
The Wall Street Journal (WSJ) պարբերականը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հասցրած պատասխան հարվածների մի մասը հասել է նպատակակետին:
Ըստ հրապարակման՝ Միացյալ Նահանգներին և դաշնակիցներին հաջողվել է չեզոքացնել հարձակումների մեծ մասը, սակայն իրանական որոշ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր շրջանցել են հակաօդային պաշտպանությունը: Այդուհանդերձ, ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ հասցված վնասը նվազագույն է, իսկ տուժածներ չկան:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ ի պատասխան ամերիկյան կողմի գործողությունների՝ իրենց զինված ուժերը հարվածել են Քուվեյթում գտնվող ԱՄՆ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգին: Ըստ իրանական կողմի՝ թիրախավորվել են նաև Քաթարում տեղակայված վաղ նախազգուշացման ռադարային համակարգը և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վառելիքի պահեստարանները:




