
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծոռը՝ Սամուել Չատտոն, հայտարարել է բրիտանահայ նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի հետ նշանադրության մասին։ Լուրը լայն արձագանք է ստացել ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև միջազգային մամուլում, որի ուշադրության կենտրոնում ոչ միայն թագավորական ընտանիքում սպասվող հարսանիքն է, այլև Էքսերջյանի հայկական արմատներն ու ստեղծագործական ճանապարհը։
Բրիտանական թագավորական ընտանիքը շուտով հայկական արմատներով հարս կունենա։ Եղիսաբեթ Երկրորդի ծոռը՝ Սամուել Չատտոն, հայտարարել է իր և բրիտանաբնակ հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանի նշանադրության մասին:
Չատտոն Ինստագրամում իր և Էլեոնորի լուսանկարներն է հրապարակել, նաև նշանադրության մատանին, որն ինքն է պատրաստել։ Եղիսաբեթ Երկրորդի ծոռը ստեղծում է ձեռագործ կերամիկական աշխատանքներ, ունի իր արվեստանոցը։
Ինսթագրամյան հրապարակմանը կից Չատտոն գրել է․
«Իսկապես ուրախ եմ հայտնելու, որ Էլլին և ես նշանվել ենք։ Մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել»։

Բուքինգեմյան պալատը ևս հաստատել է նշանադրության մասին տեղեկությունը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկու ընտանիքներն էլ ուրախ են զույգի նշանադրության առիթով, իսկ թագավոր Կարոլոս Երրորդն անձամբ է շնորհավորել նրանց։
Զույգը պլանավորում է ամուսնանալ 2027-ի գարնանը, բայց կոնկրետ ամսաթիվ դեռ չի հայտարարել։
Բրիտանական մամուլը գրում է՝ Սամուել Չատտոն ու Էլեոնոր Էքսերջյանը միասին են 2021 թվականից։ Զույգը ծանոթացել է Էդինբուրգի համալսարանում սովորելու տարիներին։ Էքսերջյանը հետագայում արդեն մասնակցել է թագավորական ընտանիքի որոշ միջոցառումների․ 2024 թվականի դեկտեմբերին նա Չատտոյի և թագավորական ընտանիքի անդամների հետ մասնակցել է Սանդրինգհեմի եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին։ Իսկ այս տարվա հունիսին ներկա է եղել Պիտեր Ֆիլիպսի և Հարիեթ Սպեռլինգի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Քոթսվոլդսում։

Ժառանգների շարքում 30-րդ տեղը զբաղեցնող Չատտոն թագավորական ընտանիքի անդամ չէ, բայց մասնակցում է ընտանեկան խոշոր միջոցառումներին: Մինչև Էդինբուրգի համալսարանն ավարտելն ու արվեստի պատմության մագիստրոսի աստիճան ստանալը սովորել է Իթոն քոլեջում: Այդ տարիներից զբաղվել է նկարչությամբ՝ աշխատելով հիմնականում կերամիկայի և տպագրության ոլորտում։ Նրա հարսնացուն համատեղում է նկարչությունն ու կինոն։
Ամերիկյան Town and Country ամսագիրը վերջինիս մասին գրում է։
«Էլեոնոր Էքսերջյանը, որը զբաղվում է նկարչությամբ և կինոյով, 2024 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Պատկերացրած լանդշաֆտները»։ Այն վերջերս ցուցադրվել է Լոնդոնի Դեյվիդ Մեսումսի գեղարվեստական պատկերասրահում, պատմում է Հայաստան նրա առաջին այցի մասին՝ երկիր, որի բնապատկերը նա պատկերացրել է, սակայն երբեք չի տեսել՝ Մեծ Բրիտանիայում ծնված և մեծացած լինելու պատճառով»։
Էքսերջյանն առաջին անգամ Հայաստան է եկել 2022 թվականին։ Այցից ոգեշնչված նկարահանել է իր դեբյուտային ֆիլմը՝ «Պատկերացրած լանդշաֆտներ»-ը:

Հայկական լանդշաֆտների թեման կա նաև Էլեոնորի լուսանկարներում։ Դրանք պատկերում են հայկական բնապատկերները, միջնադարյան վանքերն ու պատմական վայրերը:
Հայաստանից Բրիտանիա վերադառնալով՝ Էքսերջյանը լուսանկարների շարք է հեղինակել և դրանք ներկայացրել իր անհատական առաջին ցուցահանդեսում՝ «Մենք ենք մեր լեռները» խորագրով։
Նա այս գործերն անվանում է «հիշողության լանդշաֆտներ»՝ նշելով, որ ինքը դրանց միջոցով աշխարհը ամենահարազատ ձևով է զգում:

2025 թվականին Էքսերջյանը դարձյալ եկել է Հայաստան՝ շարունակելու միջնադարյան վանական համալիրների ուսումնասիրությունը։ Արվեստաբանները նրա այցը «ստեղծագործական գործուղում» են որակել՝ նշելով, որ սպասում են նոր ցուցահանդեսի:




