
Վիքիպեդիան՝ աշխարհի ամենամեծ առցանց ազատ հանրագիտարանը, այս տարի տոնեց իր ստեղծման 25-ամյակը։ Այսօր այդ հարթակը նյութեր է հրապարակում ավելի քան 340 լեզվով։ Հեղինակներն այստեղ ազատ բովանդակություն են ստեղծում ու տարածում ամեն ինչի մասին՝ Վիքիպեդիան դարձնելով գիտելիքի յուրահատուկ համաշխարհային շտեմարան։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում այս հսկայական տեղեկատվական ցանցը, ինչպե՞ս և ովքե՞ր են գրում հանրագիտարանի հոդվածները։
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունն արդեն 13 տարի գործում է Հայաստանում։ Կազմակերպության նախագահ Արշակ Շահինյանն ասում է, որ իրենք տարիներ շարունակ հետևողականորեն զարգացնում են հանրագիտարանը՝ ներգրավելով հազարավոր կամավորների․
«Վիքիպեդիան 2001 թվականին ստեղծել են Ջիմի Ուեյլսը և Լարի Սենգերը, իսկ հայերեն Վիքիպեդիայում առաջին հոդվածը հայտնվել է 2004 թվականին. դա եղել է «Հայաստան» հոդվածը»։
Արշակ Շահինյանն ասում է, որ հայերեն Վիքիպեդիայի զարգացման հարցում տարիներ առաջ առանցքային դեր է խաղացել «Մեկ հայ՝ մեկ հոդված» համազգային արշավը։ Այդ նախաձեռնության նպատակն էր համախմբել Հայաստանի և Սփյուռքի հայությանը, որպեսզի յուրաքանչյուրը գոնե մեկ որակյալ հոդված գրի կամ թարգմանի հայերեն։ Այս գաղափարի շուրջ համախմբվել են հանրային ճանաչում ունեցող գործիչներ տարբեր ոլորտներից։
Իսկ ովքե՞ր են հիմա ստեղծում հանրագիտարանի բովանդակությունը, և ինչպե՞ս է վերահսկվում դրա հավաստիությունը.
«Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները բացառապես կամավորներն են՝ հազարավոր նվիրյալներ, որ անդրադառնում են ամենատարբեր ոլորտների, գիտական թեմաների և արդիական իրադարձությունների։ Իսկ բովանդակության հավաստիությունն ու անաչառությունն ապահովելու համար որպես հիմք են ընդունվում բացառապես վստահելի, ստուգված փաստերն ու պաշտոնական, գիտական հրապարակումները»։
Արշակ Շահինյանն ընդգծում է, որ առցանց հանրագիտարանն ունի հստակ կանոններ, որոնց պահպանմանը հետևում են խստորեն։ Դրանցից առանցքայինը չեզոքության սկզբունքն է.
«Վիքիպեդիան տեղեկատվական աղբյուր է, որը որևէ տեսակետ կամ կարծիք չի պարտադրում ընթերցողին։ Եթե որևէ երևույթի կամ իրադարձության վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, ապա որակյալ հոդվածը պետք է հավասարապես ներկայացնի բոլոր կողմերի փաստարկները։ Սակայն այստեղ կա մի կարևոր վերապահում. ամեն ինչ պետք է հիմնված լինի բացառապես հեղինակավոր ու վստահելի աղբյուրների, այլ ոչ թե դեղին մամուլի կամ սոցիալական մեդիայի սուբյեկտիվ հրապարակումների վրա»։
Անուամենայնիվ, քանի որ Վիքիպեդիան բաց հարթակ է, հաճախ են մտահոգություններ հնչում, որ հոդվածներում կարող են լինել սխալներ կամ հնացած տեղեկություններ։ Այստեղ գտել են այդ խնդրի լուծման բանալին․
«Հնարավոր չէ լիովին խուսափել վրիպակներից կամ հնացած տեղեկությունից։ Սակայն, որքան էլ զարմանալի հնչի, հենց այդ նույն պայմանը՝ ազատ խմբագրման հնարավորությունը, այդ խնդրի լուծումն է։ Եթե ընթերցողը տեսնում է սխալ կամ անաղբյուր տեղեկություն, նա պարզապես սպառողից կարող է վերածվել բովանդակություն ստեղծողի։ Բավական է սեղմել «խմբագրել» գործիքը և թարմացնել փաստը։ Այստեղ կարևոր է հասկանալ. կապ չունի՝ մենք համաձայն ենք այդ տեղեկությանը, թե ոչ, էականը հստակ և հեղինակավոր փաստի առկայությունն է»։
Մեր օրերում, երբ արհեստական բանականության գործիքներն օրեցօր ավելի ու ավելի են տարածվում, թվում է, թե առցանց հանրագիտարաններն այլևս պահանջված չեն և կորցնում են իրենց արդիականությունը։ Սակայն, պարզվում է, ԱԲ գործիքների և Վիքիպեդիայի միջև սերտ կապ կա․
«Իրականում սա ոչ թե խնդիր է, այլ նոր իրողություն։ Վիքիպեդիայի հիմքում ազատության գաղափարախոսությունն է, և արհեստական բանականության մոդելները, օգտվելով այդ ազատությունից, «մարզվում» են հենց այս հարթակի տվյալների վրա ու սնվում դրանցից։ Ինչ-որ տեղ նշում են աղբյուրը, ինչ-որ տեղ՝ ոչ, մենք դրա դեմ ոչինչ անել չենք կարող, բայց փաստն այն է, որ ԱԲ գործիքները նույնպես պետք է ինչ-որ տեղից վերցնեն իրենց տեղեկատվությունը։ Իսկ որտեղի՞ց, եթե ոչ համաշխարհային ամենամեծ շտեմարանից»։
Արշակ Շահինյանն ասում է՝արհեստական բանականությունը պարզապես ձեր փոխարեն ինքն է կատարում տեղեկության որոնումը։ Եթե նախկինում մարդը ստիպված էր որոնողական համակարգերով ինքնուրույն փնտրելու անհրաժեշտ նյութերը, ապա հիմա պարզապես հարցնում է ԱԲ-ին և անմիջապես ստանում դրանք՝ ամենայն հավանականությամբ հենց Վիքիպեդիայից։ Չէ՞ որ Վիքիպեդիան մնում է համացանցի ամենաշատ մեջբերվող և առաջնային աղբյուրներից մեկը։
Հայերեն Վիքիպեդիայի բովանդակային որակն անդադար բարձրացնելու և արժեքավոր հոդվածների թիվն ավելացնելու համար «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը պարբերաբար մասնագիտացված միջոցառումներ, հավաքներ ու ճամբարներ է կազմակերպում։ Դրանք հաճախ նեղ ուղղվածության են լինում՝ ասում է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ–ի միջոցառումների համակարգող և Վիքիճամբարների ղեկավար Դավիթ Սարգսյանը․
«Ընտրվում են այն մասնակիցները, որ կարողանում են խմբագրել և լավ արդյունք են ցույց տվել. ընտրվում են ամենաակտիվներն ու որակյալ բովանդակություն ստեղծողները»։
Դասընթացներն անվճար են։ Դավիթ Սարգսյանը վստահեցնում է, որ իրենց մոտ դասավանդում են բարձրակարգ ու փորձառու խմբագիրներ։ Իսկ դա երաշխիք է, որ հայերեն առցանց հանրագիտարանի բովանդակությունւ էլ ավելի որակյալ կդառնա։
Դիանա Միքաելյան, «Ռադիոլուր»




