
Գերմանաբնակ հայերի սոցիալական հարթակներում ու փակ խմբերում այս օրերին յուրահատուկ աշխուժություն է։ Վիրտուալ տիրույթում ամենապահանջված որոնումներիցէ ամառվա ամենասպասված համը՝ Հայաստանում աճող ծիրանը։ Այս խմբերում որոնումների շարքում են նաև թարմ թարխունը, հայկական լավաշը և պահածոներն ու ոչ միայն։ Թեև եվրոպական շուկայում ներկրվող մրգի պակաս չկա, բայց տեղի հայ համայնքը թվային հարթակների օգնությամբ փորձում է գտնել այն բացառիկ համերը, որոնք անհնար է փոխարինել օտարերկրյա արտադրանքով։ Շատերի համար դրանք պարզապես մթերք չեն, այլ հայրենիքի հետ կապը պահպանելու միջոց։
Ամառը Գերմանիայում բնակվող շատ հայերի համար սկսվում է նույն հարցով՝ որտե՞ղ գտնել հայկական ծիրան։ Այդ պահանջարկն այսօր արդեն դարձել է նաև բիզնես՝ հայկական ծիրանը ծառից հասցնելու գերմանական խանութների դարակներին և տեղաբնակ հայերի խոհանոց։ Տարիներ շարունակ, ձգտելով պահպանել այդ կապը, մասնավոր ընկերության տնօրեն Դավիթ Սուքիասյանը, որը երկար տարիներ ապրում է Գերմանիայում, կազմակերպում է հայկական թարմ մթերքի, մասնավորապես, թարմ ծիրանի արտահանումը Գերմանիա։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ սա միայն բիզնես չէ, այլև սեփական արմատների հետ կապը պահպանելու միջոց։
«Գերմանիա տեղափոխվելուց հետո չէի ուզում իմ արմատներից կտրվել, և սկսեցի այս գործով զբաղվել»։
Արդեն մոտ 4 տարի գործող ընկերության հիմնական ուղղություններից մեկը հայկական լավաշի ներկրումն է՝ արդեն զգալի ծավալներով. ամսական մոտ 40 տոննա թարմ լավաշ է Հայաստանից հասնում Գերմանիա ու մտնում գերմանաբնակ հայերի խոհանոց։ Եթե լավաշը հնարավոր է տեղափոխել սառեցման հատուկ տեխնոլոգիայով,, որը թույլ է տալիս ապահովել կայուն ու մեծ ծավալի մատակարարում, ապա թարմ ծիրանի տեղափոխումը բոլորովին այլ, ավելի, այսպես ասենք, նուրբ լոգիստիկ գործընթաց է։ Անդրադառնալով խնդիրներին, որոնց բախվում են թարմ ծիրանը հեռավոր տարածություն տեղափոխելիս, Դավիթ Սուքիասյանը նշում է.
«Ամբողջ խնդիրն այն է, որ հայկական ծիրանի տեսակները՝ լինի շալախը, թե մյուս սորտերը, չափազանց կարճ կյանք ունեն։ Ծառից քաղվելուց հետո միրգը շատ արագ՝ 2-3 օրվա ընթացքում, պետք է հայտնվի վաճառքում։ Եւս 2-3 օր անց այն այլևս վաճառքի ենթակա չէ, քանի որ կորցնում է թե՛ տեսքը, թե՛ համային հատկությունները։ Այդ պատճառով մենք ներկրումն իրականացնում ենք բացառապես ինքնաթիռով»։
Սակայն արագ տեղափոխելը դեռ բավարար չէ։ Մինչև գերմանական խանութների դարակներին հասնելը՝ հայկական ծիրանը պետք է անցնի նաև իրավական և սանիտարական մի շարք ընթացակարգեր։ Ի՞նչ փուլեր է անցնում հայկական ծիրանը մինչև գերմանական շուկա հասնելը, պատմում է Դավիթ Սուքիասյանը։
«Գործընթացը սկսվում է Հայաստանում, որտեղ ձևակերպվում է պաշտոնական արտահանումը և տրամադրվում համապատասխան բուսասանիտարական փաստաթուղթը։ Դրանից հետո ապրանքը տեղափոխվում է Գերմանիա։ Սակայն այստեղ միրգն ընդունելու իրավունք ունի միայն այն ընկերությունը, որն ունի թարմ արտադրանքի ներկրման (իմպորտի) հատուկ լիցենզիա։ Լիցենզիան ներառում է նաև խիստ պահանջներ այն մասին, թե ինչ պայմաններում ես պահպանում միրգը, ինչպիսի սառնարանային հնարավորություններ ունես և այլն։ Երբ ծիրանը ժամանում է Գերմանիա, մոտ վեց տարբեր պետական մարմին ստուգում է այն։ Իրականացվում են տարբեր լաբորատոր փորձարկումներ՝ սնկային հիվանդությունների, վնասատուների և այլ չափանիշների համապատասխանության մասով։ Մենք ստանում ենք 6-7 ստուգման ակտ։ Բոլոր մարմինները մանրակրկիտ ստուգում են ապրանքը, և միայն այն դեպքում, երբ այն լիովին համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, թույլատրվում է դրա վաճառքը։
