
ԱՄՆ զինված ուժերն իրականացրել են զանգվածային ավիահարվածների հերթական շարքը, որին զուգահեռ վերսկսվել է իրանական նավահանգիստների ծովային լիակատար շրջափակումը։
Ամերիկյան կործանիչների, անօդաչու թռչող սարքերի և ռազմական նավերի թիրախում են հայտնվել հիմնականում հրթիռների պահեստները, ափամերձ ռադարներն ու ԱԹՍ-ների բազաները՝ նպատակ ունենալով չեզոքացնել միջազգային նավագնացությանը սպառնացող վտանգները։
Պայթյուններ են գրանցվել Չաբահար, Բուշեր, Աբադան և Մախշահրա նավահանգստային քաղաքներում, ինչպես նաև Քեշմ և Քիշ կղզիներում։ Սահմանված ծովային շրջափակման համաձայն՝ արգելվում է առևտրային նավերի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ։
ԱՄՆ նախագահ Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող բեռների համար նախապես հայտարարված 20 տոկոս մաքսատուրքից, քանի որ Պարսից ծոցի արաբական երկրները համաձայնել են միլիարդավոր դոլարների այլընտրանքային ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսության մեջ։
Այս էսկալացիայի ֆոնին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կարևոր բանակցություններ է անցկացրել Իրաքի նորանշանակ վարչապետ Ալի ալ-Զաիդիի հետ։ Վաշինգտոնը բացահայտորեն փորձում է Բաղդադի նոր կառավարությունն օգտագործել որպես ռազմավարական հենակետ, որպեսզի թուլացնի Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում և մաքրի Իրաքի տարածքը իրանամետ շիա զինյալների խմբավորումներից ու պրոքսի ուժերից՝ դրանով իսկ փակելով Իրանի ցամաքային մատակարարման ուղիները։
Ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին, ինչպես նաև թիրախավորել Քուվեյթի լոգիստիկ կենտրոնները: Օդային հարձակումներ են գրանցվել նաև Հորդանանի ուղղությամբ:
Բացի այդ, Օմանի ծովում և Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել ԱՄԷ-ին և Սինգապուրին պատկանող առևտրային տանկերներ։ Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ ամերիկյան շրջափակմանն աջակցող ցանկացած գործողություն կդիտարկվի որպես պատերազմական գործողություն, և նախազգուշացրել է, որ հակամարտությունը կարող է համակել ողջ Մերձավոր Արևելքը։
Ակտիվ ռազմական գործողությունների հետևանքով նեղուցով անցնող նավերի հոսքն արդեն կրճատվել է ավելի քան 52 տոկոսով։




