
Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը շարունակում է խստացվել, դրան զուգահեռ դժվարանում է միգրացիոն իրական պատկերը գնահատելը։ 2024 թվականից հետո ՌԴ ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է ամբողջական վիճակագրության հրապարակումը՝ սահմանափակելով այն տվյալների հասանելիությունը, որոնց միջոցով հնարավոր էր հետևել օտարերկրացիների տեղաշարժին, աշխատանքի նպատակով մուտքերին և երկրից ելքերին։ Փորձագետների խոսքով՝ տեղեկատվության անհասանելիությունը դժվարացնում է Հայաստանից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայի իրական ծավալների գնահատումը։
Մինչև 2024 թվականը ՌԴ ներքին գործերի նախարարությունը պարբերաբար հրապարակում էր միգրացիոն ամբողջական վիճակագրությունը։ Բաց տվյալներում ներկայացվում էին տարբեր երկրներից մուտքերի և ելքերի քանակը, այցերի նպատակները, կացության կարգավիճակ ստացած անձանց, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերածների վերաբերյալ տեղեկությունները։
Այս տվյալների բազան երկար տարիներ հասանելի էր մասնագետներին։ Սակայն 2024 թվականի առաջին կիսամյակից հետո վիճակագրությունն այլևս չի թարմացվել։
Սա անորոշություն է առաջացնում Հայաստանի միգրացիոն պատկերը վերլուծելիս՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
«Հիմա հնարավոր չէ այդ բազայից որևէ տվյալ նայել։ ՆԳՆ-ի տվյալների բազա էլ դրսից հնարավոր չէ մուտք գործել, որ կարելի է անել միայն Ռուսաստանի տարածքից։ Բայց, միևնույն է, իմ նշած բազաներին, անգամ Ռուսաստանի տարածքում հնարավոր չէ հասանելիություն ունենալ, այդ բազաները փակել հիմա»։
Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ տվյալների բազաների անհասանելիության հետևանքով հնարավոր չէ հետևել Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն միգրացիոն հոսքերին։ Փորձագետն ասում է՝ այդ տվյալները թույլ էին տալիս հասկանալ, թե ինչ նպատակով են Հայաստանի քաղաքացիները մեկնում Ռուսաստան, որքան է աշխատանքային պայմանագրերով աշխատողների թիվը, ինչպես նաև գնահատել իրական աշխատանքային միգրացիայի ծավալներն ու փոփոխությունները։
«Այնպես է ստացվել, որ հիմա մենք այդ բազան որևէ կերպ չունենք: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կազմակերպությունն աշխատում է աշխատանքային միգրանտների հետ, մենք պարբերաբար կարողանում ենք մեր շահառուների տվյալները համեմատել։ Մենք տեսնում ենք, որ ունենք հստակ նվազում, որովհետև պարբերաբար այցեր ենք կատարում համայնքներ, և տեսնում ենք, որ աշխատանքային միգրացիոն հոսքեր ունեցող համայնքներից հիմա դիտվում է ակտիվ նվազում»։
Փորձագետի խոսքով՝ ՌԴ ՆԳՆ-ից ՀՀ ՆԳՆ-ին հաղորդած տվյալներով՝ 2026 թվականի մայիսի դրությամբ, ավելի քան 23 հազար քաղաքացի 3-ից 5 տարի ժամկետով ՌԴ մուտքի արգելք ունի։
Տաթևիկ Բեժանյանն ասում է, որ հասանելի են միայն մուտքի արգելք ունեցող անձանց վերաբերող բազային տվյալները։ Սակայն բաց չեն այն տեղեկությունները, թե ինչ հիմքով կամ որ հոդվածով է սահմանվել այդ արգելքը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ այս ոլորտում համագործակցում են ՌԴ գործընկերների հետ։
«Սերտ համագործակցությունը դեռ վկայությունը չէ լավ արդյունքների, և այո՛, արդյունքները, եթե գնահատելու լինենք, շրջանցելով համագործակցության կտորը, պետք է համաձայնեմ այն գնահատականի հետ, որ իսկապես, մեր քաղաքացիների համար բավականին դժվար պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի Դաշնությունում, որը մեր աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղություններից է»։
Դժվար պայմաններ ասելով՝ Նելլի Դավթյանը նկատի ունի վարչարարական այն բարդ շղթան, որը պետք է անցնի աշխատանքային միգրանտը։ Բոլոր պահանջների կատարումն ամենևին երաշխավորում, որ խնդիրներ չեն ծագի ։
Միգրացիոն քաղաքականության խստացումը Ռուսասատնում բացատրում են անվտանգային նկատառումներով։ Նոր կանոնները վերաբերում են բոլոր օտարերկրացիներին, նաև Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներին։
Տավուշի մարզն ավանդաբար առաջատար է եղել արտագնա աշխատանքի մեկնողների թվով։ «Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով, սակայն, այդ նպատակով Ռուսաստան գնացողների թիվը տարեցտարի նվազում է։
«Դա վաղուց էր, բայց հիմա այդքան չեն քնում, այստեղից այդքան չկան։ Հա՛, ապրողներ կան, ասենք, որ շուտ տեղափոխվել են Ռուսաստան, այնտեղ հիմնական ապրում են, բայց որ գնան, աշխատեն գան, չկա։ Գյուղից այդքան չեն գնում արդեն։ Գյուղում հիմնականում գաջ են քսում, նրանց գործը հիմա շատ է։ Գյուղում 50 հատ այսպիսի տուն են սարքել»։
Քաղաքացիները նշում են, որ Հայաստանում կարողանում են աշխատանք գտնել և այդ պատճառով Ռուսաստանի Դաշնություն չեն մեկնում։ Ըստ նրանց՝ համայնքներում ընթացող ակտիվ շինարարությունը և աշխատատեղեր, և նորմալ վարձատրություն է ապահովում։
ՌԴ միգրացիոն խստացումներից մեկով՝ 2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանում ոստիկանությունը ստացել է նոր լիազորություններ․ եթե իրավապահները նույնիսկ կասկած ունեն, որ օտարերկրյա քաղաքացին կարող է որևէ խախտում թույլ տված լինել, այդ թվում՝ վարչական, կարող են մինչև 48 ժամ նրան անազատության մեջ պահել՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Եթե ստուգման արդյունքում որևէ խախտում է արձանագրվում, ապա ոստիկանությունն իրավունք ունի որոշ դեպքերում արտաքսել օտարերկրացուն Ռուսաստանի տարածքից՝ առանց դատարանի որոշման։




