ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

էներգետիկ կապակցվածություն և անկախություն․ ոլորտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի

Հայաստանի  համար ռազմավարական նշանակություն ունի էներգետիկ համակարգի անկախությունը։ Միևնույն ժամանակ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում կարևոր է նաև էներգետիկ կապակցվածությունը։ Հայաստանը շահագրգռված է ԵՄ–ի հետ ավելի սերտ համագործակցելու նաև թվային, մասնավորապես, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։ Սակայն անհրաժեշտ է նաև ձևավորել այնպիսի միջավայր, որը կնպաստի ԵՄ–ի մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևոր է նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին՝ ասել է Հայաստանի վարչապետը: Մասնագիտական դաշտում կարևորում են, որ Հայաստանը կարողանա պահպանել իր էներգետիկ անկախությունը։ Ոչ պակաս կարևոր է, որ էներգիա արտահանող երկրի կարգավիճակը պահպանվի։

Էներգետիկ անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Հայաստանի համար, «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը զուգահեռ, առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Հայաստանի վարչապետն ընդգծում է․

«Տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ, առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Սա ենթադրում է նաև հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի ու կցորդիչների կառուցում, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ էներգիային անցմանը»։

Էներգետիկ անկախությունը կարևորում են նաև ԵՄ–ում, և պատահական չէ, որԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և՛ Երևանում, և՛ Բաքվում հատուկ անդրադարձել է այդ թեմային։ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ժամանակ  նա ասել է․

 «Մենք մեծապես ողջունում ենք նաև դեպի Հայաստան էլեկտրական լարեր անցկացնելու ձեր առաջարկը, սա շատ հետաքրքիր կետ է։ Վերականգնվող աղբյուրները սնուցում են մեր տնտեսությունների ապագան, և այստեղ՝ Հարավային Կովկասում, դրանք կարող են նաև սնուցել՝ օգնելու խաղաղությանը»։

Անցած տարվանից արդեն պարբերաբար հայտարարություններ էին լինում Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այդ առումով ռիսկեր չի տեսնում․

«Մենք ռիսկեր չենք տեսնում նախագծի իրականացման համար։ Եթե անգամ լինեն դրանք, ապա կառավարելի են լինելու։ Բայց այս պահին ռիսկեր չկան»:

Նախարարն ընդգծում է՝ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոնացումը։ Դա ոչ միայն առևտրային նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին․

«Այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին, և հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին, և հակառակը։ Տեխնիկապես հնարավոր է չորս հարևանների հետ էլ կատարել։ Տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա։ Մնացածի մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք դրանց։ Մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված։ Ավելին՝ էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի գործակցություն, նախորդ տարի՝ ամբողջ 12 ամսվա ընթացքում, կայուն կերպով էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան և էնտեղից ստացել ենք գազ»։

 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը X-ում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ քննարկել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության հաստատմանը։ Նա նշում է, որ համաձայնել են ակտիվացնելու աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի առևտրային կապերը ամրապնդելու ուղղությամբ։ Մարտա Կոսը ավելի վաղ հայտնել էր, որ Տաշքենդում 500 մլն եվրո արժողությամբ մի ծրագիր է ստորագրվել, որի նպատակն է թուլացել Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։

Փորձագիտական դաշտում կարևորում են, որ Հայաստանը պահպանի էներգետիկ անկախությունը։ Ոչ պակաս կարևոր է նաև էներգիա արտահանող երկրի կարգավիճակը։ Էներգետիկ հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանն ընդգծում է․

«Ես ինքս, կողմ լինելով տարածաշրջանային ապաշրջափակման մոտեցմանը, պետք է ասեմ, որ հարկ է մի դետալ հաշվի առնել, որ հզորությունների իմաստով, էլեկտրահաղորդման գծերի կառուցման իմաստով Հայաստանը շարունակի իր այն քաղաքականությունը, որը անկախությունից ի վեր վարել է, այսինքն՝ էլեկտրաէներգիայի արտադրությանը և ինքնաբավությանը և արտահանմանը միտված տնտեսության կառուցմանը։ Այդ պարագայում ռիսկերը զգալիորեն կնվազեն»։

 Հայաստանն, ըստ փորձագետի, այժմ տարածաշրջանում միակն է, որ գործող ատոմակայան ունի և ոչ մի դեպքում չպետք է հրաժարվի այդ կարգավիճակից։ Պետք է առաջնահերթ դիտարկել ՀՀ տնտեսությունը կախվածության մեջ չդնելու հանգամանքը՝ ասում է փորձագետը։ Նա բացատրում է՝ որքան ավելի շատ էլեկտրաէներգիա վաճառենք, այնքան ավելի շատ մուտքեր կլինեն բյուջե։

Կարդացեք նաև

Back to top button