
Կալանավորված գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բոլոր խոշոր ընկերությունները շարունակում են փակ մնալ։ Իրավապահները մի քանի օր տարբեր կազմակերպություններում միաժամանակյա քննչական գործողություններ ու խուզարկություններ էին անցկացնում։ Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես «Արարատցեմենտ»–ի աշխատանքի դադարեցումը։ Այն ցեմենտ արտադրող միակ գործարանն է, և բուռն շինարարության ներկա ժամանակահատվածում դրա չգործելը կարող է խնդիրներ առաջացնել։
«Արարատցեմենտ» գործարանում խուզարկություններն ավարտվել են, շենքի մուտքն ու աշխատասենյակները, սակայն, մնում են կապարակնքված։ Ավելի քան 1․000 աշխատակիցներ, երկրորդ օրն է, հարկադիր պարապուրդում են։ Գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանի խոսքով՝ «Աշխատակիցները աշխատավարձ կստանա՞ն, թե՞ ոչ» հարցի պատախանը կախված է այն հանգամանքից, թե դեռ որքան փակ կմնա գործարանը․
«Վարչական շենքի բոլոր աշխատասենյակները կապարակնքեցին, վարչական շենքի մուտքը կապարակնքեցին: Այսպիսով՝ փորձելով պարալիզացնել ամբողջ գործարանի աշխատանքը…ղեկավարություն, հաշվապահություն, առանց որի գործարանի աշխատանքն, իհարկե, ապահովել հնարավոր չէ»։
Երկու ամսով կալանավորված Գագիկ Ծառուկյանի բոլոր խոշոր ընկերություններում իրավապահներն արդեն մի քանի օր քննչական գործողություններ են կատարում։ Էկոնոմիկայի նախարարությունից «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ ստեղծված իրավիճակը տնտեսության և հատկապես շինարարության ոլորտի վրա, պատասխանեցին՝ հարցը երկարաժամկետ տնտեսական կանխատեսման տիրույթում է, այս պահին գնահատումներ չկան, իսկ «Ե՞րբ կաշխատի կամ արդյո՞ք կվերաբացվի գործարանը» հարցի հասցեատերը իրավապահ մարմիններն են։
ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Արարատցեմենտ»–ը Հայաստանում ցեմենտ արտադրող միակ գործարանն է, հետևաբար դրա երկարաժամկետ փակումը չի կարող չանդրադառնալ շինարարության ոլորտի վրա․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարությունը հիմնականում իրականացվում է, ունի որոշակի սեզոնային բնույթ, հատկապես ամառվա ամիսներին է իրականացվում, իսկ հիմա իսկապես շինարարության բուռն ժամանակահատված է, ապա կարող է ստեղծել որոշակի խնդիրներ։ Շատ կտրուկ փոփոխությունների մասին չէի ցանկանա այդպես ընդգծել, նկարագրել, բայց, իհարկե, շատ կարևոր է, որ գործընթացի շարունակականությունն ապահովվի, և շինարարությունը բոլոր փուլերով չդանդաղի, չդադարեցվի»։
Գործարանի աշխատանքի երկարաժամկետ դադարեցման դեպքում այլըտրանքը պետք է լինի ցեմենտի ներմուծումը։ Հայաստանը սակայն միայն Իրանից է ներկրում ցեմենտ, և այդ երկրում վերջին իրադարձությունները էականորեն կարող են ազդել լոգիստիկ հարցերի վրա։ Խաչիկյանն ընդգծում է՝ ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը դեռ չի դիվերսիֆակցրել ցեմենտի արտադրությունը․
«Շատ կարևոր է արձանագրվել, որ և արտադրության առումով, և ներմուծման առումով ցեմենտի գործոնը որպես շինանյութ դիվերսիֆիկացված չէ, և սա, իհարկե, շատ վտանգավոր այսպես, տնտեսական համակարգի գործոն կարող է հանդիսանալ, որովհետև չդիվերսիֆիկացված գործոնը, երբ դիտարկում ենք շինարարության մեջ, իսկ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղ է, այստեղ իսկապես խնդիրների կարող ենք բախվել։ Մի կողմից ներմուծման սահմանափակումներ կարող ենք ունենալ, որովհետև ներմուծումը նույնպես դիվերսիֆիկացված չէ, մյուս կողմից արտադրության սահմանափակում, իսկ արտադրությունը ընդամենը 1 գործարան է իրականացնում»։
«Արարատցեմենտ»–ը այս տարվա առաջին եռամսյակին շուրջ 1 մլրդ դրամի հարկեր է վճարել ու Հայաստանի 82-րդ խոշոր հարկատու ընկերությունն է։ 1927-ին հիմնադրված և մինչև 2002-ը որպես պետական ձեռնարկություն գործած «Արարատցեմենտ»–ը սեփականաշնորհվել է 2002-ին՝ 200 հզր դոլարով անցնելով Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությանը։ Գործարքից մի քանի ամիս անց՝ 2003-ին, գործարանի սեփականատեր է դարձել Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը, իսկ 2006-ին ձեռնարկության բաժնետոմսերի 75 տոկոսը պաշտոնապես ձևակերպվել է անձամբ գործարարի անունով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ առաջին անգամ հայտարարեց, որ մտադիր է պետականացնելու գործարանը․
«Ձեզ ուղիղ ասում եմ` շատ շուտով Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև էդ Գուլոյան- Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ էդ գույքը ենթակա է պետականացման և առաջիկայում շատ արագ մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ այնտեղ ենք նշանակելու կառավարիչ, և ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով»։
Վարչապետի այս հայտարարությանը նախորդել էր Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ 2002-ին գործարանը խախտումներով է մասնավորեցվել և պետք է վերադարձվի պետությանը։ Այնուհետև Գլխավոր դատախազությունը պահանջեց անվավեր ճանաչել 2009-ին Արարատի նախկին համայնքապետի կողմից ձևական աճուրդով «Արարատցեմենտին» 74,1 հա համայնքային արոտավայրի օտարումը և հայցադիմում ներկայացրեց Հակակոռուպցիոն դատարան, ապա պաշտոնեական դիրքի չարաշահման առերևույթ հանցանքի դեպքով հաղորդում ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաձեռնելու քրեական վարույթ։
Կառավարության անդամները բազմիցս հերքել են շրջանառվող այն կարծիքը, որ գործարանի պետականացումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան․
«Բազմաթիվ գույքեր վերադարձվել են վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը, և դա ընտրություններով պայմանավորված չէ։ Նորից պիտի ասեմ` գույքեր կան, որ նախորդ տարի են վերադարձվել, գույքեր կան, որ կառավարության վերջին նիստերում են կցվել Հայաստանի Հանրապետությանը»։
2021-ին պետությանն է վերադարձվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի մի մասը։
2025-ին էլ պետականացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։




