ԿարևորՀասարակությունՌադիոլուր

Արտահանող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. կառավարությունը նոր որոշում է ընդունել

Կառավարությունը որոշել է կուտակային ավտոկայանատեղիներ կառուցել Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերում։ Դա նշանակում է, որ սահմանային անցակետին հասնելու համար բոլոր բեռնատարները պետք է անցնեն այդ տարածքով։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բացատրել է, որ նման կարգավորման անհարաժեշտությունն առաջացել է անցակետերում հերթերը կարգավորելու համար։

Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենից և Ագարակից արտասահման մեկնող բեռնատարների համար նոր կարգավորումներ է առաջարկում։ Ըստ այդմ՝ բեռնատարները մաքսակետեր կարող են հասնել միայն կուտակային կայանատեղիներով։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարծում է, որ այդ կարգավորումը էականորեն կնվազեցնի սահմանային անցակետերում առաջացող հերթերը և կհշեշտացնի արտահանումը․

«Երկու հիմնական նպատակ է հետապնդում նախագիծը։ Առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործողությունների արագացում և անխոչընդոտ անցում՝ նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով, երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»։

Բագրատաշենի անցակետով օրական շուրջ 250 բեռնատար է անցնում, Ագարակի անցակետով՝ 220։ Կուտակային կայանտեղիների կառուցումը ոչ միայն լոգիստիկ խնդիրներ է լուծում, այլև ստեղծում է ըստ առաջնահերթությունների բեռնատարները սպասարկելու մեխանիզմ։ Այսպես, սահմանվել են 3 առաջնահերթություններ, որոնց դեպքում բեռնատարները կսպասարկվեն ավելի արագ․

«Երեք կարևոր առաջնահերթություն կա․ եթե ունենք շուտ փչացող բեռներ, օրինակ` կենդանի ձուկ, միս, մսամթերք, կաթնամթերք, մրգեր, բանջարեղեն, սրանք ունենալու են առաջնահերթություն։ Երկրորդը՝ հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներն են ունենալու առաջնահերթություն, մասնավորապես, օրինակ, միջազգային միջոցառումներ ուղարկվող ապրանքները կամ դիվանագիտական բեռները, կամ դոնորական առանձին ապրանքներ։ Եվ մի կարևոր առաջնահերթություն էլ կա՝ լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ հարկ վճարողները, որոնք ունեն հավաստագրեր, կունենան առավելություն»։

Կուտակային կայանատեղիները պետք է կառուցվեն անցակետից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր ասֆալտապատ կամ բետոնապատ տարածք, լուսավորություն, տեսահսկում, ազդարարման համակարգ և առնվազն երեք սանհանգույց։ Դրանք գործելու են շուրջօրյա։ Բեռնատարների մուտքն ու ելքը երևալու է նաև առցանց՝ հատուկ ստեղծված հարթակում։ Դա բեռնատարների վարորդներին հնարավորություն կտա նախօրորոք ծանոթանալու իրավիճակին, հերթերին։

Կայանատեղիները գործարկելուց հետո ՊԵԿ-ը դրանցում մասնավոր ընկերությունների համար ծառայություններ մատուցելու հայտ կբացի։ Մեկ բեռնատարի սպասարկման գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան․

«Մենք առավելագույն գնային շեմ ենք դնում, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ մենաշնորհային դիրքը օգտագործելով կարող է բարձր չտրամաբանված գին սահմանել»։

Այս պահին առաջնահերթ է Բագրատաշենի ու Ագարակի անցակետերում նման կայանտեղիների գործարկումը, բայց չի բացառվում, որ առաջիկայում դրանք կավելանան՝ ասում է ՊԵԿ նախագահը․

«Հիմա Ագարակում նոր կետ ենք կառուցում։ Բագրատաշենը մի մասով վերակառուցվում է և կարելի է ասել առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում մենք ունենալու ենք ավելի մեծ թողունակություն կետերի։ Բացի դա, եթե հաշվի առնենք նոր բացվող կետերի հնարավոր հեռանկարը առաջիկա տարիներին, նշանակում է, որ այս կայանատեղիների կարևորությունը շարունակվելու է  ընդգծվել, ու շուկան գնալով ընդլայնվելու է, պահանջարկը գնալով ընդլայնվելու է մասնավորի համար»։

Յուրաքանչյուր անցակետի համար նոր կարգը կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։

Կարդացեք նաև

Back to top button