ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ձերբակալություններ ու քրեական վարույթներ․ ե՞րբ Փաշինյանը կատարված կհամարի իր նախընտրական խոստումը

Վերջին ընտրություններում քաղաքացիներից ստացած մանդատի իրացումը Հայաստանի վարչապետն առաջին հերթին տեսնում է դատաիրավական և հանրային արդարության ոլորտներում։ Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնում դատաիրավական համակարգի աշխատանքից, նաև ուղիղ մեղադրանքներ  ուղղում այդ համակարգում գործող «մաֆիային»։

Դատաիրավական համակարգից դժգոհում է նաև ընդդիմությունը՝ խոսելով ընտրովի արդարադատության մասին։ Այս քննարկումն ավելի ակտիվ է դարձել ընտրական պայքարի և հետընտրական հնարավոր զարգացումների շրջանակում։

Իրավապահների վերջին գործողությունների համար Հայաստանի վարչապետը ստանձնում է քաղաքական պատասխանատվություն՝ հիմնավորելով, որ տվել է նախընտրական խոստում և դրա համար ժողովրդից ստացել է մանդատ։ Վարչապետն ասում է, որ նախընտրական խոստումը դեռ կատարված չէ։

«Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես և խոստացել եմ, ամբողջ թալանվածը բոլորի հատիկ–հատիկ մինչև վերջ հետ բերվի և տակը մնա այն, ինչին ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այն ժամանակ, երբ «Մարտի 1»–ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության։ Այն դեպքում, որ խարդախությամբ և «քցելով» հարստություն կուտակածները ենթարկվեն պատասխանատվության։ Ոչ, չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են»։   

Թալանվածը «հատիկ առ հատիկ» հետ բերելու ձևակերպման մեջ են մտնում թերևս տարբեր գործիչների քրեական հետապնդումները։ Դատախազությունն, օրինակ, նոր վարույթով պահանջում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տիրապետության ներքո Դիլիջանում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին։ Քրեական մեկ այլ գործով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 16 դրվագով։ Նա կմնա կալանքի տակ։

Վարչապետ Փաշինյանը չի ընդունում իր հասցեին հնչող մեղադրանքը, թե իրավապահ համակարգը ծառայեցնում է քաղաքական նպատակներին։ Վարչապետը հիշեցնում է, որ քրեական տարբեր գործերով վարույթները նոր չեն նախաձեռնվել, դրանց  ընթացք է տրվել տարիներ առաջ։

«Ասում են` քաղաքական հետապնդում։ Ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել մինչև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների, պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար և դրա վեր ջը պետք է տրվի։ Այդ հրահանգները տրվել են շատ վաղուց և հարց է, թե ինչու այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել։ Ութ տարի մենք ստիպված ենք եղել պայքարել, այդ թվում դատաիրավական մաֆիայի դեմ, և այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել, և այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով, և մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ, դատաիրավական համակարգը նորմալ չի գործել»։

Թեև վարչապետը տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է իր դժգոհությունը դատաիրավական համակարգի աշխատանքից, բայց մինչև այս պահը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։

«Ով ինչի համար ինչ չափով պատասխանատու է, պետք է այդ պատասխանատվությունը կրի, որովհետև մարդիկ ուզում են ՀՀ–ում տեսնել կարգ ու կանոն։ Ուզում են տեսնել արդարություն և արդարադատություն։ Եվ պետք է տեսնեն, ուրիշ տարբերակ չկա»։

Ընդդիմադիր դաշտում սպասում են նոր ձերբակալությունների։ Թեկուզ այն պատճառով, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ԿԸՀ–ին դատախազության նոր միջնորդության մասին Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ ԿԸՀ–ն, սակայն, դատախազության միջնորդությունը հետ է ուղարկել այն հիմնավորմամբ, որ պատգամավորների թեկնածուների անձեռմխելիության ժամկետն արդեն ավարտվել է։ 

Դատախազությունից չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակում են ցանկանում Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավել, չեն հայտնում նաև հետագա քայլերի մասին։ Փոխարենը՝ իրեն առնչվող քրեական այլ գործի դատավարությունից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանն է խոսել ընդդիմադիր գործիչներին, իր ձևակերպմամբ, ակտիվորեն «մեկուսացնելու» մասին։  

«Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք։ Այդ սխալները կլինեն ճակատագրական, և այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես»։  

Ծառուկյանն, ի դեպ, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է տարածել։ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված գործը համարում է «կեղծ և սարքովի», կրկնել է, որ ԲՀԿ-ն բավարար ձայներ էր ստացել Ազգային ժողով անցնելու համար։

Շատերը համոզված են, որ Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկությունը և բերման ենթարկելու հրահանգը տրվել էր անմիջապես վարչապետ Փաշինյանի կողմից։ Մինչդեռ վարչապետը վստահեցնում է, որ քննարկվող դրվագների մանրամասներից տեղյակ չէ։

«Ես Ձեզ համար նորություն ունեմ ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում։ Դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերում է «ասֆալտին փռելու» և ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց և հարց է, թե ինչու այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել»։

Վերջին ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի մեկ այլ թեկնածու ևս ձերբակալվեց։ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Մի րոպե, ներխուժել եք մեր բնակարան ու չեք ասում՝ ինչի՞ եք ներխուժել»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական վարույթի շրջանակում Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մասով։

Հունիսի 12-ին Քննչական կոմիտեն քաղաքական գործչի բնակարանում խուզարկություն էր իրականացրել, ինչից հետո Մանուկյանը հրավիրվել էր ՔԿ, սակայն որևէ մեղադրանք նրան չէր ներկայացվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քննչական գործողությունները կատարվել էին պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի շրջանակում, որով մեղադրվում է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։


Կարդացեք նաև

Back to top button