային իրավունքի համատեքստում: «Չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, որովհետև հարցը միջազգային իրավունքի կարգավորման հարց է»:

«Մի դեպքում, երբ կոնկրետ երկրի պետական իշխանությունը տարածվում է տվյալ աշխարհագրական դիրք ունեցող տարածքի նկատմամբ և երկրորդ, երբ տվյալ պետական իշխանությունը տարածվում է անձի նկատմամբ անկախ աշխարհագրական դիրքից: Միջազգային իրավունքում և Եվրոպական դատարանում, իրավակիրառ պրակտիկային ծանոթանալու դեպում կտեսնենք հազարավոր օրինակներ, որ X երկրի տարածքում Y երկրի իրավապահ մարմինների իրավասության ներքո է անցնում սուբյեկտը, դա դիտվում է, որ անձը գտնվում է այդ երկրի իրավապահ մարմինների իրավասության ներքո»,- բացատրեց նա:

Գյումրիի սպանության գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, իսկ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ընդամենը նպատակ ունի ցույց տալու, որ «մենք իրականում գործ ունենք միջազային իրավական կարգավորման հետ և նկատի ունենալով, որ տվյալ հարաբերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, հետևաբար, երկու պետությունների օրենսդրությունների համադրության և կիրառելիության խնդիր ունենք»:

Գլխավոր դատախազի մեկնաբանությամբ՝ ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, որովհետև Հայաստանն ունի միջազգային պայմանագրեր, որոնք մեր օրենսդրության մաս են:

ՀՀ գլխավոր դատախազը կրկին հիշեցրեց, որ եթե կատարվել է զինվորական հանցագործություն, կիրառվում է ռուսական օրենսդրությունը, եթե կատարվում է այլ հանցագործություն՝ ՀՀ տարածքում, «որը զինվորական չէ կամ  5-րդ հոդվածի այս բացառությունների տակ չի ընկնում,  անկախ ծանրության աստիճանից, ունենում ենք ՀՀ օրենսդրության կիրառություն»:

Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա Գևորգ Կոստանյանը կրկնեց, որ մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և ՀՀ-ում բոլորը հնարավորություն են ունենալու հետևելու վերջինիս քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվելու ողջ ընթացքին: Սա Գևորգ Կոստանյանը ընդգծեց և հավաստիացրեց որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ:

 

Կարդացեք նաև

Back to top button