Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

ՍԴ-ն անցել է որոշում կայացնելու փուլին

ՍԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության 6-րդ օրը կողմերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Ապա  դատարանը հեռացել է  խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնել է, որ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա վերջ: Իսկ դատաքննության վերջին օրը կողմերը փորձել են յուրաքանչյուրին հատկացված 25 րոպեի ընթացքում ամփոփիչ ներկայացնել գործի էությունը և ձևակերպել սպասելիքը։ Նրանք անդրադարձել են նաև հարցին, թե ինչ ցույց տվեց ՍԴ-ում 6 օր տևած քննության ընթացքը։   

Եթե ոչ նոր ընտրություններ, ապա՝ հինգ պատգամավորական մանդատ է ՍԴ-ից պահանջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ մանդատների բաշխման կարգ սահմանելու պահանջով։ Այդ դեպքում խորհրդարան անցած մյուս ուժերի՝ ԿԸՀ-ի կողմից արդեն հրապարակված մանդատների թիվը կնվազի։ Ձայների վերահաշվարկի, երկու տեղամասում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով 153 ձայնի տարբերությամբ խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժի ներկայացուցիչները բարձր դատարանում պնդել են, որ ԲՀԿ-ին խորհրդարանից «դուրս են թողել» միտումնավոր, և որ 58 500 ընտրողի ձայնը խորհրդարանում պետք է լսելի լինի։ Սահմանադրական դատարանում ԲՀԿ ներկայացնող Արամ Օրբելյանի համոզմամբ՝ 5 մանդատով խորհրդարանում շատ բան կարելի է անել։

 «Միլիոն հարց կա, որ պատգամավորները ներկայացնում են իրենց ընտրողներին։ Մենք միշտ կենտրոնանում ենք, ասենք` Սահմանադրությունը կփոխե՞ն, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր հարց է, բայց մեր ամենօրյա կյանքի վրա ավելի քիչ ազդեցություն է ունենում, առնվազն կարճաժամկետ։ Երկարաժամկետ, ակնհայտ է, որ ունենում է, տեսնում ենք։ Կարճաժամկետ ավելի մեծ ազդեցություն է ունենում մնացած բոլոր հարցերի բարձրաձայնումը։ Պատգամավորները նաև ունեն հարցապնդումների, հարցուպատասխանի մասնակցելու, խնդիր բարձրաձայնելու հնարավորություն։ Այսինքն` փոքրամասնության ֆրակցիա լինելով՝ նույնպես իշխանության մասնակից ես դառնում, իշխանության լայն իմաստով, ժողովրդի իշխանության իրացման ձև է»։

Անցողիկ  շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու միավորները՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը, պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բարձր դատարանի դահլիճում եզրափակիչ ելույթից առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել էր «անհեռանկար հայցերի մասին» իշխանության պնդումներին։  

«Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն։ Պատասխանը շատ հստակ է, որովհետև այն ռեսուրսը ընտրախախտումների, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու»։

Դատավարության անցած հինգ օրերի ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ը նշել է ընտրախախտումների դեպքեր՝ դրանք  պայմանականորեն բաժանելով  մի քանի փուլերի։ Այս ուժի ներկայացուցիչները  նշել են, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է համակարգային, շեշտել են լիազոր մարմնի՝ ԿԸՀ-ի անգործությունը և անկախության դեֆիցիտը, հիշեցրել նաև, որ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ի հիմնադիր անդամ է եղել։ Փաստաբան Վարդևանյանի աշխատանքից ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը տպավորված է և բարձր դատարանից սպասելիքներ ունի։  

 «Միգուցե Սահմանադրական դատարանը ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետը։ Վարդևանյանը մի քիչ որ գազ տա, այդպես էլ կլինի։ Մեր հաջորդ քայլը սահմանադրականից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին։ Քայլ-քայլ եկեք ասեմ, դրանից հետո կլինի հաջորդ քայլը։ Գաղտնի պլանը չեմ բարձրաձայնում։ Ես չեմ հանդիպել Քոչարյանի հետ»։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը եզրափակիչ ելույթում ամփոփեց, թե ինչին շարքային ընտրողն ականատես եղավ դատավարության 6 օրվա ընթացքում․

