
Հայաստանի ազգային գեոպորտալը տարածական տվյալների հրապարակման սովորական հարթակից կվերածվի գործնական թվային գործիքի: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում, որը հստակեցնում և առավել թափանցիկ է դարձնում անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նոր որոշման շնորհիվ հարթակը կծառայի որպես նախնական կողմնորոշման, տարածքի իրավական ռեժիմի տեսանելիության և միջգերատեսչական տվյալների համադրման միասնական միջավայր: Այն թույլ կտա պետական մարմիններին և քաղաքացիներին որոշումների կայացման նախնական փուլում ունենալ ամբողջական տեղեկատվություն:
Մասնավորապես՝ նախատեսվում է ներառել տեղեկություններ տվյալ տարածքում կամ օբյեկտի նկատմամբ թույլատրելի օգտագործման կամ գործունեության տեսակների, սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակների, կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքերի, օգտագործման իրավունքի հնարավոր ձևերի, բնապահպանական պարտավորությունների, վերականգնման կամ անտառվերականգնման պահանջների, բնության հատուկ պահպանվող կամ այլ հատուկ ռեժիմ ունեցող տարածքների հետ համընկնման, կառավարումն իրականացնող մարմնի, համապատասխան էլեկտրոնային հղումների, ինչպես նաև տվյալների մուտքագրման և հեռացման կամ փոփոխման ամսաթվերի վերաբերյալ։
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասով որոշմամբ սահմանվում է իրավական ռեժիմի ընթեռնելիության միասնական նվազագույն ստանդարտ։
Որոշմամբ չի փոխում անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման գործող իրավական ռեժիմների բովանդակությունը։ Այն ուղղված է այդ ռեժիմների վերաբերյալ տվյալների առավել ամբողջական, հստակ և գործնականում կիրառելի տարածական արտացոլմանը։
Ըստ այդմ՝ կատարելագործվում է տվյալների կառուցվածքը, բարձրացվում է դրանց թափանցիկությունը և ընդլայնվում է ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը։ Արդյունքում՝ կձևավորվի ավելի հստակ, թափանցիկ և գործնականում կիրառելի տեղեկատվական միջավայր անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ։
Ազգային գեոպորտալից օգտվող անձը կկարողանա նախապես տեսնել տվյալ տարածքի, օբյեկտի կամ գոտու իրավական ռեժիմի հիմնական տարրերը, մասնավորապես՝ ինչ գործունեություն է թույլատրելի, ինչն է սահմանափակված կամ արգելված, որն է կիրառվող իրավական կամ անտառաշինական հիմքը, որ մարմինն է պատասխանատու տվյալ տարածքի կառավարման, պահպանության կամ վարման համար, ինչպես նաև տվյալների մուտքագրման և դրանց հեռացման կամ փոփոխման ամսաթվերը։




