
Խաղաղության գործընթացը, նոր Սահմանադրությունը, սահմանազատումը, անկլավների ու էքսկլավների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի առանցքային թեմաներն էին։
Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին օրակարգին վերաբերող հարցերը չեն քննարկվում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի հերթական հայտարարությանը, ըստ որի՝ Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, որտեղ, պաշտոնական Բաքվի պնդմամբ, տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա իշխող մեծամասնության նախընտրական ծրագրում է արձանագրված նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը, դա դրսից եկած պահանջ չէ՝ հերթական անգամ հայտարարեց Փաշինյանը։
«Ժողովուրդը քվեարկել է՝ 726 000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը, զուտ սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ, այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգը կա, դա նախընտրական պարտավորություն է։ Մենք պետք է վերլուծենք իրավիճակը և դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»։
Նոր Սահմանադրության նախագիծը մինչև տարեվերջ կհրապարակվի։ Փաշինյանը պարզաբանեց՝ հապաղման պատճառն այն է, որ եղել են առաջարկներ, որոնք պետք է քննարկվեին, բայց քանի որ նախընտրական շրջան էր, այդ քննարկումները հետաձգվել էին՝ ընտրություններից հետո ավելի հանդարտ պայմաններում դրանք քննարկելու համար։
Իսկ սահմանազատման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական հաղորդագրություններով՝ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով դրա ընթացիկ փուլին վերաբերող հարցին։
«Եթե չկա պաշտոնական հաղորդագրություն, նշանակում է՝ կարևոր նոր զարգացում տեղի չի ունեցել»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում դրական միտումների մասին է խոսել Ադբրեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա համոզմունք է հայտնել, որ սահմանազատման գործընթացում անկլավների հարցը ևս լուծում կգտնի։ Ինչ է սա ենթադրում, և համընթա՞ց է Հայաստանի քայլերին։ Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրեց՝ էքսկլավների և անկլավների թեմայի մասին խոսել է դեռ նախընտրական շրջանում։
«Մենք պետք է լուծենք բոլոր կիսատ մնացած հարցերը»,- շեշտեց վարչապետը՝ պարզաբանելով, որ հայկական կողմը նույնպես շահագրգռվածություն ունի այս հարցում, քանի որ Արծվաշեն գյուղը հայկական էքսկլավ է Ադրբեջանի վերահսկողության ներքո, մինչդեռ այն ՀՀ ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սկզբունքների։
«Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, դա արդեն քննարկման հարց է»։
Հարցը կա, սակայն որևէ որոշում կամ պայմանավորվածություն դեռ չկա՝ մանրամասնեց վարչապետը՝ շեշտելով, որ այդ հարցերը կկարգավորվեն սահմանազատման ընթացքում։ Հայաստանը կառուցողական է տրամադրված, և Փաշինյանը մտավախություն չունի, որովհետև իրավիճակը հայելային է․ կա Արծվաշենը, կան նաև ադրբեջանական անկլավները։ Ինչ լուծում կտրվի Արծվաշենին, նույն սկզբունքով կլուծվեն նաև մյուսների հարցերը։
Փաշինյանի ձևակերպմամբ՝ հարցը տեղափոխվել է այնպիսի հարթություն, որպեսզի այդ թեմայի շուրջ լրացուցիչ լարվածություն, այդ թվում՝ արտաքին կողմերից, չստեղծվի։
Խնդրի լուծման երկու տարբերակ է մատնանշում Հայաստանի վարչապետը։ Ըստ այդմ՝ դրանք կարող են պահպանել անկլավի կամ էքսկլավի կարգավիճակը, ինչպես խորհրդային տարիներին, իսկ երկրորդ տարբերակով՝ հնարավոր է պայմանավորվել տարածքների համարժեք փոխանակման շուրջ։
«Այս հարցերը մենք խաղաղության տրամաբանությամբ պետք է հասցեագրենք՝ առանց իրար համար պրոբլեմներ ստեղծելու։ Բայց եթե կգանք որևէ լուծման, եթե կգանք այնպիսի լուծման, որը ժողովրդի կամարտահայտման կարիք կունենա, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ժողովրդին կդիմենք մենք հարցով։ Եթե լինի այն դեպքը, որ դա Հայաստանի օրենսդրության համաձայն պետք է նման ընթացակարգերի բերի»։
TRIPP նախագծի շրջանակում որևէ կոնսպիրացիա՝ գաղտնի պայմանավորվածություն չկա, և այդ առումով Հայաստանը գործում է թափանցիկ, հայտարարեց վարչապետը՝ արձագանքելով TRIPP նախագծի համատեքստում Իրանի հետ հարաբերություններին և իրանական մտահոգություններին վերաբերող հարցին։
«Այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել և պատրաստ ենք պատասխանել, և այս ուղերձն ենք տվել։ Մտահոգությունը՝ մտահոգություն, շատ լավ, պետք է ձևակերպել՝ մտահոգությունը ինչի՞ մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն»։
Հայաստանը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ շարունակելու է աշխատել, քանի որ խոսքը գլոբալ նախագծի մասին է, և հասկանալի է, որ գնալով դրա արժեքն ու նշանակությունն ավելի է մեծանում։ Հայաստանն էլ ուզում է հնարավորինս շուտ սկսել դրա իրականացումը։ Փաշինյանի տպավորությամբ՝ նույնը ցանկանում է նաև ամերիկյան կողմը։ Վարչապետը հույս ունի, որ աշնանն արդեն աշխատանքները կսկսվեն տեղում։
«Իմիջիայլոց, շատ կարևոր է, որ TRIPP նախագիծը՝ ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացի արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու, և Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են, Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են»։
Վարչապետի համոզմամբ, այս դետալները հաշվի առնելով, ակնհայտ է, որ TRIPP նախագծի իրականացումը ուղղակիորեն բխում է նաև ԻԻՀ-ի շահերից։




