ԿարևորՀասարակություն

Ռուբեն Վարդանյանի կինը հրապարակային նամակներ է հղել միջազգային ու պետական կառույցներին

Ադրբեջանում պահվող հայ  բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց  միջազգային  մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հրապարակային նամակներ է հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից  կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու  պատվիրակության անդամների անվտանգությունը։

Այսօր հրապարակված հայտարարության մեջ նա նշել է, որ նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի  այլ անձնական իրեր։

«Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը  նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Զոնաբենդը բաց նամակներ է հղել

Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

Կարդացեք նաև

Back to top button