ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Արարատցեմենտ»-ը վերսկսեց աշխատանքը․ կառավարությունը պատրաստվում է պետականացնել ընկերությունը

«Արարատցեմենտ»-ը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը։ Իրավական գործընթացների պատճառով ժամանակավորապես դադարեցված արտադրությունը վերականգնվում է կառավարության և իրավապահ մարմինների քննարկումների ֆոնին։ Կառավարությունը հայտարարում է, որ փորձում է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության անխափան աշխատանքը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ընկերությունն առաջիկայում կանցնի պետական կառավարման։ Միաժամանակ գործարանի աշխատակիցները շարունակում են բարձրաձայնել իրենց սոցիալական խնդիրների և աշխատանքի դադարեցման հետևանքների մասին:

«Արարատցեմենտ» գործարանը մի քանի օր տևած դադարից հետո մասնակիորեն վերսկսել է աշխատանքը։ «Ռադիոլուր»-ը տեղում արձանագրել է գործարանի հիմնական սարքավորումների գործարկման աշխատանքները։

Գործարանի աշխատանքներին մասնակցելու են բոլոր ստորաբաժանումները, բացառությամբ վարչական շենքի, որի դուռը դեռևս կապարակնքված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Փոխնախարարը «Արարատցեմենտ» էր այցելել՝ գործարանի ղեկավարության հետ քննարկելու արտադրության շարունակականության ապահովման հարցը։ Արդյունաբերության ոլորտը համակարգող պաշտոնյան նշել է, որ քննարկումների նպատակը հասկանալն է՝ ինչպես կազմակերպել աշխատանքը այնպես, որ իրավական գործընթացները չխոչընդոտեն արտադրությանը։

«Հիմա մենք եկել ենք՝ հասկանալու՝ կարող ենք այնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը։ Կարծում եմ՝ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները որևէ ազդեցություն չունենան արտադրության շարունակականության վրա»։

Զաքարյանի խոսքով՝ հարցի շուրջ քննարկումներ են եղել ինչպես գործարանի տնօրենի, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

«Երեկվանից քննարկում ենք ունեցել տնօրենի հետ, և ես անձամբ քննարկում եմ ունեցել իրավապահ մարմինների հետ։ Հիմա կփորձենք այնպես անել, որ աշխատանքն իրականացվի։ Մեզ համար «Արարատի ցեմենտ»ի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է, և այնպես ենք անելու, որ նրա աշխատանքները չխաթարվեն»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտը» մոտ ապագայում պետական կառավարման ներքո է լինելու։ Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ ընկերությունում կառավարիչ կնշանակվի սահմանված ընթացակարգով։

«Պետք է տեղի ունենա բալանսավորված մոտեցում։ Այն, ինչ պետք է պետության շահերը, այդ թվում՝ գողացված գույքերը վերադարձնելու համար, այդ պրոցեդուրաները պետք է տեղի ունենան։ Բա ի՞նչ անեն այն գործարարները, որոնք «գցվել են», որոնց ունեցվածքն իրենց «ձեռքից առել են»։ Օրինականությունը պետք է տեղի ունենա տրամաբանության սահմաններում»։

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները մինչև այդ վաղ առավոտից ակցիա էին անցկացնում՝ բողոքելով իրավապահ մարմինների կողմից գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու դեմ։

«Չորրորդ օրն է՝ մենք անգործ տանն ենք։ Երկուշաբթի ուզել ենք գանք աշխատանքի, մեզ չեն թողել ներս։ Խանութներում պարտքեր ունենք։ Այսպես անո՞ւմ են։ Բանվորին ինչո՞ւ ես կպնում, ժողովրդին ինչո՞ւ ես կպնում, ցեմենտի գործարանը ինչո՞ւ ես փակում»։

«Արարատցեմենտ»-ը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այս պահին կալանավորված է խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։

Հուլիսի 6-ին իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 այլ հասցեներում։ Նույն վարույթի շրջանակում Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ տարածքները կապարակնքվել էին։

Գլխավոր դատախազությունը մայիսի 20-ին հայտնել էր, որ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Ավելի ուշ հայտարարվել էր նաև «Արարատցեմենտ»-ին պատկանող հողամասերի և առողջարանի ձեռքբերման գործընթացներում արձանագրված խախտումների մասին։

Կարդացեք նաև

Back to top button