
Հեռացող խորհրդարանը վերջնական ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգիրքը» փոփոխելու առաջարկը։ Այն առնչվում է բժշկական տեղեկանքների հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվածներին կրկնակի բժշկական զննության ենթարկելու իրավունքին։ Առաջարկի հեղինակները պնդում են, որ այդ փոփոխությունը նաև սոցիալական արդարության համար է արվում։
Ի սկզբանե նախագիծը մշակվել էր լոկալ մի խնդիր լուծելու համար, բայց կառավարության առաջարկով ՔՕ–ի փոփոխությունն ավելի լայն ընդգրկվածություն ունեցավ։
Հայաստանում առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց ընդհանուր վիճակագրությունը փակ է և համարվում է պետական ու ռազմական գաղտնիք։ Այնուամենայնիվ, պաշտոնական տարբեր հայտարարություններում երբեմն հրապարակվում են մասնակի տվյալներ։ Այդպես օրինակ, 2025 թվականին խորհրդարանում քննարկումներից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը նշել էր, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների ավելի քան 80 տոկոսը բժիշկի տեղեկանքով առողջական խնդիրներ ունեցողներ են։
Մամուլում մշտապես տեղեկություններ են հրապարակվել այս կամ այն պաշտոնյաների որդիների առողջական խնդիրների և ծառայությունից խուսափելու փաստերի մասին։ Վերջին հրապարակումներից մեկը, մասնավորապես, առնչվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ 25–օրյա վարժական հավաքներին չմասնակցելուն։ Քոչարյանը հավաստիացրեց, որ հրապարակման ոչ բոլոր դրվագներն են համապատասխանում իրականությանը, և որ իր որդին պատրաստ է ծառայելու։
«Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Ինքը 44–օրյա պատերազմին մինչև վերջին օրը մասնակցած հայորդի է, իմ տղան, հիմա ես հպարտանում եմ։ Ինչ ուզեն կարող են գրել։
Պարզ է, չէ՞, որ պատերազմ անցած տղան չի կարող խուսափել, եթե առաջարկը լինի։ Առաջարկից հետո անցնում է բուժզննություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն է տարել ուսահոդի։ Երբ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզննություն, և եթե ամեն ինչ նորմալ լինի, ինքը անպայման կգնա այդ հավաքներին։ Մի՛ կասկածեք»։
Քրեական օրենսգրքի նոր փոփոխություններով իրավապահներն այսուհետև լրացուցիչ իրավասություններ կունենան կեղծ փաստաթղթերով զինծառայությունից ազատվածների գործերի քննության ժամանակ։ Նախագծի հեղինակ Վահագն Ալեքսանյանը խոստովանեց, որ նախաձեռնությունն ի սկզբանե լոկալ խնդիր լուծելու համար էր, երբ քաղաքացին ազատվել էր զինվորական ծառայությունից առողջական հիմքով և կար քրեական վարույթ, որը կասկածի տակ էր դնում բժշկական հիմքերի իսկությունը։ Կառավարությունն առաջարկեց, որպեսզի նախագիծը տարածվի ոչ միայն զորակոչից ազատման հետ կապված քրեական վարույթների վրա, այլև առհասարակ, ցանկացած քրեական վարույթի շրջանակներում իրավապահները բժշկական զննություն պահանջելու և պարտադրելու օրենսդրական լծակ ստանան։ Գործադիրի առաջարկը տեղ գտավ Վահագն Ալեքսանյանի նախագծում և խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունվեց ։
«Այս պահին իրավիճակը հետևյալն է, որ կան մի շարք քաղաքացիներ, որոնք այս կամ այն զարտուղի ճանապարհով և, մասնավորապես, օրինակ, կեղծ բժշկական տեղեկանքների հիման վրա ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Իրավապահ մարմինները տեղեկատվությունը ստանում են, գնում են, ասում են` հարգելի Պողոս Պողոսյան, արի գնա մի հատ բուժզննություն անցնի, տեսնենք այս քո բանակից ազատման տեղեկանքը կե՞ղծ է, թե՝ ոչ։ Մեր հարգարժան Պողոս Պողոսյանը հիմա գործող իրավակարգավորումներով այդ պահանջ–խնդրանքին պատասխանում է` ոչ։ Ու այստեղ վերջ, իրավապահների գործառույթները ավարտվում են, նրանք ոչ իրավունք ունեն տանեն հարկադիր այդ մարդուն բուժզննության ենթարկեն, ոչ իրավունք ունեն նրան որևէ պատասխանատվության ենթարկեն այդ բուժզննությունից խուսափելու համար։ Կարծում եմ` սա շատ կարևոր գործիք է, որը մենք տալու ենք մեր իրավապահ համակարգին»։
ՔՕ–ի նոր լրացումներով՝ կրկնակի բուժզննությունից հրաժարվելու փաստը իրավապահներին թույլ է տալու քրեական գործ հարուցելու տվյալ քաղաքացու հանդեպ։
Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը տեղեկացնում է, որ այսպիսով ՔՕ–ում ավելանում է նոր հանցակազմ․
«Որով քրեական պատասխանատվության կենթարկվեն անձինք, ովքեր ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով վկայի, ձերբակալվածի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեն և հրաժարվում կամ խուսափում են փորձաքննության համար նմուշ հանձնել, կամ հրաժարվում կամ խուսափում են փորձաքննության ենթարկվել»։
ՔՊ խմբակցությունն այս նախագծի հիմքում դնում է նաև սոցիալական արդարության գաղափարը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան․
«Հայաստանում տարբեր բարքեր են գործել և բոլորն էլ գիտեն, որ տասնյակ հազարավոր մարդիկ ժամանակին այդ նույն կեղծ տեղեկանքներով ստացել են իրավունք չծառայելու և խուսափել են զինվորական ծառայությունից։ Ժամանակին մարդիկ թիվն էլ գիտեին` ինչ արժե, գիտեին` ովքեր են դա անում և այլն, և այլն։ 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ պահեստազորի զինակոչի պրոցեսների միջով էինք անցնում, ինձ հաճախ դիմում էին համայնքներից մարդիկ և ասում էին` օրինակ այն հարևանը, այն մյուս հարևանը, այն մյուս հարևանը, որոնք գիտեին, որ զինակոչի ենթակա են, բայց ժամանակին, քանի որ ինչ–որ կերպ ազատվել են, իրենց նորից չեն զինակոչել և նույնիսկ պատերազմի ժամանակ, որ նրանց կարիքը կա, նրանք այդ ցուցակներում չկան։ Առավել ևս հիմա էլ նույն 25–օրյա հավաքների ցուցակներում չկան նրանք։ Սա իրավական հարց չէ, իրականում սա հասարակական համերաշխության հարց է և հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու հարց է»։
Խորհրդարանը նախագիծն ընդունեց երկու ընթերցմամբ և ամբողջությամբ, բայց անգամ իշխանական թիմի ներկայացուցիչները պնդում էին, որ կան խնդրահարույց հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն գործադիրի հետ՝ հընթացս կարգավորումներ տալու համար։
Նախագիծը մշակելիս հեղինակները ստացել են նաև ՄԻԵԴ–ի և Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքները։




