Սփյուռքի ձայնը

Քաղաքական «պինգ-պոնգ» և բարոյական պարտք. ինչո՞ւ է Իսրայելն այսօր կրկին խոսում Հայոց Ցեղասպանության մասին. «Սփյուռքի ձայնը»

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի Քնեսեթում նման է եղել մի զգայուն նժարի, որը տատանվել է ոչ թե պատմական արդարության, այլ քաղաքական նպատակահարմարության ազդեցությամբ։ Այն, ինչ տարիներ շարունակ համարվում էր «քաղաքական առևտրի առարկա», այսօր ստանում է նոր՝ ռազմավարական նշանակություն։

«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի շրջանակներում իսրայելական քաղաքական անցուդարձին քաջածանոթ փորձագետ, «Իսրայելահայեր» պարբերականի խմբագիր Արտյոմ Չերնամորյանը պարզաբանում է՝ արդյո՞ք Իսրայելը վերջապես պատրաստ է անցնել «կարմիր գիծը»։

35 տարվա սպասում. երբ պատմությունը դառնում է դիսցիպլին, բայց ոչ օրենք

Ճանաչման գործընթացը Իսրայելում նոր չէ։ Այն սկսվել է դեռևս 35 տարի առաջ, երբ հայ դատի նվիրյալները փորձում էին հարցը բերել օրակարգ։ Սակայն, ինչպես նշում է Արտյոմ Չերնամորյանը, հաջողությունները սահմանափակ էին. «Այն տարիներին միակ հաջողությունն այն էր, որ Յոսի Սարիդը կարողացավ դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանությունը մտցնել որպես դիսցիպլին»։

Տարիներ շարունակ Թուրքիայի հետ «բարեկամությունը» արգելակել է ցանկացած լուրջ առաջխաղացում։ Անգամ երբ հարաբերությունները լարվում էին, ինչպես 2010-ի «Մավի Մարմարայի» դեպքերի ժամանակ, միևնույն է, ներողությունն ու փոխհատուցումը բավարար էին հարցը կրկին դարակներում թաքցնելու համար։

Իրանից հետո՝ Թուրքիան. ռազմավարական շրջադարձ

Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։ Իսրայելական վերլուծական կենտրոններն արդեն բարձրաձայնում են՝ Իրանից հետո Իսրայելի թիվ մեկ ախոյանը դառնում է Թուրքիան։ «Այսօր տեսնում եք, թե ինչպիսի «պինգ-պոնգ» է տեղի ունենում Թուրքիայի և Իսրայելի միջև՝ փոխադարձ մեղադրանքներով»,- ասում է Արտյոմը։

Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի համար այլևս միայն բարոյական հարց չէ, այլ ուժեղ «խաղաթուղթ»՝ Էրդողանի տարածաշրջանային հավակնությունները սանձելու համար։ Թուրքիան զինում է խմբավորումների Սիրիայում, ռազմաբազաներ է ստեղծում Աֆրիկայում, իսկ Իսրայելը պատասխանում է իր քայլերով՝ սկսած Սոմալիլենդի հետ համագործակցությունից մինչև Քնեսեթում Ցեղասպանության բանաձևի կրկնակի արծարծում։

«Մի՛ օգտագործեք մեր նահատակների հոգիները կեղտոտ խաղերում»

Չնայած քաղաքական շահերի բախմանը, իսրայելահայ համայնքի դիրքորոշումը մնում է անդրդվելի ու հպարտ։ Արտյոմ Չերնամորյանը հիշեցնում է 2018 թվականի իրենց կոշտ հայտարարությունը. «Մենք արգելում ենք այլևս Հայոց ցեղասպանությունն օգտագործել Թուրքիայի դեմ կեղտոտ խաղերում… մարդկանց շիրիմներն ու հոգիները հանգիստ թողեք»։

Սակայն փորձագետը նաև սթափ հայացքով է նայում իրողությանը։ Նրա պնդմամբ՝ Հայաստանը պետք է դուրս գա զուտ «զոհի» կերպարից և սովորի խաղալ մեծ քաղաքականության կանոններով։

Նոր առանցք. Իսրայել-Կիպրոս-Հունաստան և Հայաստանի բաց թողնված հնարավորությունը

Հաղորդման ամենաինտրիգային հատվածը վերաբերում է նոր ձևավորվող ռազմավարական առանցքին։ Իսրայելը, Կիպրոսն ու Հունաստանը ստեղծում են մի դաշինք, որի «կնքահայրը» Վաշինգտոնն է։ Արտյոմ Չերնամորյանի հորդորը հստակ է՝ Հայաստանը պետք է լինի այս խաղի մեջ։

«Մեր կառավարությունը «Իսրայել ասելով հասկանում ես Ամերիկա, Ամերիկա ասելով՝ Իսրայել» ֆորմուլան չի ուզում ընդունել… Հայաստանը պետք է ներգրավվի այս ռազմական դաշինքի մեջ»։ Ըստ փորձագետի՝ սա Հայաստանի համար ճանապարհ է դեպի Միջերկրական ծով և դեպի ավելի անվտանգ ապագա՝ հեռու լինելով զուտ տարածաշրջանային սեղմված օղակից։

«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը, եթե տեղի ունենա, չպետք է լինի ընդամենը հուզական հաղթանակ հայության համար։ Դա պետք է լինի դաս՝ պրագմատիզմի և պետական շահի առաջմղման մասին»,- եզրափակում է Արտյոմ Չերնամորյանը։

Կարդացեք նաև

Back to top button