
Ադրբեջանի խորհրդարանը ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է կանխակալ դիրքորոշման մեջ և այդ առիթով խիստ բողոք հայտնել Կոնգրեսին։ Դժգոհությունը կապված է հուլիսի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած օրինագծի հետ։ Բաքվի գնահատմամբ՝ փաստաթուղթը հայկական լոբբիի օգնությամբ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ է:
ԱՄՆ Կոնգրեսի H.R. 9087 օրինագիծը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը վերաբերող փաստաթուղթ է, որի շրջանակում կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած փոփոխությամբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Հենց այդ փոփոխության դեմ է բողոք հայտնել Ադրբեջանի Միլի Մեջլիսը՝ մերժելով նաև փոփոխության մեջ օգտագործված «ռազմագերիներ» և «քաղաքական բանտարկյալներ» ձևակերպումները։ Ադրբեջանը նախընտրում է իր դատարանների կողմից կիրառվող «պատերազմական հանցագործներ» և «ահաբեկիչներ» որակումները։
Կոնգրեսական Բևրեդ Շերմանը ելույթում անդրադարձել էր 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և էթնիկ զտման ծրագրին։
«Այդ պատերազմում գերի ընկած հայ ռազմագերիներն ու քաղբանտարկյալները զրկվել են արդար դատավարության իրավունքից և ենթարկվել են բռնության ադրբեջանական գերության մեջ»,- հայտարարել է կոնգրեսականը։ Նրա առաջարկով օրինագծին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 51 անդամներից 44-ը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ սա Վաշինգտոնի ազդեցիկ ուղերձն է Բաքվին։
«Էականն այն է, որ Ամերիկայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը պաշտոնապես, բարձրաձայն և կուսակցական միասնականությամբ զորակցեցավ հայ պատանդներին` պահանջելով նրանց անմիջական ազատ արձակումը, հանձնախումբը արդար որոշում կայացրեց, ասոնք իրական խաղաղության նախապայմաններն են, ոչ թե Բաքուի համար լծակներ։ Շեյմն Հայթադի հանձնախումբը շեշտեց, որ պիտի շարունակե ճնշումը Ալիևի վրա մինչև պատանդները ազատ արձակվին»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հայտնում է, որ տվյալներ են ստացել գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ։ 2025 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Ադրբեջանում պաշտոնապես դադարեցվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, հայ գերիների պահման պայմանների նկատմամբ միջազգային վերահսկողության հարցը մնաց բաց։ Սրանով հանդերձ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախաձեռնությունը, մեջբերում, «միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման և հայկական լոբբիի շահերից ելնելով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հերթական օրինակն է»․ մեջբերման ավարտը։ Հայտարարության մեջ քննադատության են ենթարկվել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք պատգամավորներ, որոնց Ադրբեջանը մեղադրում է երկրի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի և հակաադրբեջանական արշավի մասնակցության մեջ։ Կոնգրեսին ուղղված իր բողոքում Միլի Մեջլիսը տեղավորել է նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին չխոչընդոտելու միտքը։
Մինչդեռ ավելի վաղ կրկին Կոնգրեսում իր ելույթներից մեկի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելուն ուղղված կարևոր բաղադրիչ էր համարել հենց հայ գերիների ազատ արձակումը ու հաստատել այդ ուղղությամբ ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերը։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը ԱՄՆ-ի պետքարտուղարը հայկական կողմի հետ վերջին անգամ քննարկվել է այս տարվա մայիսին՝ երևանյան կարճատև այցի ժամանակ՝ հաստատել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Բաքվում պահվող գերիների և պատանդառված անձանց հարցը մշտապես մեր զրույցի կետերի մաս է։ Ես սա հազար անգամ ասել եմ, եթե կարիք կա ամեն անգամ հավաստիացում լսելու, պատրաստ եմ հազար անգամ էլ ասել։ Այդ թեման, հարցնեք-չհարցնեք, մշտապես մեր երկխոսության մաս է։ Անկեղծ ասած, լիազորված չեմ ամերիկյան կողմից ասելու, բայց կարծում եմ կարող եմ, պնդել, որ մեր ամերիկյան գործընկերները մշտապես անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ»։
Հայկական կողմը մշտապես պնդել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում պահվում է 23 հայ։




