ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Կիևը ևս մեկ քայլ է անում դեպի Եվրոպա․ Մոսկվան դժգոհ է ԵՄ-ից

Ուկրաինան ու ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել։ Կիևն ու Բրյուսելը հայտարարում են, որ մյուս կլաստերները նույնպես պատրաստ են բացվելուն։

Այժմ Ուկրաինան և ԵՄ-ն բովանդակային բանակցություններ են վարում վեց ոլորտներից երկուսի շուրջ՝ գրում է միջազգային մամուլը։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համոզված է, որ Ուկրաինան այսօր աշխարհաքաղաքական ավելի մեծ կշիռ ունի, քան երբևէ։ Սրան զուգահեռ՝ Ուկրաինայի խորհրդարանը 258 կողմ, 1 դեմ ձայներով քվեարկել է կառավարության հրաժարականի օգտին։ Սվիրիդենկոյի կառավարությանը պաշտոնանկ անելու մտադրության մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր մի քանի օր առաջ։

Եվս մեկ քայլ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին․ Կիևն ու Բրյուսելը անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում է, որպեսզի հայտարարի Եվրոպայի և Ուկրաինայի միջև պաշտպանական արդյունաբերության ինտեգրման խորացման նոր քայլերի մասին։ X սոցիալական ցանցում նա գրել է․

«Ես հենց նոր ժամանեցի Կիև․ պատերազմական ժամանակաշրջանում սա Ուկրաինա կատարած իմ 11-րդ այցն է։ Սա հատուկ պահ է։ Ուկրաինան ուժեղ ռազմական թափ է դրսևորում։ Ուժերի հավասարակշռությունը փոխվում է։ Ես կհայտարարեմ մեր պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ և արագ արտադրել։ Մենք կքննարկենք ԵՄ-ին անդամակցության և այս ձմռան նախապատրաստական ​​աշխատանքներին վերաբերող հարցեր»։

Նախօրեին էլ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ նոր կլաստերի բացումը խորհրդանշական է, քանի որ այն ընդգրկում է արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը և պաշտպանությունը՝ այն ոլորտները, որոնցում Ուկրաինան արդեն դարձել է Եվրամիության կարևոր գործընկերը․

«Ուկրաինան ենթարկվում է խոր վերափոխման՝ ամենադժվարին պայմաններում։ Անցյալ ամիս մենք բացեցինք առաջին խումբը, որը Ուկրաինայի անելիքների ցանկն է՝ անկախ դատական ​​համակարգի, թափանցիկ պետական ​​գնումների և կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործության դեմ ավելի ուժեղ պաշտպանության բարեփոխումների համար։ Իսկ այժմ մենք բացում ենք 6-րդ խումբը, որը ներառում է արտաքին հարաբերությունները, ինչպես նաև մեր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը։ Այս ոլորտներում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու փաստարկները շատ ուժեղ են»։

Կոսը վստահեցրել է, որ մնացած չորս բանակցային կլաստերներն էլ տեխնիկապես պատրաստ են բացվելու, քանի որ Ուկրաինան կատարել է անհրաժեշտ պայմանները ԵՄ–ին անդամակցության ճանապարհին։ Մնացած կլաստերների բացումն այժմ ամբողջությամբ կախված է ԵՄ անդամ 27 պետությունների կոնսենսուսից։

Իռլանդիայի Եվրոպական հարցերով և պաշտպանության նախարար Թոմաս Բիրնը, որի երկիրը հիմա նախագահում է ԵՄ խորհրդում, նոր կլաստերի բացումը կարևոր ազդանշան է համարել ուկրաինացիների համար։ «Սա ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի հույսի, այլև Եվրամիությանն անդամակցության իրական հեռանկարի մասին է»,-ասել է նա։

Թեև Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2024 թվականի հունիսին, մինչև օրս էական առաջընթաց չէր գրանցվում Հունգարիայի դիրքորոշման պատճառով։

Բանակցային կլաստերների բացումը նշանակում է անցում ԵՄ օրենսդրության որոշակի ոլորտների շուրջ էական բանակցությունների։

Բանակցությունները կառուցված են ըստ վեց թեմատիկ խմբերի, որոնք ընդգրկում են ԵՄ օրենսդրության բոլոր ոլորտները։

Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկա․ «Մեզ համար 6-րդ կլաստերի բացումը ևս մեկ հիշեցում է ժամանակակից աշխարհում ընդհանուր արտաքին անվտանգության քաղաքականության նշանակության մասին, և Ռուսաստանը միշտ վրեժ է լուծում և միշտ փորձում է ստվերել մեր անդամակցության մասին լավ լուրը։ Այսօր էլ բացառություն չէ․ երեկ՝ երեկոյան, բալիստիկ հրթիռներով ռմբակոծություն է եղել, այնպես որ ընդհանուր արտաքին անվտանգության քաղաքականության ոլորտում միասնությունը շատ կարևոր է։ Եվ այսօր ես տեսնում եմ նաև այլ նշաններ, որ Եվրոպան… միասնական Եվրոպան միավորված է Ուկրաինայի հետ, և մենք բոլորս միասին կհաղթենք»։

Չի ուշացել Մոսկվայի արձագանքը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է եվրոպական երկրներին և Կիևին՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերից ԱՄՆ ուշադրությունը շեղելու համար․

«Եթե կարդաք նախագահ Թրամփի ելույթը Ալյասկայից և գագաթնաժողովից անմիջապես հետո, ապա կտեսնեք, որ նա բարձր է գնահատում համաձայնագիրը՝ ասելով, որ մենք այժմ սկսել ենք գործընթացը։ Բայց Եվրոպան և Ուկրաինան ասացին՝ քանի որ իրենք ներգրավված չեն, դա իրենց չի վերաբերում։ Եվ հիմա նրանք անում են ամեն ինչ, որպեսզի շեղեն Միացյալ Նահանգների ուշադրությունը։ Նախագահ Թրամփը չի մեկնաբանում այս փորձերը և չի ասում, որ Ալյասկան այլևս գոյություն չունի։ Սակայն եվրոպացիները և ուկրաինական ռեժիմը հրապարակավ հայտարարում են, որ Ալյասկայի համաձայնագրերը մեռած են, և որ իրենք դա թաղել են»։

Այս ընթացքում Փարիզը «Կամավորների կոալիցիա» է ստեղծում, որպեսզի աջակցի Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Սակայն Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը կարծում է, որ Կիևին ռազմական աջակցությունը երկարաձգում է պատերազմը, նա համոզված է, որ միայն դիվանագիտական ջանքերով կարելի է վերջ դնել լարվածությանը։

ԵՄ քայլերին զուգահեռ՝ ավելի է լարվում իրադրությունը ռազմադաշտում։ Կիևը հաղորդում է, որ անցած գիշեր Սև ծովում խոցել է 20 գազակիր և նավթակիր նավ։ Ռուսական կողմն էլ հաղորդում է, որ «Շահեդ» անօդաչուներով հարվածել է Խարկովին և Օդեսային։

Կարդացեք նաև

Back to top button