Հասարակություն

Անլուծելին՝ լուծված. մաթեմատիկական հեղափոխություն, որը ճանապարհ կբացի դեպի 6G և կլիմայի կանխատեսման կատարյալ մոդելներ

Չինացի երիտասարդ գիտնականներ Հուն Վանին և Յույ Դենին հաջողվել է կոտրել այն պատնեշը, որի առջև շուրջ 100 տարի կանգնած էին աշխարհի առաջատար մաթեմատիկոսները։ Նրանք մեկդարյա վաղեմության խնդիրներ են լուծել և արժանացել Ֆիլդսյան մրցանակին․ սա մաթեմատիկայի բնագավառում տրվող ամենաբարձր և հեղինակավոր միջազգային պարգևներից մեկն է, որը հաճախ անվանում են «մաթեմատիկայի Նոբելյան մրցանակ»:

Մասնագետները կարծում  են, որ սա միայն տեսական հաղթանակ չէ. այս հայտնագործություններն ուղղակիորեն փոխելու են այն տեխնոլոգիական աշխարհը, որտեղ մենք ապրում ենք:

Ի՞նչ են արել գիտնականները

1917 թվականին ճապոնացի մաթեմատիկոս Սոիչի Կակեյան ձևակերպեց մի խնդիր, որն առաջին հայացքից շատ պարզ էր թվում. «Եթե ասեղը պտտվի բոլոր հնարավոր ուղղություններով, ո՞րն է այն ամենափոքր տարածությունը, որի ներսում դա հնարավոր կլինի անել»։

Այս հարցը հետագայում դարձավ ժամանակակից մաթեմատիկայի ամենաբարդ խնդիրներից մեկը։

Հուն Վանն իր գործընկերների հետ ապացուցեց, որ եռաչափ տարածությունում նման բազմությունները չեն կարող «սեղմվել» ավելի փոքր չափողականության մեջ․ դրանց չափողականությունը պարտադիր հավասար է 3-ի։

Լուծված մյուս խնդիրը ձևակերպել է Դավիդ Հիլբերտը 1900 թվականին և դարձյալ պարզ է հնչում՝  ինչպե՞ս են միլիարդավոր անկանոն շարժվող մասնիկներն առաջացնում հեղուկների և գազերի կարգավորված հոսքերը։ Յույ Դենը մաթեմատիկական ստույգ բանաձևով  ցույց է տվել  առանձին մասնիկների վարքի և ընդհանուր շարժման միջև կապը։

Ինչու են կարևոր այս հայտնագործությունները

Մասնագետներն այս հայտնագործությունները կարևոր են համարում   կինետիկայի տեսության մեջ և մաթեմատիկական ֆիզիկայում։ Նրանք համոզված են, որ մաթեմատիկական նոր մոդելները կարող են օգնել ավելի արդյունավետ ալեհավաքների նախագծմանը, տվյալների ավելի արագ փոխանցմանը, ցանցերի թողունակության մեծացմանը։ Նրանք նշում են, որ  սա մաթեմատիկական նոր հիմք, որի վրա առաջիկա տարիներին կարող են կառուցվել նոր տեխնոլոգիաներ։

Կարդացեք նաև

Back to top button