
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը պարզաբանող խորհրդատվական տեսանյութեր։
Նախաձեռնության հիմնական նպատակն է բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումների որակը և նվազեցնել վիզայի մերժման հավանականությունը։
Ինչո՞ւ է սա կարևոր
ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխանող դիմումների ներկայացումը կարևոր է ոչ միայն անհատական ճամփորդական ծրագրերի իրագործման, այլև պետական մակարդակով վիզաների ազատականացման գործընթացի համար։
Մերժումների տարեկան ցածր ցուցանիշ ապահովելը գլխավոր նախադրյալներից է, որն առաջ է մղում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը։ Ժամանակին ներկայացված, ճիշտ կազմված և հստակ հիմնավորված դիմումը դրական է ազդում այս ընդհանուր գործընթացի վրա։
Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/…/schengen/Schengen-Visa-Guide-ARM.pdf




