
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությանը, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ժամեր առաջ ԿԸՀ-ն բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։
Դատախազությունը, ելնելով նախաքննության շահերից, չի մեկնաբանել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են նախատեսում քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։




