ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

1,8 մլն շահառու, 102 մլրդ դրամ փոխհատուցում․ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի, ապահովագրական փաթեթից օգտվել է ավելի քան 762 հզր քաղաքացի, իսկ փոխհատուցված ծառայությունների և տրամադրված դեղորայքի արժեքը գերազանցել է 102 մլրդ դրամը։ Համակարգի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանն անդրադարձել է նաև ամենաքննարկվող հարցերից մեկին՝ համավճարների կիրառմանը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում որոշ ծառայությունների համար քաղաքացիները շարունակելու են համավճար կատարել՝ հայտարարել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ ամփոփելով համակարգի առաջին կիսամյակի արդյունքները․

«Ապահովագրության համակարգում ամեն ինչ անվճար չի լինելու, այսինքն՝ բոլոր ծառայությունները չեն, որ փոխհատուցվելու են։ Մասնագիտական ոչ մի խորհրդատվություն վճարովի կամ համավճարով չի դարձել»։

Սամվել Խարազյանի խոսքով՝ համավճարն ապահովագրական փաթեթի կառավարման գործիքներից մեկն է և կիրառվում է ապահովագրական գրեթե բոլոր համակարգերում։ Օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքերում ինչ ծառայությունների համար և ինչ սկզբունքով է այն կիրառվելու։ Այս մոտեցումը, ըստ Խարազյանի, նոր չէ․ դեռևս համակարգի մշակման փուլում է նշվել, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը չի ենթադրում, որ բոլոր ծառայություններն ամբողջությամբ անվճար են լինելու․

«Կան ծառայություններ, որոնք փոխհատուցվում են 50 %-ով, կան ծառայություններ, որոնց համար կիրառվում է համավճար, և հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հիմնվելով օրենքի վրա, սահմանում է դրա առավելագույն չափը, ինչն այս դեպքում չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնակին։ Այսինքն՝ եթե ունենք հաստատված որոշակի գին, օրինակ՝ 10 հզր կամ 6 հզր դրամ, ապա համավճարը չի կարող գերազանցել 12 հզր դրամը»։

Հարցին, թե արդյոք հիմնադրամը քաղաքացիներից ստացել է ահազանգեր այն մասին, որ նախկինում անվճար մատուցվող ծառայությունների համար հիմա գումար է գանձվում, հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այսպես է արձագանքել․

«Մենք հիմա հավաքում ենք տվյալներ, որպեսզի հասկանանք, թե ինչ պատճառներով է կիրառվել համավճարը, արդյոք դա ամրագրված է եղել տնօրենի հրամանով, ո՞ւմ համար են այդ համավճարները կիրառվել և այն»։

Համավճարների կիրառմանը նախօրեին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Թվերը մեզ նաև որոշակի հուշումներ են անում, թե 6 ամսվա ընթացքում ինչ դինամիկա ունենք։ Մեր ընդհանուր խորհրդատվությունների ծավալի մեջ համավճարների տոկոսը, եթե նախկինում՝ հունվարի 1-ից մայիս ընկած հատվածում, կազմում էր 0,86 %, այսինքն՝ այն ամբողջ ծավալը գումարային, որ թե՛ փոխհատուցվել է և թե՛ համավճար է եղել, այդ ընդհանուր գումարի մեջ 0,86 %-ը եղել է համավճարը, հիմա այն հունիս-հուլիս ամիսներին նվազել է և դարձել է 0,82 %»։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի տվյալներով՝ համակարգի շահառուների թիվը հունիսի դրությամբ հասել է շուրջ 1 միլիոն 800 հազարի։ Տարեսկզբի համեմատ աճը շուրջ 14 % է։ Հունիսի տվյալներով՝ շահառուների թիվը 200 հազարով ավելի է նաև կանխատեսվող ցուցանիշից։ Աճի հիմնական մասը բաժին է ընկնում վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։

Հիմնադրամի տվյալներով՝ տարվա 6 ամիսների ընթացքում ապահովագրական փաթեթից օգտվել է 762 հզր 404 շահառու․ այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ ստացել է որևէ ծառայություն կամ դեղորայք։ Միայն դեղորայք է ստացել շուրջ 35 հզր 961 քաղաքացի։

Առաջին վեց ամիսներին ապահովագրական փաթեթի շրջանակում փոխհատուցվել է ավելի քան 102,4 մլրդ դրամի ծառայություն և դեղորայք։ Փաթեթ ներառված է շուրջ 3 հզր ծառայություն, այդ թվում՝ վիրահատական միջամտություններ, շուրջ 400 ախտորոշիչ հետազոտություն և դեղորայքային ապահովում։ Ցուցանիշների համաձայն՝ հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է եղել թանկարժեք կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների կատարմանը։

Վիրահատությունների առաջին եռյակում են սրտանոթային, հոդերի փոխարինման և տեսողության վերականգնման միջամտությունները։

Հիմնադրամի գնահատմամբ՝ առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տալիս, որ համակարգը քաղաքացիներին ավելի հասանելի է դարձնել անհրաժեշտ բուժօգնությունը։

Կարդացեք նաև

Back to top button