
Մարզվել առողջությունը չվնասելու երաշխիքով. ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների համար սահմանված պարտադիր հավաստագրման պահանջը մտնում է գործնական փուլ։ Ինչպես է կիրառվելու այդ մեխանիզմը, և ինչ խնդիրներ ու բացեր կան ոլորտում։
Առողջ ապրելակերպը և մարզված լինելը ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում Հայաստանում։ Այդ ճանապարհին շատերը նախապատվությունը տալիս են մարզասրահներին։ Այսօր մարզասրահների առաջարկած ամսական փաթեթների արժեքը սկսվում է 8․000 դրամից և կարող են հասնել մինչև 30․000-ի՝ կախված սրահի ճանաչվածությունից և առաջարկվող ծառայություններից։ Մարզասարքերից օգտվելու ամսավճարը տատանվում է 16․000 դրամի սահմաններում։ Նրանց, ովքեր նախընտրում են երկարաժամկետ տարբերակները, կենտրոնները տարեկան բաժանորդագրություն են առաջարկում՝ 150․000 դրամից մինչև 500․000 դրամ արժեքով։
Որքանո՞վ են արդարացված այդ սակագները, արդյո՞ք մարզասրահներում ծառայությունները մատուցվում են հավուր պատշաճի։ «Ռադիոլուր»-ը զրուցել է մարզասրահ հաճախող քաղաքացիների հետ․
«Կար սարքավորումների լուրջ խնդիր։ Դահլիճը շատ փոքր էր, մեկ մարզասարքի մոտ միանգամից 5-6 հոգի հերթ էր կանգնում, ինչն ավելորդ երկարացնում էր պարապմունքի ժամանակը։ Մարզասարքերն ինքնին մաշված էին ու փոշոտ, միջավայրն ընդհանրապես մաքուր չէր, իսկ հանդերձարանները՝ փոքր։ Քանի որ տարեկան փաթեթ էի գնել, թեև դեկտեմբերից այլևս չեմ գնացել, ստիպված եղա ողջ տարվա համար գումար վճարելու»։
Մեր զրուցակիցը նաև վստահ չէր՝ արդյո՞ք մարզիչն ուներ համապատասխան կրթություն, թե պարզապես սիրողական սպորտով զբաղված մեկն էր․
«Մարզիչն ընդհանրապես ցույց չէր տալիս վարժությունների կատարման ճիշտ տեխնիկան, իսկ պարապմունքների ընթացքում երկար ժամանակ սրահում չէր էլ լինում՝ հաճախորդներին թողնելով բարձիթողի վիճակում։ Եղել է, որ մեկ ամիս վարժությունը սխալ ենք արել, հետո ենք իմացել, որ դա սխալ էր, ինչը բնականաբար ազդում է մարմնի վրա»։
Խնդիրները, սակայն, միայն մարզիչների մասնագիտական պատրաստվածությամբ չեն սահմանափակվում։ Ոչ պակաս մտահոգիչ է մարզասրահների գերծանրաբեռնվածությունը, ինչն ուղղակիորեն ազդում է սպասարկման վրա։ Մեր մյուս զրուցակիցը, որը երկար ժամանակ օգտվել էր մարզասրահից, պատմեց, որ հաճախորդների անվերահսկելի հոսքի պատճառով ստիպված է եղել հրաժարվելու մարզումներից․
«Առանց հաշվարկի աբոնեմենտներ էին վաճառում։ Օրինակ՝ գնում ես տարեկան փաթեթը, քեզ տալիս են հատուկ թևնոց մուտք ու ելք անելու համար, բայց ներսում որ ժամին գնայիր՝ առավոտյան յոթին, թե երեկոյան, միշտ լիքն էր։ Օր է եղել, որ 20 րոպե սպասել եմ, որ հանդերձարանում պահարան ազատվի, որ կարողանամ փոխվել։ Մարդկանց անդադար հոսքի պատճառով հիգիենիկ վիճակն էլ էր բավական վատ, ու պարզապես չէին հասցնում մաքրել։ Ինչ վերաբերում է մարզիչներին, նույնիսկ եթե տեսնում էին, որ վարժությունը սխալ ես անում, մեկ է՝ չէին մոտենում ու չէին ուղղում»։
Ֆիթնես ծառայության որակը հաճախ կախված է գնից։ Բարձր գնային սեգմենտում գործող մարզասրահներում ծառայությունների որակից ու հիգիենիկ պայմաններից որպես կանոն հաճախորդները գոհ են․
«Արդեն մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս մարզասրահը և շատ գոհ եմ թե՛ մաքրությունից, թե՛ իմ վճարած գումարի դիմաց ստացած արդյունքից։ Ճիշտ է՝ համեմատած մյուս սրահների, որտեղ նախկինում մարզվել եմ, այստեղ բավական բարձր եմ վճարում, բայց փոխարենը ստանում եմ հենց այն արդյունքն ու որակը, որն ինձ անհրաժեշտ է»։
Մարզասրահներում առկա խնդիրները կարծես իրավական լուծում են ստանում։ Ֆիթնես կենտրոնների ու մարզասրահների մարզիչներն այսուհետև պարտադիր որակավորում պետք է անցնեն։ Նոր կարգավորումների գործնական կիրառության մանրամասները «Ռադիոլուր»-ին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը․
«Այս պահի դրությամբ մենք դեռևս չունենք վերապատրաստում անցած մարզիչներ, քանի որ բուն գործընթացը դեռ չի մեկնարկել։ Ծրագրի իրականացման համար ընտրել ենք ֆիթնես կենտրոններ, որոնք պետք է վերապատրաստեն մարզիչների, սակայն նրանց ներկայացրած ծրագրերը նախ պետք է երաշխավորվեն։ Այդ նպատակով նախագծերն ուղարկել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Այն ծրագրերը, որ կստանան բուհի երաշխավորությունը, հենց դրանցով էլ մարզիչները կանցնեն համապատասխան վերապատրաստումը»։
Այս նախաձեռնությանը դրական են արձագանքում նաև ֆիթնես կենտրոններում։ Մարզիչներից մեկը՝ Մոնթե Մարտիկյանը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Մոնթեն ասաց, որ ինքն էլ է մտադիր լիցենզիա ստանալու համար վերապատրաստվելու.
«Շատ դրական եմ վերաբերվում այս ծրագրին։ Եթե լիարժեք չես տիրապետում քո աշխատանքին, ապա մարդկանց օգնելու փոխարեն կարող ես պարզապես վնասել նրանց»։
Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ընդգծեց, որ իրավական նոր կարգավորումները կսկսեն գործել մոտ երկու շաբաթից։ Պաշտոնյան վստահեցրեց, որ վերահսկվելու է նաև մարզասրահների գովազդային քաղաքականությունը սոցիալական հարթակներում ու լրատվամիջոցներում, որպեսզի կանխվեն չհիմնավորված խոստումներն ու խաբեությունը։




