
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը կանխատեսում է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուց հետո Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամն անխուսափելի կլինի։
ԱՀԾ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունում խորացող տնտեսական խնդիրները, որոնք պայմանավորված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով եւ եվրոբյուրոկրատների՝ Ուկրաինայում պատերազմին աջակցելու քաղաքականությամբ, Բրյուսելին հնարավորություն չեն տա փոխհատուցել Երեւանի բազմամիլիարդանոց կորուստները։
«Եվրոպական բազմաթիվ երկրներ արդեն ազդակներ են փոխանցել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել Հայաստանի ապրանքների համար՝ ի վնաս սեփական արտադրողների»,- նշված է ռուսական հետախուզության հաղորդագրության մեջ։
Սրան զուգահեռ՝ ռուսական «Վյորստկա/Вёрстка») ինտերնետ-լրատվամիջոցն արձանագրել է ռուսաստանցիների շրջանում Հայաստանում հաստատվելու մտադրության կտրուկ աճը։
Ռուսաստանի քաղաքացիները հիմնականում տեղափոխվում են Երեւան, ինչի հետեւանքով մայրաքաղաքում վարձակալության գները զգալիորեն բարձրացել են, «Վյորստկային» հայտնել են անշարժ գույքի տեղացի գործակալները։
Նրանց խոսքով՝ վերջին երեք ամսում Երեւանում բնակարանների վարձակալության գներն աճել են մոտ 30 տոկոսով։
«Պահանջարկը հսկայական է։ Երեւանի անշարժ գույքի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով գներն ուղղակի խելահեղ են»,- թերթին ասել է նրանցից մեկը։
«Մայիսյան տոներից սկսած մարդիկ գալիս են, իսկ հիմա՝ ավելի շատ։ Արդեն բազմաթիվ հարցումներ ունեմ սեպտեմբերի համար։ Կարծում եմ՝ ընտրություններից առաջ մարդիկ ցանկանում են հեռանալ, ուստի, հավանաբար, սեպտեմբերին գներն էլի կբարձրանան»,- ասել է անշարժ գույքի գործակալներից մեկը՝ նկատի ունենալով Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Վյորստկան» ուշադրություն է դարձրել, որ ռուսաստանցիների շրջանում հայտնի անշարժ գույքի որոնման Telegram-ալիքներում ամեն օր տասնյակ նոր հայտարարություններ են հայտնվում նրանցից, ովքեր արդեն ժամանել են Հայաստան կամ ծրագրում են աշնանը տեղափոխվել։ Բնակարան են փնտրում ինչպես երեխաներ ունեցող ընտանիքներ, այնպես էլ միայնակ երիտասարդներ։
Ըստ թերթի՝ Yandex Wordstat- ի տվյալներով՝ Ռուսաստանում «բնակարաններ Երեւանում» որոնման հարցման նկատմամբ հետաքրքրության աճը սկսվել է 2026 թվականի գարնանը։
Հուլիսի 13- 19- ն ընկած շաբաթվա ընթացքում այդ հարցման որոնումների թիվը հասել է 5,2 հազարի՝ գերազանցելով 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած շաբաթվա ցուցանիշը (5 հազար), երբ ռուս-ուկրաինական պատերազմը նոր էր սկսվել։
Ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2022 թվականի աշնանը՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի ժամանակ, երբ սեպտեմբերի 19- 25- ն ընկած շաբաթվա ընթացքում որոնումների թիվը հասել էր գրեթե 10 հազարի։




