Մշակութային ապակենտրոնացման և համայնքային կյանքի աշխուժացման մասին տարբեր առիթներով շատ է խոսվել։ Եվ ահա, կա դրա վառ ու շոշափելի օրինակը՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Մանկական երաժշտական թատրոնը։ Այս նախագիծը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ միավորվում են մշակույթ կրող մարդիկ, ինչի է վերածվում գյուղի երեխաների անկեղծ էներգիան և ինչպես է թատրոնը փոխում ոչ միայն փոքրիկների առօրյան, այլև ողջ համայնքի կյանքի որակը։
Այս ինքնատիպ խումբը 2024 թվականին հիմնադրել է գրականագետ, թատերական գործիչ Անահիտ Արամունի Քեշիշյանը, իսկ երաժշտական մասը ղեկավարում է երաժիշտ, ստեղծագործող Արգինա Հարությունյանը։ «Ես նպատակ ունեմ Ուշի գյուղը դարձնել օրինակելի և այդ փորձը վարակիչ դարձնել բոլոր համայնքների համար, որպեսզի զարգացնենք հայկական գյուղերը»,– նշում է Անահիտ Արամունի Քեշիշյանը՝ անկեղծանալով, որ այս նախաձեռնությունն իր կյանքի ամենաիմաստալից ու հետաքրքիր շրջանն է։
Մշակութային նախաձեռնությունից բացի, Անահիտ Արամունի Քեշիշյանն իր ընկերների օգնությամբ իրականացրել է նաև սոցիալական կարևոր առաքելություն՝ գյուղի շուրջ 16 անապահով տների համար ապահովելով տարրական կենսապայմաններ՝ ջուր, սանհանգույց և նորոգման աշխատանքներ։
Նախագծի ստեղծագործական ընթացքն ու արդյունքները տպավորիչ են։ Արգինա Հարությունյանը պատմում է, որ այն, ինչ ժամանակին անհավատալի էր թվում, այսօր արդեն պարզ իրականություն է. «Ինձ համար, մասնագիտական առումով, սա մեծ մարտահրավեր էր, քանի որ կյանքում առաջին անգամ էի աշխատում երաժշտական կրթություն չունեցող երեխաների հետ։ Նրանք ընտրվել են ընդամենը փոքրիկ լսումների արդյունքում և ունեն մեծ ցանկություն։ Այսօր ունենք 9 հոգանոց խումբ, և երեխաները երբեմն ինձ համար շատ հուզիչ, մաքուր ինտոնացիայով երգում են բավականին բարդ երգեր»։
Անահիտ Արամունի Քեշիշյանը շեշտում է, որ իրենց նպատակը զուտ երեխաների ժամանցն ապահովելը չէ. «Ես երեխաներին պարզապես զբաղեցնելու համար չեմ այնտեղ, դրա համար շատ ուսանողներ ու նորավարտ թատերական գործիչներ կան։ Մենք պետք է մեր գործը բարձր մակարդակով անենք, որպեսզի դուրս գանք գյուղից, ճամփորդենք այլ մարզերով, քաղաքներով և նույնիսկ ներկայանանք արտերկրում։ Ցանկանում եմ, որ այսպիսի պրոֆեսիոնալ աշխատանք տարվի Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում ու մշակութային կենտրոններում»։
Անդրադառնալով նախագծի ապագային՝ Արգինա Հարությունյանը հավելում է, որ լավագույն ապագան հենց այս գործի շարունակականության մեջ է. «Այս ամենն իր մեջ խորը կրթական տարր է պարունակում, և երեխաներն այս երկու տարվա ընթացքում զգալիորեն կրթվել են։ Մենք պիտի կարողանանք շարունակել այս ընթացքը, որից հետո միայն խոսենք այն մասին, թե ուր ենք երազում հասնել»։