«Այսպիսին է ընտրողը նա տեսնում է, նա լսում է, նա մտածում է, նա հաշվում է, նա զգում է, և նա տեսավ այս ընթացքում, որ պետական ապարատը ծառայեց մեկ քաղաքական ուժի, պետական միջոցները դարձան կուսակցական ռեսուրս, վերահսկող մարմինները չաշխատեցին, քրեական, վարչական մեխանիզմները չգործեցին կամ գործեցին ի չարս ընտրական պրոցեսների և հավասարության։ Դատարանում պատասխան չտրվեց ամենակարևոր հարցերին, և ընտրողը տեսավ, որ նույնիսկ այս դատավարության ընթացքում բարձր դատարանի դատավորների կողմից չհնչեց գեթ մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին»։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հորդորեց նաև ՍԴ անդամներին որոշում կայացնելիս առաջնորդվել դրա պատմական նշանակությամբ։

«Այս դահլիճում ներկայացրած փաստերը և ապացույցները չեն հերքվել։ Դրանց վերաբերյալ ներկայացվել է բացատրություն կամ պարզաբանում, որը չի փոխում կամ վերացնում փաստի գոյությունը։ Նախորդ հինգ օրերի ընթացքում ներկայացված փաստերն ու ապացույցները վկայում են մեկ բանի մասին 2026 թվականի հունիսի 7–ի ԱԺ ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում։ Ձեր կայացրած որոշումը կարևոր է ՀՀ ամբողջ ժողովրդավարական զարգացման համար։ Այդ որոշումն է, որ կա՛մ վերջ կդնի չփարատված կասկածներին, կա՛մ է՛լ ավելի կխորացնի հասարակության մեջ բևեռացումը։ Կայացրեք այդ որոշումը իսկապես, հանուն Հայաստանի Հանրապետության»։

ԿԸՀ–ին ուղղված մեղադրանքներին եզրափակիչ ելույթում անդրադառնալով՝ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբտյանն ընգծեց․

«Մենք այստեղ կարող ենք խոսել շատ բաների մասին, որոնք լատենտ են, որովհետև շատ խոսվեց լատենտությունից, բայց Կենտրոնական ընտրական հանձաժողովի արձանագրած թվերը լատենտ չեն, դրանք կոնստանտ են։ Պատկերացնում եք, կարծում եմ, թե ինչ հնարավոր կիբերհարձակումների տակ է եղել ԿԸՀ ամբողջ համակարգը քվեարկության օրը, քվեարկության գիշերը, և ոչ մի վնաս այդ համակարգին հնարավոր չի եղել տալ։ Եղե՞լ են մուտքագրման սխալներ, իհարկե, եղել են»։

ԿԸՀ քարտուղարը դա բացատրում է ծանրաբեռնված աշխատանքով ու հոգնածությամբ, բայց միտում, պնդում է, որ չի եղել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարծում է, որ ընդդիմադիրներին ՍԴ–ում չի հաջողվել ապացուցել ներկայացված մեղադրանքները։

 «Դիմողներն անընդհատ կրկնում էին, «մենք հիմնավորեցինք», «մենք ապացուցեցինք», «մենք ներկայացրինք փաստեր»։ Սույն գործի քննության ընթացքում դատարանին չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումատուների մատնանշած խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել այն ծավալով և բնույթով, ինչպես ներկայացվում են և կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլև դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Դիմողներին սա չի հաջողվել անել։ Ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա»։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դատավարության վերջին օրը շարունակում է  պահանջել փաստեր։

«Բոլորը տեսագրված է, մեր կյանքն է, ըստ էության, նույնիսկ օնլայն ռեժիմում։ 2005 տեղամասում ընտրություններ անցկացվել են, ամեն ինչ կա։ Կարելի՞ է գալ, կանգնել Սահմանադրական դատարանում և ասել՝ մասսայական կեղծիքներ։ Լավ, 10 չէ, գոնե 5 փաստ։ Այսպես կարելի է ասել, ասել, բայց որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ»։

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ։

Եզրափակիչ ելույթներից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։

Back to top button