Սփյուռքի ձայնը

Հայաստանը բացահայտելուց մինչև նրան ծառայելը․ ինչպես է ՀԲԸՄ-ի ամառային ծրագրերը միավորում և կերտում վաղվա համահայկական սերունդը. «Սփյուռքի ձայնը»

Հայաստան-Սփյուռք գործակցությունը շատերի համար վերացական գաղափար է կամ հեռավոր բարեկամություն։ Սակայն Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համար դա ամենօրյա աշխատանք է, որն ամեն ամառ «միս ու արյուն» է ստանում Երևանի փողոցներում, հեռավոր գյուղերում ու առաջատար ընկերություններում։

ՀԲԸՄ ամառային ծրագրերը պարզապես այցելություններ չեն. դրանք հզոր գործիք են, որոնք ջնջում են օվկիանոսների հեռավորությունն ու սփյուռքահայ երիտասարդին տալիս ամենակարևորը՝ հայրենիքում սեփական պատասխանատվությունն ու տեղը գտնելու հնարավորություն։

«Բացահայտի՛ր Հայաստանը» և «Գլոբալ առաջնորդություն». ինքնության երկու թևերը

ՀԲԸՄ-ն այսօր առաջարկում է երկու առանցքային հարթակ։ 15-ից 18 տարեկան պատանիների համար գործում է «Բացահայտի՛ր Հայաստանը» (Discover Armenia) ծրագիրը, որտեղ կամավորությունն ու հայրենաճանաչությունը դառնում են մեկ ամբողջություն։ Իսկ համալսարանականների համար «Գլոբալ առաջնորդություն» նախագիծն ապահովում է պրոֆեսիոնալ ստաժավորում՝ կապելով Սփյուռքի ներուժը հայաստանյան աշխատաշուկայի հետ։

Այս ծրագրերի շնորհիվ երիտասարդները Հայաստան են գալիս ոչ թե որպես հյուրեր, այլ որպես մասնակիցներ։ Սիրիայից ժամանած Թագվոր Բոյաջյանի համար, օրինակ, սա առիթ էր 60 ժամ տրամադրելու կամավորական աշխատանքին՝ Արմավիրում շենք նորոգելուց մինչև Գյումրիի երեխաների հետ ժամանակ անցկացնելը։

«Ինձ համար կարևոր է օգնել իմ հայրենիքին։ Երբ օգնում եմ, հոգիս բավարարված է զգում»,— ասում է Թագվորը։

Պրոֆեսիոնալ վերադարձ և լեզվական վերածնունդ

ՀԲԸՄ-ի «Գլոբալ առաջնորդություն» ծրագիրը երիտասարդ մասնագետներին թույլ է տալիս հայրենիքին նայել գործընկերոջ աչքերով։ Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի Անյա Հաժարը, ով իր մասնագիտական պրակտիկան անցավ «Wigmore» բժշկական կենտրոնում, խոստովանում է, որ ՀԲԸՄ-ն իրեն հնարավորություն տվեց հասկանալու հայաստանյան աշխատանքային մշակույթն ու մարդկանց հոգեբանությունը։

«Սա բոլորովին այլ պատասխանատվություն է։ Ես ուզում եմ աշխատել իմ ժողովրդի համար»,- նշում է Անյան։

Այս ծրագրերը նաև յուրահատուկ միջավայր են ստեղծում արևմտահայերենի պահպանման համար։ Մասնակիցները համոզված են՝ լեզուն պահելու համար պետք է այդ լեզվով ստեղծագործել, երգել ու ապրել հենց հայրենի հողի վրա։

Ջնջելով պայմանական սահմանները

ՀԲԸՄ ամառային ծրագրերի ամենամեծ ձեռքբերումը «արևելահայ» ու «արևմտահայ», «հայաստանցի» ու «սփյուռքահայ» պիտակների վերացումն է։ Երիտասարդները հասկանում են, որ անկախ բնակության վայրից՝ արմատներն ու արյունը նույնն են։ Ինչպես նկատում են մասնակիցները, պետք չէ պիտակներ դնել իրար վրա, այլ պետք է հիշել, որ բոլորս նույն տան զավակներն ենք։

ՀԲԸՄ-ն հաջողությամբ կերտում է մի սերունդ, որն այլևս Հայաստանը չի ընկալում որպես հեռավոր ու օտար երկիր։ Այս երիտասարդները վերադառնում են իրենց բնակության երկրներ՝ իրենց հետ տանելով հայրենիքի մի մասնիկը և վաղ թե ուշ վերադառնալու հստակ որոշումը։

«Երբ Սփյուռքի ներուժը հատվում է հայրենիքի էներգիայի հետ, ստեղծվում է այն հզոր ուժը, որն ի վիճակի է կերտել վաղվա ուժեղ ու միասնական Հայաստանը»,- ասում են ծրագրերի մասնակիցները։

Եվ այդ ճանապարհին ՀԲԸՄ-ն շարունակում է մնալ այն ամուր կամուրջը, որի վրայով տուն են դառնում հազարավոր հայ սրտեր։

Կարդացեք նաև

Back to top button