
Թշնամին ֆիզիկապես ոչնչացրեց Իրանի հոգևոր առաջնորդին, սակայն նա չգիտի, որ հերոսապատումը չի մահանում․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի միտք է արտահայտել ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա հայտարարել է, որ այս օրերին Իրանի ժողովուրդը ցույց է տալիս իր համախմբվածությունը։ Նա հիշեցրել է, որ Իրանի հոգևոր առաջնորդին վերջին հրաժեշտը տալու համար 41 երկրների ղեկավարներ են այցելել Թեհրան։ Դեսպանը խոսել է նաև TRIPP–ի, Իսլամաբադում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների հավանականության, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացու միջև ծագած խնդրի և այլ հարցերի մասին։
Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ՀՀ-ն համարում էր ազնիվ հարևան։ Նա յուրահատուկ վերաբերմունք ուներ հայերի նկատմամբ և հաճախ էր այցելում Իրանում բնակվող հայ ընտանիքների․ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսպես բնութագրեց հայ–իրանական հարաբերությունները լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա գոհունակություն հայտնեց, որ հայկական պատվիրակությանը Իրանի հոգևոր առաջնորդին հրաժեշտ տալու համար Թեհրան էր այցելել։ Լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան բարձր մակարդակով ներկա չեն եղել սգո արարողություններին, դեսպանը պատասխանեց, որ չի մեկնաբանի դա, փոխարենը նշեց, որ հայկական պատվիրակության այցը կմնա իրենց հիշողության մեջ․
«Սա առնչվում է այդ երկրների ներքին որոշմանը, թե ինչ մակարդակով ապահովեն ներկայություն։ Որպես ԻԻՀ քաղաքացի կարող եմ ասել, որ մեր ակնկալիքն էր, որ Ալիևն ու Էրդողանը անձամբ ներկա լինեին արարողությանը։ Այդուհանդերձ, Թուրքիան փոխնախագահի մակարդակով էր ներկա, իսկ Ադրբեջանը՝ խորհրդարանի խոսնակի։ Սա կմնա հիշողության մեջ»։
Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողություններին զուգահեռ՝ Հորմուզի նեղուցում դարձյալ լարվել է իրավիճակը։ Ինչպե՞ս կանդրադառնա դա հետագա բանակցությունների վրա։ Դեսպանը լրագրողների այս դիտարկմանն ու Իսլամաբադում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցություններին անդրադառնալիս պարզաբանեց, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններին, նաև իրադարձությունների յուրաքանչյուր փոփոխության․
«Ամեն դեպքում հաջորդ շաբաթ պլանավորված բանակցությունները արդեն նախատեսված էին, և եթե այլ իրադարձություններ չլինեն, դրանք երկօրյա ձևաչափով տեղի կունենան։ Հուսով ենք՝ խելամտությունն ու ռացիոնալությունը կվերադառնան, իշխող կդառնան Սպիտակ տանը, և նրանք իրենց պարտականություններին հավատարիմ կմնան։ Քանի որ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը և ապացուցել, որ եթե նրանք շարունակեն այսպես պարբերաբար խախտել պայմանավորվածություններն ու համաձայնագիրը, ապա Իրանը կպատասխանի դրանց»։
Դեսպան Շիրղոլամին պնդեց, որ ԱՄՆ-ն խախտել է համաձայնագրի 10-րդ կետը, ըստ որի՝ Իրանը պետք է նավթ վաճառի առանց պատժամիջոցների։ Դեսպանը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները սովոր չէ որպես հավասար կողմ բանակցելու և չի կարողանում հաշվի առնել այլոց շահերը։ Ըստ դեսպանի՝ Թեհրանն արդեն ցույց է տվել, որ չի հանձնվել պատերազմում և չի հանձնվի նաև բանակցություններում։
Դեսպանն անդրադարձավ նաև հայ–իրանական սահմանին իրականացվելիք TRIPP–ին։
«Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP–ի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը։
Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայությամբ միանգամայն օրինաչափ և տրամաբանական է, և դրան պետք է հստակ արձագանք տրվի։ Եվ ՀՀ կառավարությունը հավաստիացրել է, որ այս նախագծի իրականացումը Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծի»։
Հայաստանը և Իրանն էներգետիկ ոլորտում գործակցության ընդլայնման նոր գաղափարներ են քննարկում՝ վստահեցրեց Խալիլ Շիրղոլամին։ Նա կարծում է, որ տարածաշրջանային ռեսուրսը լիովին բավարար է, որ Հայաստանը նոր դիրք գրավի էներգետիկ ոլորտում։
Նա ընդգծեց, որ Հայաստանի մի հարևանը Իրանն է, որը նավթի և գազի պաշարներով երրորդ երկիրն է աշխարհում, իսկ հյուսիսում կա Ռուսաստանը, որը ևս այս ոլորտում ազդեցիկ երկրներից է։ Իրանի դեսպանի կարծիքով՝ տարածաշրջանում առկա այդ ներուժը կարող է Հայաստանը վերածել էներգետիկ տարանցման յուրահատուկ օղակի։
Լրագրողները դեսպանին հարցրին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացու միջև առաջացած խնդիրների մասին։ Խոսքը Ծառուկյան և իրանցի գործարարների համատեղ հիմնած ընկերությունների մասին է։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Իրանի քաղաքացուց խաբեությամբ ավելի քան 900 հզր դոլար հափշտակելու համար։ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրականում իրենց պաշտպանյալն է այս պատմության տուժողը, և որ նրան են խոշոր գումար պարտք։ Իրանի դեսպանն ասաց, որ չի ցանկանում միջամտել Հայաստանի ներքին հարցերին․
«Կողմերի միջև ի հայտ են եկել որոշակի տնտեսական և առևտրային տարաձայնություններ այն նախագծից, որ նրանք նախաձեռնել են համընդհանուր ջանքերով։ Եվ այս ոլորտը մշտապես օգտվել է թե՛ Իրանի կառավարության և թե՛ Հայաստանում Իրանի դեսպանության աջակցությունից։ Ցավոք, այդ նախագիծը հաջողության չի հասել և տապալվել է։ Այս հարցի տարաձայնությունը գլխավորապես տնտեսական և առևտրային բիզնես ոլորտինն է առնչվում։ Կարծում եմ, որ որոշակի միջնորդությամբ կարող ենք կողմերի միջև համաձայնության հասնել»։
Դեսպանը նշեց, որ երկու կողմերն էլ միմյանց դեմ բողոքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ արդար որոշում կընդունվի, քանի որ գործը իրավական հարթությունում է, իսկ ինքը պատրաստ է միջնորդելու, որ երկու երկրների գործարարների միջև անհարթությունները վերանան։




