
Ռուսական շուկայի կորստից հետո Հայաստանի՝ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունները կանգնել են լուրջ խնդրի առաջ։ Ձկնարտադրողներն ասում են, որ տասնյակ տոննա արագ փչացող արտադրանք ունեն, սակայն իրացման շուկաներ գրեթե չկան։ Կառավարությունն աշխատում է լուծում տալ այդ խնդրին և փորձում է ճանապարհ բացել դեպի Եվրոպական միության շուկաներ։ Սակայն այս հարցում միայն իրավական թույլտվությունը բավարար չէ։ Եթե չլուծվեն նաև թվային հետագծելիության և լոգիստիկ խնդիրները, հայկական ձուկը դժվար թե մրցունակ դառնա եվրոպական շուկայում։
Հայաստանի՝ ձկնաբուծական ընկերությունները հայտարարում են, որ ոլորտն այլևս տնտեսապես ձեռնտու չէ։ Ձկնարտադրողների ամենամեծ խնդիրը հիմա շուկայի բացակայությունն է. ռուսական շուկան, որը տարիներ շարունակ արտահանման հիմնական ուղղությունն էր, փաստացի փակվել է, իսկ ներքին շուկան ի վիճակի չէ սպառելու արտադրության ամենօրյա ծավալները։
«Մեր տնտեսությունները բոլորը միասին օրական 70 տոննա ձուկ և ձկնամթերք էին արտահանում։ Տարվա 365 օրն ի՞նչ պետք է անի տնտեսվարողը, քանի որ ձուկն արագ փչացող մթերք է։ Մենք չենք կարող 16-օրյա պիտանիության ժամկետում այդ ապրանքը լոգիստիկ պատճառներով հասցնել Եվրոպա»։
Տնտեսվարողներն զգուշացնում են, որ եթե արտահանման նոր շուկաներ արագ չբացվեն, բազմաթիվ տնտեսություններ կարող են կանգնել արտադրությունը կրճատելու կամ նույնիսկ դադարեցնելու վտանգի առաջ։
«Ով ինչքան լոմբարդ դնելու բան ունի՝ դրել է. ում մորաքրոջ ինչքան ականջօղ կա՝ լոմբարդում է. ամբողջը էդ ձուկն է կերել»։
Կառավարությունում նոր լուծումներ են փնտրում ձկնարտադրողներին աջակցելու համար։ Եվրոպական հանձնաժողովը թույլատրել է, որ Հայաստանը Եվրոպական միության երկրներ արտահանի հայկական արտադրության սառեցված, վերամշակված ձուկ և ձկնամթերք։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստին ներկայացրեց այդ ոլորտի արտահանողներից պահանջվող նորմերը։ Ձկնաբուծական ընկերությունները պետք է գրանցված լինեն Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում։ Միաժամանակ դրանք պետք է համապատասխանեն Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերին և չափանիշներին։
Գևորգ Պապոյանը տեղեկացրեց նաև, որ, ըստ Եվրոպական միության օրենսդրության, այդ համակարգում կազմակերպությունների գրանցումն իրականացնում է տվյալ երկրի լիազոր մարմինը։ Հայաստանի դեպքում այդ լիազորությունը վերապահված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Նախագծով առաջարկվում է գրանցման պարզ, թափանցիկ և միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ սահմանել։
«Փաստորեն, մենք ամբողջությամբ վերցրել ենք Եվրոպական միությունում գործող համակարգը և հարմարեցրել այն հայկական իրականությանը»։
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն հինգ ընկերություն հետաքրքրված է Եվրոպա արտահանելու հնարավորությամբ և սպասում է կոնկրետ որոշումների։ Այդ ընկերություններն արդեն ԵՄ-ի պահանջներին համապատասխան ստանդարտներ են ներդրել, օգտագործում են այդ չափանիշներին համապատասխան կեր, որը հիմնականում ներմուծվում է Եվրոպական միության երկրներից, և կատարում են բոլոր անհրաժեշտ պահանջները։
«Այս որոշումների ընդունմամբ վերոնշյալ ընկերությունները հնարավորություն կստանան սկսել ու ձկան և ձկնամթերքի արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Դա կնպաստի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, կնվազեցնի կախվածությունը մեկ շուկայից, կխթանի տեղական արտադրության արդիականացումը և կբարձրացնի սննդամթերքի անվտանգության ընդհանուր մակարդակը»։
Հայաստանում ներդրվում է ձկան և ձկնամթերքի արտահանման ամբողջությամբ թվայնացված ընթացակարգ։ Ըստ այդմ՝ տնտեսավարողները փաստաթղթերը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կներկայացնեն էլեկտրոնային եղանակով, իսկ ստուգումներից հետո տվյալները կփոխանցվեն Եվրոպական միության համապատասխան տեղեկատվական համակարգ։
Արտահանող կազմակերպությունները ֆիզիկական փաստաթղթերի փոխարեն կստանան էլեկտրոնային նույնականացման կոդ, որը կպարունակի կազմակերպության մասին ողջ տեղեկատվությունը։ Այդ կոդը բավարար կլինի Եվրոպական միության ցանկացած երկիր ապրանք արտահանելու համար, քանի դեռ կազմակերպությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։
«Սա արդեն իրական թվայնացման օրինակ է։ Ապագայում նախատեսում ենք նաև ամբողջությամբ թվայնացնել մնացած գործընթացները, որպեսզի տնտեսավարողը ներկայացնի ընդամենը մեկ էլեկտրոնային դիմում, իսկ համակարգն ինքնուրույն ապահովի տվյալների փոխանակումն ու անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը»։
Թեև փաստաթղթաշրջանառությունն արդեն թվայնացվում է, ապրանքի ամբողջական հետագծելիության համակարգը դեռևս լիարժեք ներդրված չէ։ Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ հենց այս հանգամանքն է մտահոգում բեռնափոխադրողներնի, քանի որ Եվրոպական միության պահանջներով ապրանքի կապարակնքումը և դրա շարժի ամբողջ շղթան պետք է հնարավոր լինի վերահսկելու մինչև Եվրոպական միության սահմանին հասնելը։ Իսկ կապարակնքման հարցը դեռևս լուծված չէ, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում։
«Սա մեծացնում է անորոշությունը թե՛ բիզնեսի, թե՛ բեռնափոխադրողների համար։ Իսկ անորոշությունը նշանակում է լրացուցիչ ծախսեր։ Եթե բեռը սահմանին մեկ կամ երկու ժամ ավել է կանգնում կամ Եվրոպայում ավելի երկար է տեղափոխվում, այդ ամենը ավելացնում է ծախսերը, ինչի հետևանքով մեր արտադրանքը կորցնում է իր մրցունակությունը»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծեց, որ արտաքին առևտրի զարգացումը հնարավոր չէ առանց ժամանակակից թվային ենթակառուցվածքների։ Նրա խոսքով՝ օրենսդրությունը եվրոպական պահանջներին համապատասխանեցնելն այդ խնդրի ամենահեշտ մասն է, իսկ հիմնական մարտահրավերը գործնական կիրառումն է։ Կառավարությունում նաև տեղեկացրին, որ արդեն գործողությունների ճանապարհային քարտեզ է մշակվում, որը կինտեգրվի ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգերին։




