ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Հրաժեշտ խորհրդարանին․ 9-րդ գումարման ԱԺ-ն կաշխատի առանց Ալեն Սիմոնյանի

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավորի մանդատը չի վերցնելու և չի շարունակելու աշխատանքը օրենսդիրում։ Քաղաքականությունը թողնելու մտադրություն, սակայն, Սիմոնյանը չունի։ Վստահեցնում է, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքական գործիչ և իշխող ուժի անդամ։ Այս պարզաբանումները նա արել է  հեռացող խորհրդարանի խոսնակի պաշտոնում իր վերջին ճեպազրույցի ժամանակ։

8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին 9-րդ գումարման խորհրդարանում որպես պատգամավոր չենք տեսնի։ Նա որոշել է չվերցնել մանդատը, հարցն արդեն քննարկել է վարչապետի հետ։ Այս մասին խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերջին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը։ 

«Վարչապետի և կուսակցության վարչության հետ քննարկել եմ, չեմ վերցնի մանդատն ու չեմ գա Ազգային ժողով աշխատանքը շարունակելու որպես պատգամավոր։ Նախ և առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Աշխատանքային առումով ինձ համար ծանր հինգ տարի էր։ Մի՛ մոռացեք, որ սա հետպատերազմյան ԱԺ էր, տարբեր մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած ԱԺ։ Իրոք, շատ դժվար էր այն աշխատանքը, որ ես իմ գործընկերների հետ իրականացրել եմ»։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ այս փուլում ուզում է հանգստանալ, զբաղվել անձնական խնդիրներով։ Հարցին, թե հանգստից հետո Ալեն Սիմոնյան քաղաքական գործչին որտեղ կտեսնի հանրությունը, պատասխանում է՝ ճանապարհն առանց  «Քաղաքացիական պայմանագրի» չի լինելու։

«Ես քաղաքականության մեջ կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ։ Երբևիցե ես ինձ չեմ տեսնում առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»։

Ալեն Սիմոնյանը հերքում է նաև շրջանառվող լուրերը, թե իշխող ուժն իրեն դիտարկում է որպես երկրի հաջորդ նախագահի թեկնածու։

«Հայաստանի Հանրապետությունն ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որ նա իմ կողմից ամենասիրված, ամենահարգված նախագահն է։ Նման խոսակցություններն անհեթեթություն են։ Ես որևիցե պաշտոնյայի,  իմ ընկերների և իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել»։

Հայաստանի գործող նախագահը՝ Վահագն Խաչատուրյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի կողմից այդ պաշտոնում ընտրվել է 2022 թվականին՝ 7 տարի ժամկետով։

Ալեն Սիմոնյանն անդրադառնում է նաև  թիմում իր նկատմամբ վստահությանն ու պատասխանում հարցին, թե ինչու, իր կարծիքով, կուսկացության վարչության անդամներն իրեն 9-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում չտեսան։

«Չեմ կարող ասել, քանի որ նման քննարկում տեղի չի ունեցել։ Եթե ես համարեի, որ կա ինչ-որ պատճառ, չէի առաջադրվի։ Ինձ համար ակնհայտ է, որ ժամկետը ավարտվել էր և պետք է նորից մանդատ ստանայի, և որևիցե բան չեմ տեսնում դրա մեջ։ Ես եղել եմ ավագանու անդամ, եղել եմ պատգամավոր, եղել եմ փոխխոսնակ, եղել եմ ՀՀ ԱԺ նախագահ, դեռ ԱԺ նախագահ կամ»։

Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ քվեարկությամբ նոր ձևավորվելիք Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրել գործող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Այդ պաշտոնի համար առաջադրված թեկնածուների թվում էին նաև գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ ընտրվել է իրեն այդ պաշտոնում փոխարինելու համար առավել համապատասխան թեկնածու։

«Ռուբեն Ռուբինյանը ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել։ Ես հաջողություն եմ մաղթում իրեն։ Նա իմ ընկերն է, և ես նրան  շարունակում եմ համարել իմ ընկերը։ Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ։ Մաղթում եմ, որ նա լինի Ազգային ժողովի երկրորդ նախագահը, որը իր ժամկետը մինչև վերջ կպաշտոնավարի»։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ որևէ քայլի համար չի ափսոսում և պաշտոնավարումն ավարտում է, այսպես ասնեք, պարզ ճակատով։ Պաշտոնից հեռանալը որպես պատիժ չի դիտարկում,  քանի որ պարտականությունները պատշաճ է կատարել։

Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում վերջին ճեպազրույցից առաջ Ալեն Սոմինյանը, ի դեպ,  շրջել էր ԱԺ շենքով ու հրաժեշտ տվել աշխատակիցներին։

«Եկել եմ շնորհակալությու հայտնել կատարած աշխատանքի համար»։

«Շնորհակալ ենք շատ, ձեզ բարի ճանապարհ»։

«Շնորհակալ եմ, լավ եղե՛ք»։

Իսկ հարցին, թե ինչին է կարոտելու Ազգային ժողովում, Ալեն Սիմոնյանն  այսպես է արձագանքում։

«Ամեն ինչին էլ կարոտելու եմ։ Կարոտելու եմ սրճարանին, ձեր հետ ճեպազրույցներին՝ դաժան և հետաքրքիր, որոնք շատ դիտելիություն էին ապահովում»։

Սիմոնյանն ասում է՝ կկարոտի նաև պատգամավորներին, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հետ ունի լավ հիշողություններ։

Կարդացեք նաև

Back to top button