
Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել։ Էգ առյուծի անկման պատճառները կպարզի քննությունը։ Կենդանաբանական այգին այն կապում է կենդանու մեծ տարիքի և ուղեկցող հիվանդությունների հետ, մինչդեռ մասնագետները կարծիք են հայտնում, որ ճակատագրական են եղել վտանգավոր տեղափոխումն ու անեսթեզիան։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա՝ «Ռադիոլուր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Գիշատիչ կենդանիները, հիշեցնենք, օրերս տեղափոխվել էին Կենդանաբանական այգի Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատանը կատարված խուզարկությունից հետո։ Կենդանիներին քնեցրել էին հեռահար ներարկման միջոցով՝ Կենդանաբանական այգու աշխատակիցների մասնակցությամբ։ Սակայն երեք առյուծներից մեկը այդպես էլ չէր արթնացել։ Դեպքի մասին Կենդանաբանական այգին հայտնել էր միայն ժամեր անց։ Մեջբերում․
«Ցավով կարող ենք հաստատել, որ այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով քնեցումից չի արթնացել»։
Կառույցի տեղեկացմամբ՝ կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։
Լրատվամիջոցների հետ զրույցում Կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշել էր, որ կենդանիները տարիքով մեծ են և անեսթեզիան կարող էր ճակատագրական լինել․
«Ես մեր համապատասխան փաստաթղթավորման ժամանակ նշել եմ, որ բարձր ռիսկայնության գործողություն ենք կատարում, այսինքն՝ վայրի կենդանիների հետ նման գործողությունը միշտ բարձր ռիսկային է. կապ չունի այդ կենդանին Ծառուկյանինն է, Վարդապետյանինն է, կենդանաբանական այգունն է։ Այսինքն՝ մենք մեր տարիքով կենդանիներին էլ, եթե պետք է լինում քնացնենք, տեղափոխենք տեղից տեղ, ապա այդ ռիսկը միշտ փաստաթղթավորում և ֆիքսում ենք»։
Աշոտ Ասլանյանի խոսքով՝ Ծառուկյանի առանձնատան տարածքի գիշատիչներին քնեցրել են հեռահար ներարկման միջոցով՝ օդամղիչ հրացանով, ինչը թույլ է տալիս կենդանուն անզգայացնել առանց նրան մոտենալու։ Կենդանաբանական այգու փոխտնօրենի խոսքով՝ նման միջամտությունը հատկապես տարեց կենդանիների դեպքում կարող է հանգեցնել սրտային կամ թոքային անբավարարության, շնչահեղձության և, ի վերջո, անկման․
«Թերսնված չէին, նորմալ պահված էին, տարածքն, իհարկե, նորմատիվներին այնքան էլ չէր համապատասխանում, այսինքն՝ կենդանիներին պահում էին բետոնի վրա, ինչն ընդհանրապես թույլատրելի չէ»:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մինչդեռ վստահեցնում է՝ կենդանիները պահվել են պատշաճ պայմաններում, նորմատիվներին համապատասխան․
«Հայաստանում լավագույն, թերևս, պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են։ Եվ կադրերում երևում են՝ ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը»։
Առյուծի անկման պատճառը տեղափոխումն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը․
«Եթե կենդանին ուներ առողջական խնդիրներ, նախ դա պետք է ինչ-որ կերպ քննվեր։ Այսինքն՝ այդ տարիքի կենդանիներին այդպես հանկարծակի չեն տեղափոխում։ Ես միանշանակ կողմ եմ, որ վայրի կենդանիները անհատների ձեռքից վերցվեն և թույլ չտրվի, որպեսզի, անհատների կողից վայրի կենդանիների պահվեն առհասարակ։ Բայց եթե պետությունը հանձն է առնում տեղափոխել վայրի կենդանիներին, ապա դա պետք է անի մաքսիմալ պրոֆեսիոնալ և պատշաճ, որպեսզի այդ ընթացքում որևէ կենդանի չտուժի»։
Մասնագիտական դիտարկումներին զուգահեռ՝ սոցիալական հարթակներում ակտիվ քննարկումներ են ընթանում։ Օգտատերերի մի մասի կարծիքով՝ առյուծը, հնարավոր է, չտուժեր, եթե Ծառուկյանի առանձնատան կենդանիները նախընտրական բանավեճի թեմա և քաղաքական հակադարձումների առարկա չդառնային․
Գագիկ Ծառուկյան․ «Թող գա մտնի իմ որձ առյուծի մոտ։ Իր պատիժը դա պետք է լինի»։
Նիկոլ Փաշինյան․ «Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներին»։
Հանրության համար բացահայտում չէր, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատան տարածքում պահում է վայրի կենդանիներ, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է իրավաբան Վահե Գրիգորյանը․
«ՀՀ-ում չես գտնի այնպիսի մի մարդ, ով չիմանա, որ Գագիկ Ծառուկյանը շատ է սիրում առյուծներ։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության և իրականացրած գործողությունների համաձայն ստացվում է այնպես, կարծես՝ ՀՀ իրավապահ մարմինները նոր էին տեղեկանում, որ Գագիկ Ծառուկյանն իր տանն ունի որոշակի վայրի կենդանիներ»։
Բոլոր հանգամանքները համադրելով՝ իրավաբանը նկատում է՝ ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու, կանխելու կամ դրա հետևանքները կանխարգելելու պետության մտադրությունը ձևավորվել է ոչ թե ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու պահին, այլ միայն այն ժամանակ, երբ այդ խախտումը կատարելու համար կասկածվող անձը սկսել է զբաղվել կամ առավել ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ․
«Հիմա, երբ բացառապես ընտրություններից հետո այսպիսի նախաքննական գործողություններ են կատարվում, արդեն իրավունքի և օրենքի գերակայության հարցը ուղղակիորեն լուծվում է բացասական իմաստով»։
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինաբար որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Ապօրինի որսի պատճառով, ըստ Քննչական կոմիտեի, շրջակա միջավայրին հասցվել է 30 մլն դրամի վնաս:




