ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ճանաչում, որը դարձյալ չհասավ Քնեսեթ. Haaretz-ը բացահայտում է Բաքվի գործոնը

Իսրայելի կառավարության որոշումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դեռ ուժի մեջ է, սակայն օրինագիծն այլևս Քնեսեթի օրակարգում չէ։ Իսրայելական հեղինակավոր Haaretz-ի (Հաարեց) պարբերականը պնդում է, որ այդ գործընթացը կանգ է առել Ադրբեջանի ճնշումներից հետո։ Քաղաքական ի՞նչ շահեր կան այս որոշման հետևում։

Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչպես դեռ օրեր առաջ կանխատեսում էին փորձագետները, կանգ է առել։ Այդ թեմային անդրադարձել է իսրայելական հեղինակավոր Haaretz (Հաարեց) պարբերականը, որի հրապարակման համաձայն՝ պատճառը եղել է Ադրբեջանի միջամտությունը։

Պարբերականը հիշեցնում է, որ հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, որը նախաձեռնել էր երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը։ Սակայն մինչև այն կհասներ Քնեսեթ և կդառնար օրենք, գործընթացը կասեցվել է։

Ըստ Haaretz-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Դրանից հետո, Նեթանյահուի անձնական միջամտությամբ, օրինագիծը հանվել է խորհրդարանի օրակարգից։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է, որ սա մի քանի բան կարող է նշանակել.

«Եթե Haaretz-ի հրապարակումը իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա պետք է ենթադրենք հետևյալը։ Իսրայելը որոշակի կախվածություն ունի Ադրբեջանից։ Դա ՝մեկ։ Երկրորդը՝ այդ կախվածությունն ինչպիսին պետք է լինի։ Մենք գիտենք, որ Իսրայելը բավական մեծ քանակությամբ զենք–զինամթերք է վաճառել Ադրբեջանին։ Պարզ է, որ սա, իմ կարծիքով, տվյալ դեպքում կարևոր չի եղել, որ Իսրայելը համաձայնել է Ադրբեջանի այդ հորդորին»։

Թեև Թուրքիան և Ադրբեջանը հրապարակայնորեն դեմ էին, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հարցի վերաբերյալ Բաքվի հայտարարությունը նկատելիորեն ավելի դիվանագիտական տոն ուներ։ 

«1915-ի իրադարձությունների շուրջ պատմական փաստերի խեղաթյուրումը և պատմական բարդ խնդրի հանգեցումը քաղաքական որոշման՝ առանց ամուր իրավական կամ գիտական հիմքի, անընդունելի է: Հորդորում ենք Իսրայելի կառավարությանը վերանայել այս որոշումը»,— ասվում էր հայտարարության մեջ։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի մտադրությունը շատ վերլուծաբաններ դիտարկում էին քաղաքական ուղերձ Թուրքիային։ Վերջին տարիներին Անկարան Իսրայելի գործողությունները Գազայում բազմիցս բնութագրել է որպես ցեղասպանություն։ Ուստի փորձագետներից ոմանք Իսրայելի կառավարության որոշումը դիտարկում էին հենց այդ համատեքստում։

Սակայն Ադրբեջանը, որ միաժամանակ ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ, ըստ Haaretz-ի հրապարակման, փորձել է կանխել Թել Ավիվի այդ քայլը։ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Ադրբեջանից Իսրայելի կախվածության մեկ այլ գործոն էլ կա՝ կապված Իրանի հետ․

«Պետք է ենթադրենք, որ Ադրբեջանը կարևոր է Իսրայելի համար այն առումով, որ Իրանի հետ կապված հնարավորություններ է ընձեռում Ադրբեջանը՝ տրամադրելով իր տարածքը Իսրայելին։ Կոնկրետ դրանք ինչ են՝ ես չեմ կարող ասել։ Այսինքն՝ Իսրայելը ուղղակիորեն շահագրգռված է, որ Ադրբեջանը դա շարունակի անել այն, ինչ որ մինչև հիմա արել է կամ թույլ տալ անել»։

Haaretz-ը հիշեցնում է՝ CNN-ը հունիսին հաղորդել էր, որ փետրվարին Իրանի դեմ սկսված պատերազմի օրերին իսրայելական ուժերը գործել են նաև ադրբեջանական տարածքից։ Բացի դրանից՝ նշվում է, որ այսօր Բաքուն Թել Ավիվի հիմնական էներգետիկ գործընկերներից է։ Ադրբեջանից է մատակարարվում Իսրայելի սպառած նավթի զգալի մասը։ Իսրայելական պարբերականը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իսրայելական սպառազինություն և ռազմական տեխնոլոգիաներ է ձեռք բերում, որոնք մեծ արդյունավետությամբ կիրառվել են 44–օրյա պատերազմում։ Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է, որ այդ ամենը միաժամանակ ազդել է, որ Իսրայելը կատարի Ադրբեջանի հորդորը։

Իսրայելի արտգործնախարար Սաարը հերքել է Haaretz-ի մեղադրանքները՝ լրատվամիջոցին ասելով. «Կա կառավարության որոշում [Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ], և այն միաձայն է ընդունվել… այն չի փոխվի, և դա է կարևոր ու պատմական փաստը»։

Սակայն օրինագիծը Քնեսեթի օրակարգում գործնականորեն այլևս չկա։ Այն հետ է կանչվել խորհրդարանի արձակուրդից անմիջապես առաջ, և ճանաչման հարցը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Այս իրավիճակից հետո որքանո՞վ է իրատեսական, որ Իսրայելը մոտ ապագայում կրկին վերադարձնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի օրակարգ, և ի՞նչը կարող է ազդի այդ գործընթացի վրա։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցնում է իր կանխատեսումը, որ Քնեսեթը երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև, թեև հարցը ժամանակ առ ժամանակ Իսրայելը կարող է հրապարակ բերել.

«Իսրայելը օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը իր, այսպես կոչված, աշխարհաքաղաքական նպատակների համար՝ կապված Թուրքիայի հետ։ Թուրքիայի հակաիսրայելական հռետորաբանությանը ինչ-որ ձևով հակահարված տալու համար»։

Պատահական չէ, որ Իսրայելի կառավարության որոշումը ձևականորեն չի չեղարկվել, բայց Հայոց ցեղասպանության ճանաչումը փաստացիորեն սառեցվել է։ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Թուրքիայի և Իսրայելի, այսպես կոչված, հռետորաբանական պատերազմը կշարունակվի, նույնիսկ կարող է ավելի սրվել։ Սակայն նա չի կարծում, որ հարցը կարող է ունենալ շարունակություն։

Կարդացեք նաև

Back to top button