ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Հայ-իրանական գազային նոր խմբի ստեղծում․ ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի էներգետիկ քարտեզում

Իրանի լրատվամիջոցներում լայնորեն լուսաբանվեց Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի աշխատանքային այցը, որի ընթացքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ։ Դրանցից կարևորագույնը, թերևս, որոշումն է, որով Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ։

Հայաստանի ու Իրանի միջև գազի առևտրի հարցերով աշխատանքային խմբի ստեղծումն ինքնին Հայաստան-Ռուսաստան գազային պայմանագրի վերանայման հիմք չի կարելի համարել․ այն կոչված է նպաստելու Հայաստանի գազամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և ռուսական ուղղությունից կախվածության նվազեցմանը։

Մտայնությունը, թե սրանով Հայաստանը պատրաստվում է, ասենք, առաջիկա ձմռանը՝ աչքի առաջ ունենալով ինչ-ինչ հնարավոր խնդիրներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան անհիմն էր որակել, որքան էլ Հայաստանի հանդեպ տարբեր սահմանափակումներով և վերջին շրջանում կոշտացված  հռետորաբանությամբ պաշտոնական Մոսկվան Հայաստանին տրամադրվող գազի սակագնի հնարավոր վերանայման մասին խոսակցությունների հիմք տվեց։

Խուդաթյան․ «Ոչ, հնարավոր փոփոխություն չկա, որովհետև մենք պայմանագիր ունենք, և այդ պայմանագրի ժամկետը ձմռանից էլ հետո է լրանում։ Թույլ տվեք շատ փակագծեր չբացել։ Մեր ռիսկերը մենք կառավարում ենք։ Չեմ կարող ասել՝ ինչ կստացվի։ Ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն»։

Գազի առևտրի հարցերով հայ-իրանական աշխատանքային խմբի ստեղծումն ու մյուս պայմանավորվածություններն իրանական մամուլը գնահատում է ռազմավարական գործակցության նոր փուլի սկիզբ էներգետիկ ոլորտում։

Օրեր առաջ՝ հուլիսի 19-ին, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել էր, որ մոտ ապագայում Իրանից Հայաստան գազամատակարարման ծավալները կրկնապատկվելու են։
2009 թվականից Հայաստանն Իրանից գազ է ստանում և, ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի, հետ է մատակարարում Իրանին։ Այս համաձայնագրի ժամկետն ավարտվում էր 2026 թվականին։ Սակայն 2023-ի օգոստոսին Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը մինչև 2030 թվականը։

Գազի հարցերով նոր խումբ նախաձեռնության հաջողությունը վերլուծաբանները կապում են ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների, իրավական համակարգման մակարդակի հետ՝ շեշտելով երկու երկրների քաղաքական կամքի կարիքը։

Հաշվարկների համաձայն, գազատարի թողունակության ընդլայնման և անհրաժեշտ վերազինման դեպքում հնարավոր է մեծացնել Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալները և ապահովել Հայաստանի ներքին սպառման զգալի մասը։ Այս հարցում, սակայն, կա այլ խնդիր, հուշում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը․

«Իրանը, թեև գազի խոշոր արտադրող է, բայց իր երկրում կա «կառուցվածքային դեֆիցիտ» կոչվածը, որը նշանակում է, որ որոշակի ամիսներին սպառման ծավալներն ավելի մեծ են, քան տեղական արտադրությունը կարող է մատակարարել։ Այս իրավիճակում Հայաստանի հնարավորությունը Իրանից գազ ներմուծելու մնում է ամառային ամիսներին՝ նաև կուտակման նպատակով։ Ըստ էության, ձմեռային ամիսներին էլ է հնարավոր որոշակի մատակարարումների մասին խոսել, որովհետև մեր սպառման ծավալները Իրանի սպառման ծավալների մեջ շատ փոքր տոկոս են կազմում։ Մենք նույնիսկ չենք կազմում Իրանի արտադրության 1%-ը, հետևաբար, նույնիսկ ինչ-որ իրավիճակում հնարավոր է այդ մատակարարումը իրականացնել»։

Տեսականորեն Հայաստանը, բացի Ռուսաստանից, գազ ներմուծելու երեք ուղղություն ունի՝ Իրանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից։ Մասնագետները հիշում են դեպքեր, երբ ռուսական կողմի միջնորդությամբ կամ առևտրային սխեմաների միջոցով Հայաստան է մատակարարվել ինչպես թուրքմենական, այնպես էլ ադրբեջանական գազ։ Գոյություն ունեցող ենթակառուցվածքները այս պահին դա թույլ են տալիս։ Բայց անգամ այս դեպքում Հայաստանը պետք է իր էներգետիկ ոլորտը զգուշությամբ դիվերսիֆիկացնի՝ Ռուսաստանի հետ 2013-ին ամրագրած պայմանագրային պարտավորությունները հաշվի առնելով, քանի որ համաձայնագրում նշվում է․

«Այն դեպքում, երբ համաձայնագրի գործողության ժամկետում հայկական կողմի գործողությունների բերումով չի կատարվում պայմաններից որևէ մեկը, հայկական կողմը պարտավորվում է «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության պահանջով հետ գնել ընկերությանը նախկինում փոխանցված բաժնետոմսերը 63,3 միլիարդ հայկական դրամին համարժեք դոլարով»։

Հայ-իրանական պայմանավորվածություններն իրականում չեն նշանակում Ռուսաստանին շրջանցելու փորձ։ Ձեռքբերված մյուս համաձայնություններով,օրինակ, Իրանը և Հայաստանը պայմանավորվել են արագացնել համատեղ էներգետիկ ծրագրերը, այդ թվում՝ էլեկտրահաղորդման երրորդ գծի ավարտը, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցումը և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրական միջանցքի զարգացումը։ Այս ծրագրերն ուղղված են էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանի էլեկտրական ցանցերի միացումների ընդլայնմանը։

Կարդացեք նաև

Back to top button