ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

Բաքվում ընթացող դատավարություններն ու Եվրախորհրդարանի համաժողովը. հայ գերիների հարցը միջազգային օրակարգում է

Մինչ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերի քննությունը, Եվրախորհրդարանում բարձրացվել է հայ պատանդների հարցը։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ կազմակերպված համաժողովում եվրոպացի խորհրդարանականներն ու իրավապաշտպանները պահանջել են, որ ԵՄ-ն օգտագործի իր ողջ քաղաքական կշիռը, որպեսզի հայ գերիներն անհապաղ ազատ արձակվեն։

Ադրբեջանում պահվող հայ գերիների և պատանդների հարցը միաժամանակ հայտնվել է երկու տարբեր հարթակներում, սակայն լիովին հակադիր բովանդակությամբ։ Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Հայ գերիները Ադրբեջանում և Եվրոպական միության ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը՝ նվիրված Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Համաժողովին մասնակցել են Կիպրոսը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Կոստաս Մավրիդեսը և Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը։ Հիմնական բանախոս իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության՝ այն ժամանակ միջազգայնորեն ճանաչված չլինելը չի կարող հիմք հանդիսանալ, որ այսօր Բաքվում ընթացող քրեական հետապնդումներն իրավաչափ համարվեն։ Իրավապաշտպանը պնդել է, որ Բաքվում ընթացող դատավարությունները չեն կարող ընկալվել որպես սովորական քրեական գործեր։ Նա ասել է, որ դրանք պատասխանատվության մասին պատմությունը շրջելու, զոհ դարձած ու տեղահանված հայերին մեղավոր ներկայացնելու և Լեռնային Ղարաբաղի քաղաքական գոյությունը քրեականացնելու նպատակ են հետապնդում։

Մարդու իրավունքների միջազգային գործընկերության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիմոն Պապուաշվիլին իր ելույթում նշել է, որ եկել է բանաձևերից գործնական քայլերի անցնելու ժամանակը։

«Հայ գերիների ազատ արձակումը պարգև կամ առավելություն չէ Հայաստանի համար։ Դա պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքից, մարդու իրավունքների միջազգային իրավունքից և այն պարտավորություններից, որոնք կողմերն իրենք են ստանձնել»,-ասել է նա։

Իրավապաշտպանը գործողությունների կոնկրետ պահանջներ է ներկայացրել ԵՄ-ին՝ ապահովել անկախ մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը բանտեր, գերիների կանոնավոր կապը իրենց ընտանիքների հետ, անկախ բժշկական զննություններ, գաղտնի հանդիպումների հնարավորություն փաստաբանների հետ, գործի նյութերին ամբողջական հասանելիություն՝ մեղադրյալների համար հասկանալի լեզվով։

Պապուաշվիլին առաջարկել է, որ Եվրամիությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ չափանիշներ և ժամկետներ սահմանի և նշի, որ դրանք չկատարելը կազդի այդ երկրի հետ ԵՄ-ի քաղաքական գործակցության, երկկողմ հարաբերությունների վրա։ Նա կոչ է արել դիտարկելու ԵՄ մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի կիրառումը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց առնչությամբ կան արժանահավատ տվյալներ խոշտանգումների, կամայական կալանքի կամ դատական իշխանության լուրջ չարաշահումների վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել է նաև Բաքվի բանտում գտնվող ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։ Նա շեշտել է, որ թեև պատմությանը հայտնի խաղաղության գրեթե բոլոր համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը, Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից․

«Հայ գերիներից՝ հայրս, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը ձայանագրություների միջոցով մանրամասներ են փոխանցել կեղծ դատավարության մասին: Միջազգային իրավունքի հիմունքներից մեկի՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից»:

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը: Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները դատարանին խնդրել են արդարացման դատավճիռ կայացնել։ Մանուկյանն իր հերթին ներկայացրել է իր պաշտպանությանն առնչվող փաստարկները։ Նախորդ նիստում էլ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էր ներկայացրել իր փաստարկները. նա անհամաձայնություն էր հայտնել առաջադրված մեղադրանքներին և խնդրել էր չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների հարցին, նշում է, որ կառավարությունն անում է հնարավորը անազատության մեջ պահվող անձանց խնդիրը շուտափույթ լուծելու համար:

Այս տարի՝ Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության լուծարումից հետո, դատապարտված հայերի ընտանիքները զրկվել են նրանց առողջական վիճակի, պահման պայմանների կամ բժշկական օգնության հասանելիության մասին տեղեկությունից։

Օրերս Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը միջազգային հանրությանը խնդրել էր աջակցել՝ Բաքվում պահվող հայ գերիների հետ սեպտեմբերին տեսակցելու իր նախաձեռնությանը: Եվրախորհրդարանում քննարկմանը մասնակցող «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպն ասել է, որ Եվրամիությունը պարտավոր է աջակցելու այդ նախաձեռնությանը։

Կարդացեք նաև

Back to top button