Գերմանիայում հայկական ծիրանը միայն համայնքային «կարոտի» թեմա չէ․ այն նաև փորձարկված շուկայական ապրանք է։ Դավիթ Սուքիասյանը պատմում է, որ երկու տարի առաջ որոշել են հասկանալ՝ արդյո՞ք այն հետաքրքրում է նաև գերմանացի սպառողին։
«Գերմանիայի 15 խանութներից յուրաքանչյուրին մատակարարեցինք 100-150 կիլոգրամ ծիրան, որպեսզի հասկանանք տեղացիների արձագանքը։ Փորձարկումը բավական հաջող անցավ․ ամբողջ խմբաքանակը սպառվեց, և նոր պատվերներ էին ուզում։ Գերմանական խանութները թե՛ անցած տարի, թե՛ այս տարի էլի էին ցանկանում պատվիրել, բայց երբ ներկայացնում ենք վերջնական գինը, հրաժարվում են, որովհետև այն չափազանց բարձր է ստացվում»։
Գերմանահայերի սոցցանցային փակ էջերում բուռն քննարկումներ են։ Միմյանց հարցնում են՝ երբ կհասնի, որտեղից ձեռք բերել ու արդյոք քանակը սահմանափա՞կ է։ Անգամ միմյանց հյուրասիրելու ու ծիրան նվիրելու կիսահումորային զրույցներ են ծավալվում։
«Մեր հայկական ծիրանն այնքան լավն է, որ ձեռքից ձեռք են տանում»,- նկատում է օգտատերերից մեկը։ Շատերն էլ, ովքեր արդեն հասցրել են առաջին խմբաքանակին, շտապում են միմյանցից հետաքրքրվել մատակարարման նոր ժամկետներով։
Հետաքրքրությունը մեծ է նաև Գերմանիայից դուրս. Եվրոպական հարևան երկրներում ևս փորձում են ճշտել՝ ինչպես պատվիրել և իրենց հասցեով ստանալ ծիրանը։
Բարձր գնի հիմնական պատճառը տեղափոխման ծախսերն են։ Օդային բեռնափոխադրումների թանկացումը վերջին շրջանում մոտ 20 տոկոսով բարձրացրել է նաև ծիրանի վերջնական արժեքը։ Եվրոպական շուկա հասնելուց հետո պատկերը ևս ավելի բարդ է դառնում։ Վերջնական գնից միայն փոքր մասն է հենց մրգի ինքնարժեքը։
«Երբ ծիրանը հասնում է Գերմանիա, դրա ինքնարժեքի մեջ մրգի բուն գինը կազմում է ընդամենը 20 տոկոս, իսկ մնացած 80 տոկոսը տեղափոխման ծախսերն են»։
Այս պայմաններում հայկական ծիրանը Եվրոպայում դառնում է ոչ թե զանգվածային, այլ բարձրարժեք ապրանք։ Այդ պատճառով էլ դրա գնորդների շրջանակը սահմանափակ է։
«Մեր հիմնական սպառողները հայերն են, ռուսներն ու ուկրաինացիները՝ այն մարդիկ, ովքեր շատ լավ ճանաչում են հայկական ծիրանի համը։ Գնորդների թվում կան նաև գերմանացիներ, ովքեր եղել են Հայաստանում, փորձել են տեղում և հիմա ցանկանում են նորից համտեսել»։
Այս տարի գինը ևս աճել է․ մեկ կիլոգրամ հայկական ծիրանը Գերմանիայում վաճառվում է մոտ 12 եվրոյով։
«Այս տարի Գերմանիայում մեկ կիլոգրամ ծիրանը մեծածախ վաճառում ենք 12 եվրոյով, մինչդեռ նախորդ տարիներին գինը տատանվում էր 9-10 եվրոյի սահմաններում։ Այս թանկացումը պայմանավորված է ինչպես մաքսային ձևակերպումներով, այնպես էլ Հայաստանում բերքահավաքի փուլում ծախսերի մոտ 20 տոկոս աճով»։
Չնայած բարձր գնին ու բարդ լոգիստիկ շղթային՝ հայկական ծիրանն արդեն ունի իր կայուն գնորդը Գերմանիայում։ Ներմուծողները վստահ են՝ ճիշտ ներկայացման դեպքում այն կարող է ավելի լայն շուկա գտնել։ Իր ապրանքային տեսքով ու համային յուրահատուկ հատկություններով հայկական մթերքը մրցունակ է։ Դավիթ Սուքիասյանը վստահ է, որ ճիշտ մարքեթինգի ու նոր լուծումների շնորհիվ՝ առաջիկայում հայկական ծիրանը եվրոպական շուկայում էլ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերելու։




