ԿարևորՄիջազգային

Առանց ամբիոնի և թղթերի. Բրիտանիայի նոր վարչապետը Դաունինգ սթրիթում ելույթ է ունեցել

Էնդի Բերնհեմը երկուշաբթի օրը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ դառնալով վերջին տասնամյակում երկրի յոթերորդ ղեկավարը։ Նա խոստանում է փոխել երկրի քաղաքական համակարգը և ներդնել նոր տնտեսական մոդել՝ նշելով, որ հասարակությունն արդեն հոգնել է իշխանության ղեկին առաջնորդների անդադար փոփոխությունից։

Դաունինգ սթրիթի իր նոր նստավայրի դիմաց Բերնհեմը ելույթ է ունեցել առանց թղթերի և ավանդական ամբիոնի՝ ցույց տալով, որ պատրաստվում է հրաժարվել քաղաքական հին ձևականություններից։

Նոր վարչապետի խոսքով՝ նախկին քաղաքական գործիչները չեն կարողացել ապահովել երկրի կայուն զարգացումը, բրիտանացիները տարիներ շարունակ տառապում են գների կտրուկ աճից և թույլ տնտեսությունից։ Խոստացել է ձեռնարկել անհապաղ քայլեր՝ վստահեցնելով նաև, որ կառավարությունը մինչև տարեվերջ կմշակի երկրի զարգացման նոր, երկարաժամկետ ծրագիր։

Արտաքին քաղաքականությանը նա ընդհանրապես չի անդրադարձել։

Որպես քաղաքական փոփոխությունների առաջին քայլ՝ Բերնհեմը երկրի ֆինանսների նախարար է նշանակել պաշտպանության նախկին նախարար Ջոն Հիլիին։ Հիլին մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել և լքել նախորդ վարչապետ Քիր Սթարմերի թիմը՝ դժգոհելով բյուջետային խիստ սահմանափակումներից։

«Ես գիտեմ, որ մարդիկ հոգնել են քաղաքականությունից։ Լսում եմ ձեզ և ուզում եմ անկեղծ լինել՝ մեր աշխատանքը բավականաչափ լավը չի եղել, և մենք պետք է դառնանք ավելի լավը»,— հայտարարել է նոր վարչապետը։

Բերնհեմը խոստացել է, որ իր պաշտոնավարումը կդառնա «շրջադարձային կետ» (circuit-breaker) Մեծ Բրիտանիայի համար, որը քաղաքական ու տնտեսական ցնցումների մեջ է հայտնվել դեռևս 2016 թվականին՝ Եվրամիությունից դուրս գալուց (Brexit) հետո։

Կարդացեք նաև

Back to top button