ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թրամփի խոշոր նվիրատուներից մեկը կղեկավարի Tripp+ հիմնադրամը․ ինչ է հայտնի Սոկոլովի մասին

Պետդեպարտամենտը հաստատել է Չիկագոյում բնակվող, ազգությամբ ռուս մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովի նշանակումը ԱՄՆ Պետդեպարտամենտի ձեռնարկությունների նոր հիմնադրամի՝ Tripp+ ներդրումային հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում՝ գրում է The Guardian-ը։ Պարբերականը մանրամասնում է, որ հիմնադրամը վերահսկելու է ավելի քան 200 միլիոն դոլար՝ նախատեսված Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար, ներառյալ ներդրումները տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևոր օգտակար հանածոների ոլորտում։

Միաժամանակ, Tripp+ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը ներառված է Հայաստանի կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Կոնստանտին Սոկոլովն այն 36 նվիրատուներից է, ովքեր, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են ներդրել իր պարասրահի նախագծում։ Բրիտանական The Guardian-ը նախ այսպես է ներկայացնում Tripp+ ներդրումային հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնող անձին՝ նկատելով, որ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Իսկ Tripp -ը ղեկավարելը, փաստորեն, դիտարկվել է պետական պաշտոն։

Սոկոլովը մերժել է Guardian-ի հարցազրույցի խնդրանքը և չի պատասխանել իր նշանակման վերաբերյալ հարցերին։ Սպիտակ տունը հարցերն ուղղորդել է Պետդեպարտամենտ։

Ըստ The Guardian-ի՝ «Tripp+» հիմնադրամը զբաղվելու է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» նախագծով, որը ենթադրում է 27 մղոնանոց առևտրային ուղու կառուցում՝ ձգվող Հայաստանի հարավով և Ադրբեջանով։ Պետդեպարտամենտի խոսնակին հղում անելով՝ պարբերականը գրում է, որ 201 միլիոն դոլար բյուջեով հիմնադրամն իրավասու է վարկեր տրամադրել, բաժնետիրական ներդրումներ անել և դրամաշնորհներ տրամադրել՝ խթանելու ռազմավարական մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Նախագծի կարևորությունն ընդգծելու համար պարբերականը մեջբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին Երևանում Tripp+ հիմնադրամին տված բնորոշումը՝ այն համարելով «պատմական վերափոխման մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ»։ Հիշեցվում է նաև Միրզոյանի հայտարարությունը, որ Tripp+-ի կյանքի կոչումը «հիմքեր կստեղծի թե՛ հայերի, թե՛ ամերիկացիների համար՝ գումար վաստակելու և բարգավաճելու»։

The Guardian-ը գրում է՝ պարզ չէ, թե կոնկրետ ինչպե՞ս Սոկոլովը կամ Ամերիկան կարող են օգուտ քաղել հիմնադրամից, կամ վերջինս կվարձատրվի՞ արդյոք իր աշխատանքի համար։ Ներկայացված են նաև Սոկոլովի կենսագրական մի քանի փաստեր․ մեջբերում․

Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերության՝ «Viva Armenia»-ի խոշոր բաժնետեր է, նաև պաշտոններ է զբաղեցնում «Northern Pillar Energy Consortium»-ում՝ մաքուր էներգիայով և ստորջրյա մանրաթելային մալուխներով զբաղվող ընկերությունում, ինչպես նաև «Pelagos Data Centres»-ի նախագահն է։ Սոկոլովը խոշոր ներդրող է ավելի քան 20 տարի՝ ենթակառուցվածքային և հեռահաղորդակցության միջազգային նախագծերում։ Ունի կառավարություններին և խոշոր ընկերություններին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու փորձ։

Պետդեպարտամենտի խոսնակը Tripp+-ի վերաբերյալ հայտարարել է․

Հիմնադրամը կպահպանի օրենսդրական պահանջները՝ տարեկան հաշվետվությունները և անկախ աուդիտը, նաև՝ դրամաշնորհային դրույթները և շահերի բախման պահանջները։

Անցյալ օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի միջնորդությունը, 9 միլիարդ դոլար Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտին տրամադրվող ներդրումները և 11 միլիոն դոլարի ամերիկյան հետախուզական անօդաչուների վաճառքը Հայաստանին The Guardian-ը գնահատում է որպես աննախադեպ քայլ։ Պարբերականը հավելում է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC), որը ղեկավարում է մասնավոր ներդրող Բեն Բլեքը, նույնպես հայտարարել է «Tripp Development Company» հիմնելու մասին։ Այն պետք է երկաթգծեր և այլ ենթակառուցվածքներ կառուցի երթուղու վրա, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանին, նաև՝ Հայաստանին և Թուրքիային։

Միաժամանակ, Tripp+-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցը կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում է։ Որոշման նախագծով նախատեսվում է, մեջբերում․

  1. Հավանություն տալ 2026-ի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ և ԱՄՆ միջև «ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

Համաձայնագիրը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան։ Սահմանադրությանը համապատասխան գնահատվելու դեպքում կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունը կներկայացնի Ազգային ժողով՝ վավերացման։ Կառավարության ներկայացուցիչ ՍԴ-ում նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Կարդացեք նաև

Back to top button