Տնտեսական

3 մլրդ դրամ՝ հայկական արտադրանքի արտահանումը խթանելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի  արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ), բանջարեղենի  (լոլիկի, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի,  շշալցված խաղողի գինու և շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, դեռևս հունիսի սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր. «Ծրագրով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ»։

Ըստ նախարարի՝  որոշման նպատակն է կատարել  ծրագրի արդյունքում արտահանողներին առնչվող՝ հունիս ամսվա պարտավորությունները. «Այսինքն՝ նրանք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցություն կտրամադրենք: Միջոցառման իրականացման համար հունիսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 մլրդ 140 մլն դրամ»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  3 մլրդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են:

Արձագանքելով՝ Գևորգ  Պապոյանը ներկայացրել է արտահանման ծավալները. հունիսին արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տ լոլիկ, 109 տ ելակ, մոտ 3000 տ ծիրան, 1400 տ կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլն:

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մշտապես կապի մեջ է տնտեսվարողների հետ, ստանում են  իրականացվող ծրագրերը բարելավելուն միտված առաջարկություններ, որոնց հիման վրա առաջիկայում գործող ծրագրերում որոշ փոփոխություններ են նախատեսվում։  

Վարչապետն արձանագրել է, որ հանրապետության տնտեսության մեջ բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է, այսինքն՝ 1 ամսվա ընթացքում 3 միլիարդի արտահանումը վկայում է  էական ծավալ ձեռք բերելու մասին։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան ժամանող ուղևորների ամենօրյա թվերի աճին և  դա  որպես արտահանման մի ճյուղ արձանագրել. «Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ: Լավ միտում էլ կա, քանի որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, կարող է մարդիկ, առիթից օգտվելով, որ Հայաստանով 3-րդ երկրներ են ուղևորվում, կամ հակառակ ուղղությամբ, 1-2 օրով դուրս են գալիս, հանրապետությունում շրջում են, և դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Նաև շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն: Իհարկե, 1-2 ապրանքատեսակի՝ վարդի և լոլիկի հետ կապված, որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում, կարծես թե, էական փոփոխություն չկա»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ միջազգային ստանդարտներին համապատասխան արտահանման աջակցման գործիքները հավանաբար կդառնան մշտական. «Ոչ այս չափերով, ոչ այս ապրանքատեսակներով, բայց քննարկումներ են անցկացվում։ Հեռանկար ունեցող արտադրանքի համար, վստահ եմ, կներկայացնենք առաջարկություն, որպեսզի դրանց արտահանման համար աջակցությունը լինի շարունակական»։      

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նախկինում կայացրած այն որոշումը, որ կոնսերվացման ծախսերի տրամաբանությունից պետք է անցում կատարել զարգացման ծախսերի տրամաբանության։   «Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ ծիրանի և մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն Իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը՝ քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Այսինքն՝ եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել: Եվ ընդհանրապես, բոլոր ապրանքատեսակների և ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ, և սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- շեշտել է երկրի ղեկավարը։

Էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով ապրանքների դիվերսիֆիկացման պատկերը, նշել է, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արտահանումները հնարավորություններ են. «Ուզում եմ արձանագրել, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի պահանջների և ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները  հարմարվեն»։ 

Կարդացեք նաև

Back to top button