«Արէ» մշակութային հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական աշխատարանների շարքը շարունակվում է: Ֆրանսահայ գրող, տեսաբան Գրիգոր Պըլտյանի հանդիպումից հետո, ծրագրի հաջորդ բանախոսը ֆրանսահայ քաղաքագետ, լրագրող և միջազգայնագետ Տիգրան Եկավյանն է, որը վարեց «Սահմաններից անդին պատկանելության քաղաքականություն» երկօրյա աշխատարանը՝ նվիրված Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, Սփյուռքի մտածողությանը, խոսույթին ու ինքնությանը։
Տիգրան Եկավյանի հետ մեր զրույցը սկսեցինք նոր իրականության, հին տրավմաների և պատկանելության մասին հարցերից՝ փորձելով պարզել, թե որտեղ է գտնվում հայ մարդու պատկանելության սահմանը։
«Ինչպէս Հայաստանի Հանրապետութեան, այնպէս ալ ֆրանսահայ համայնքին մէջ կայ լարուածութիւն, բեւեռացում ու երկխօսութեան պակաս, որովհետեւ պատկերը սեւ ու սպիտակ է՝ կա՛մ դաւաճան ես, կա՛մ հայրենասէր։ Հայաստանի իշխանութիւնները իբրեւ առաջնահերթութիւն չեն տեսներ Սփիւռքին հետ կապը եւ քիչ մը կոպիտ ձեւով կը մօտենան այս նիւթին՝ «մեզի հետեւեցէ՛ք, որովհետեւ ուրիշ ընտրութիւն չունիք»։ Մենք հարթակ չունինք, ուր կարող են տեղի ունենալ առողջ բանավէճեր, որոնցմէ դուրս պիտի գայ նոր հարացոյց մը, նոր նարատիւ մը։ Մենք բռնի անցում կ՚ապրինք. այն ինչ որ պատահեցաւ, շատ արագ տեղի ունեցաւ, տակաւին չկրցանք մարսել»։
Տիգրան Եկավյանն ընդգծում է, որ ցանկացած ազգ գոյատևելու համար ունի միֆերի կարիք, որոնք հիմք են ծառայում սեփական պատումն (նարատիվը) ու ապագայի հեռանկարը ձևավորելու համար։ Նա անդրադառնում է Վահե Օշականի բանաստեղծություններին ու արձակին՝ ցույց տալու համար, որ Սփյուռքը պետք է զարգանա Հայաստանին զուգահեռ և ունենա իր առանձին պատումը։ Այսօր, երբ Հայաստանում տիրում է քաղաքական լարվածություն, և ակտիվորեն քարոզվում է «իրական ու պատմական Հայաստանների» թեզը, Սփյուռքը կանգնած է լրջագույն մարտահրավերի առաջ։ Հարց է առաջանում․ ի՞նչ կարող է անել Սփյուռքը, որպեսզի մի կողմից չվնասի Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ հավատարիմ մնա իր ժառանգությանը, արժեքներին ու հավատամքին։
Բանախոսը նկատում է, որ վերջին 30 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի գրական միջավայրում չեն հայտնվել այնպիսի գրողներ կամ բանաստեղծներ, որոնք կկարողանային լիարժեք արձագանքել ու պատասխաններ տալ մերօրյա աղետներին ու տագնապներին։ Նա օրինակ է բերում Վահե Օշականին, որն իր ժամանակին փորձեց վերլուծել և ջրի երես հանել հայկական ինքնության խորքային տագնապները՝ տառապանքը, վախը, ամոթն ու տրավմաները։
Այս ամենը մեզ նորից բերում է այն խնդրին, որ չկան համապատասխան հարթակներ, որտեղ երկու ափերի (Հայաստանի և Սփյուռքի) մտավորականները կկարողանային բանավիճել ու քննարկել, թե ինչպես վերաձևակերպել հայկական ինքնությունը՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով պատմական ժառանգությանը։
«Պէտք է սահմանել, թէ ինչ է այս ինքնութիւնը, որպէսզի Հայաստանը ուժեղանայ, եւ Հայաստանի իշխանութիւններու պարտականութիւնն է բանաձեւ մը որդեգրել, որպէսզի երկու հակառակ սկզբունքներ իրարու հետ լեզու գտնեն, եւ հայապահպանումը դառնայ հայազարգացում» , – նշում է նա։
«Հայաստանը խոչընդոտ մը չէ, կամուրջ մըն է։ Պէտք չէ մտածել նաեւ, որ Հայաստանի փրկութիւնը դուրսի փրկիչներէն պիտի գայ։ Հոգ տանողը պէտք է հայը ըլլայ՝ ո՛չ ռուսը, ո՛չ ալ եւրոպացին։ Ժողովրդավարութեան իտէալը Հայաստանի մէջ արժէքաւոր է, զայն պէտք է պաշտպանել ու զօրացնել։ Հայերուն ուժը տարբեր քաղաքակրթութիւններու միջեւ միջնորդ ըլլալուն մէջ է. անոնք միշտ թարգմանիչ եղած են դեռ Սահակ Պարթեւէն սկսեալ։ Օտարութեան մէջ հայերը փայլուն դիւանագէտներ եղած են, քանի որ այն քիչ ժողովուրդներէն են, որոնք կրնան հասկնալ դիմացինին մտայնութիւնը, հասկնալ, մարսել ու թարգմանել։ Ֆրանսայի մէջ հայութիւնը բացառիկ դեր կը խաղայ, որովհետեւ շատ լաւ համակերպուած է ֆրանսական հասարակութեան, եւ հայ դատը Ֆրանսայի մէջ դարձաւ անդրկուսակցական հարց. ձախակողմեանէն մինչեւ աջակողմեան կուսակցութիւնները կ՚աջակցին հայութեան, որովհետեւ մեծ համակրանք, վստահութիւն եւ յարգանք կը տածեն հայերուն հանդէպ»։




